|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանը 7-րդ վերլուծություն-դիտարկումն է կատարել՝ անդրադառնալով գործազրկությանը ցուցանիշին:
«Աշխատաշուկայի թվերը չեն բացում իրական պատկերը (գործազրկությունը «նվազու՞մ է», թե՞ պարզապես դուրս է գալիս վիճակագրությունից).
2025թ․ հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածի տվյալները ևս բացահայտում են այն մտահոգիչ իրողությունը, որի մասին ամիսներ շարունակ նախազգուշացնում ենք․ աշխատաշուկան թվերով կարող է ներկայացվել իբրև բարելավված, բայց այն իր բովանդակությամբ՝ շարունակում է թուլանալ։
Պաշտոնական ցուցանիշներով գործազրկությունը նվազում է, սակայն այդ նվազումը չի բխում աշխատատեղերի ավելացումից, այլ՝ մարդկանց աշխատաշուկայից դուրս գալուց։
1. Մասնակցությունն անկում է ապրում, քանի որ մարդիկ պարզապես դադարում են որոնել աշխատանք
Աշխատուժի մասնակցության մակարդակը կտրուկ նվազել է՝ 60․4% → 58․3%։ Սա պարզաբանում է պաշտոնական գործազրկության «նվազման» մեծ մասը։ Շատ մեր հայրենակիցներ դադարել են աշխատանք փնտրել և դուրս են մնացել հաշվառումից։
Այս մարդիկ այլևս չեն համարվում «գործազուրկ», սակայն նրանց սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել։ Թվերն են նվազել, ոչ թե խնդիրները։
2. Աշխատուժի թերօգտագործումը չափազանց բարձր է
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով աշխատուժի 18․6%-ը, այսինքն՝ յուրաքանչյուր հինգերորդ աշխատանքային ռեսուրս, չի ներգրավվում տնտեսության մեջ, 53․3%-ը՝ երկարատև գործազրկության մեջ է (յուրաքանչյուր երկրորդ գործազուրկ ամիսներով չի գտնում աշխատանք), իսկ 1․4%-ը՝ գտնվում է թերզբաղվածության մեջ։
Սա պարզապես սոցիալական ցուցանիշ չէ․ սա արտադրողականության կորուստ է, որը նվազեցնում է երկրի տնտեսական ներուժը։
3. «Գործազրկության նվազման» հիմնական պատճառը հաշվառումից դուրս գալն է
2025թ․ հոկտեմբերին 1257 մարդ գրանցվել է որպես աշխատանք փնտրող, իսկ 1585 մարդ դուրս է եկել հաշվառումից։ Արդյունքը՝ –328 «մաքրող» ցուցանիշ։ Այսինքն՝ գործազրկության թղթային նվազումը չի արտացոլում աշխատատեղերի աճ, այլ՝ մարդկանց հեռացում պետական համապատասխան գրանցամատյաններից։
4. Տնտեսությունը գրեթե նոր աշխատատեղ չի ձևավորում
Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին ստեղծվել է ընդամենը 14 նոր աշխատատեղ։ Այո՝ 14 (ոչ թե 1400)։
Աշխատանքի շուկայում հայտարարագրված 3540 թափուր տեղերից միայն 936-ն են նոր, մնացածը՝ կրկնվող կամ շրջանառվող են։ Սա վկայում է այն մասին, որ տնտեսությունը չի ընդարձակվում, այլ շարունակ պտտվում է նույն շրջանակում։
Միաժամանակ՝ նոր աշխատատեղերի գերակշիռ մասը ձևավորվում է առևտրի, հանրային սննդի, ծառայությունների և պետական կառավարման ոլորտներում, մինչդեռ արդյունաբերության, տեխնոլոգիական արտադրության և բարձր արժեք ավելացնող ոլորտները չեն ընդլայնվում։
5. Պաշտոնապես գործ ունեցող մարդկանց թվի աճը իրական աճ չի նշանակում
2025թ․ հոկտեմբերին հաշվառված աշխատողների թիվը կազմել է 806488։ Թվով՝ աճ։ Բայց աճը հիմնականում ապահովվում է պետական և «կիսապետական» համակարգի, հասարակական կազմակերպությունների և ոչ արտադրական բնույթի ծառայությունների ոլորտի հաշվին։
Իսկ բարձր տեխնոլոգիական կամ արդյունաբերական ոլորտներում՝ աշխատատեղերի թիվը չի ավելանում։
Եզրակացություն
Աշխատաշուկան այսօր չի արձագանքում «աճող տնտեսությանը», որովհետև այդ աճը չի ստեղծում նոր արժեք և նոր աշխատատեղեր։
Երբ աշխատուժի մասնակցությունը նվազում է, երբ հնարավոր ռեսուրսի մեկ հինգերորդը չի օգտագործվում, երբ նոր աշխատատեղերը հաշվվում են տասնյակներով, ոչ թե հազարներով, ապա գործազրկության նվազման մասին խոսելն ուղղակի վիճակագրական պատրանք է։
Կարո՞ղ է երկիր զարգանալ, երբ իր աշխատուժի զգալի մասը դուրս է մղված տնտեսությունից, իսկ իրական աշխատատեղեր գրեթ չեն ստեղծվում»,- գրել է նա։