կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 16:30
Մշակույթ

«Երկիր հայրենի» ներկայացումով տրվեց Վանաձորի դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը

«Երկիր հայրենի» ներկայացումով տրվեց Վանաձորի դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը

2021 թ. սեպտեմբերի 22-ին Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացումով տրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը:

Թատրոնի գեղարվեստական խորհրդում պիեսի քննարկման ժամանակ գեղխորհրդի բոլոր անդամները միաձայն հավանություն էին տվել գեղարվեստական այս գործի բեմադրությանը, քանի որ սա գեղարվեստական պայմանականությունների միջոցով առերեսվում է թե՛ Բագրատունյաց ժամանակաշրջանի Հայաստանին, թե՛ ներկային և թե՛ վաղվա օրվան: Երկիր հայրենիի փրկության հարցը դրված է բոլոր ժամանակների հայկական իրականության զոհասեղանին, և երկրի տերերը պետք է կարողանան ժամանակի և իրադարձությունների հորձանուտում կողմնորոշվել ու ապրել այնպես, որ տուժողը երկիր հայրենին չդառնա, որովհետև «հող ծանդր բան է» (ռամիկ Զենոն ):

Սա շարունակվող պայքար է՝ հանուն հայրենիքի, սա դիմհար կանգնելու առաքելություն է՝ հանուն սերունդների վաղվա խաղաղ լուսաբացների:

 Ներկայացումը նվիրվել է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին:

Բեմադրության հեղինակը համոզված է, որ այս ներկայացումը երկար է ապրելու: