կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-26 14:42
Հասարակություն

Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը

Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից հայտնում են, որ վախճանվել է Երուսաղեմի հայկական Ս․ Հակոբյանց վանքի միաբանության անդամներից Բարսեղ ծայրագույն վարդապետ Գալեմտերյանը։ Նա 72 տարեկան էր։ Գալեմտերյանը 46 տարի կրոնական ծառայություն է իրականցրել Երուսաղեմի Հայոց վանքում, եղել է Ս․ Հակոբյանց Մայր Տաճարի ավագ լուսարարը։ Վերջին շրջանում հոսպիտալացված է եղել Երուսաղեմի Ֆրանսիական հիվանդանոցում։ 

Կենսագրություն

Տ. Բարսեղ Ծայրագոյն Վարդապետ Գալէմտէրեան 1954 թուականին ծնած էր Սուրիոյ մէջ։ 1965-ին ընդունուած էր Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանը՝ որպէս ուսանող։ Կուսակրօն քահանայ ձեռնադրուած էր երջանկայիշատակ պատրիարք Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեանի կողմէ։ Այս վերջնոյն գաւազանակիրն ալ եղած էր երկու տարի՝ 1978-1980 թուականներուն։ Երուսաղէմի Ժառանգաւորաց եւ Ս. Թարգմանչաց վարժարանէն ներս աշխատած էր որպէս ուսուցիչ։ Տարի մը վարած էր Սուրբ Աթոռի մատակարարի պաշտօնը։ Ս. Յակոբեանց Մայր տաճարի աւագ լուսարարը ըլլալու առընթեր, 1981 թուականէն ի վեր գանձատան յանձնախումբի անդամ էր։ 1991 թուականին երջանկայիշատակ պատրիարք Տ. Թորգոմ Արք. Մանուկեանի կողմէ ստացած էր ծաղկէ փիլոն կրելու իրաւունք։ 1995 թուականի Ազգային-եկեղեցական ժողովին մասնակցած էր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրելու համար։ 2020 թուականին Սուրբ Աթոռի այժմու գահակալին կողմէ ծայրագոյն վարդապետութեան աստիճան շնորհուած էր իրեն։

Տ. Բարսեղ Ծայրագոյն Վարդապետ Գալէմտէրեան զանազան շրջաններ Սուրբ Աթոռի միաբանական ընդհանուր ժողովին կողմէ ընտրուած էր ատենադպիր, ատենապետ, ինչպէս նաեւ պատրիարքութեան տնօրէն ժողովի անդամներէն էր։ Հոգելոյս հայր սուրբը հեղինակած էր երկու գիրք։ «Հայոց Սրբոց Յակոբեանց Մայր տաճարը» եւ «Յիշատակարանք սպասուց Սրբոց Յակոբեանց Մայր տաճարի» խորագիրները կը կրէին այդ աշխատութիւնները