կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-10 16:54
Մշակույթ

Վանաձորի թատրոնի անձնակազմը հույս ունի կոտրվածքներ ստացած դերասանին մինչև տարեվերջ բեմում տեսնել

Վանաձորի թատրոնի անձնակազմը հույս ունի կոտրվածքներ ստացած դերասանին մինչև տարեվերջ բեմում տեսնել

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` ներկայացումներից մեկի ժամանակ, արտակարգ պատահար էր տեղի ունեցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ դերասանը բռնել էր պարաններից մեկից /ըստ սցենարի/, որը պոկվել էր, և դերասանն ընկել էր` ազդրի և կոնքոսկրի կոտրվածքներ ստանալով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնտեսագետ Անահիտ Եգորյանը նշեց, որ դերասանն իրեն արդեն լավ է զգում, այսօր հիվանդանոցից կտեղափոխվի տուն:

 

«Դեռ գիպսի մեջ կմնա որոշ ժամանակ, բայց ինքնազգացողությունը լավ է»,-ասաց նա:

 

Եգորյանը նաեւ տեղեկացրեց, որ դերասանը կազդուրվելուն պես շարունակելու է աշխատանքը թատրոնում. թատրոնի անձնակազմը հույս ունի հենց այս տարի էլ դերասանին կրկին տեսնել բեմում: Ի դեպ, պատահարի հետևանքով ներկայացումները չեն հետաձգվել, դերասանին փոխարինել է մեկ ուրիշը:

 

«Հոկտեմբերի 14, 15, 16-ին էլ թատրոնը մեկնում է հյուրախաղերի` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոն: Այնտեղ կներկայացվեն «Լիր արքա», «Չար ոգի» և «Աշնանային իրիկնամուտ» ներկայացումները: Ի դեպ, մեր` վնասվածք ստացած դերասանը հենց «Լիր արքա» ներկայացման մեջ էր խաղում: Ցավոք, այս անգամ նրան բախտ չվիճակվեց մեկնել հյուրախաղերի: Թատրոնը վերջին անգամ 2005-ին էր հյուրախաղերով հանդես եկել Թբիլիսիում»,- ասաց Եգորյանը: