Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի մասին ամոթալի որոշում է կայացվել:
Ըստ «Ակօս»-ի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մեջլիսում քննարկումների ժամանակ ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին ելույթ ունենալիս Փայլանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Նա 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» է անվանել, ինչը հարուցել է Էրդողանի «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորների զայրույթը:
Նրանք պահանջել են դադարեցնել նիստը, ապա՝ դատապարտել Փայլանի հայտարարությունները: Նրանց հատկապես դուր չի եկել «ցեղասպանություն» բառը և միաձայն որոշել են Փայլանի բոլոր հայտարարությունները չարձանագրել մեջլիսում ելույթների թվում:
Բացի այդ` ընդմիջումից հետո նիստի դահլիճ վերադարձած Էրդողանամետ և ընդդիմադիր պատգամավորները զավեշտալի որոշում են կայացրել, համաձայն որի` Փայլանը, որպես «պատիժ», կզրկվի երեք նիստի մասնակցության իրավունքից:
Ուշագրավն այն է, որ հայ պատգամավորի ելույթից դժգոհ թուրք պատգամավորները փորձել են խանգարել նրա ելույթին՝ դիմելով մեջլիսի փոխնախագահին: Փայլանը, սակայն, շարունակել է իր ելույթը՝ ասելով. «Մի ժամանակ 40 տոկոս էինք կազմում, իսկ հիմա՝ մեկ: Ըստ երևույթին` մեզ հետ ինչ-որ բան է պատահել, որ... Ես դա անվանում եմ ցեղասպանություն, դուք դրան ինչ կուզեք՝ անվանեք: Եկեք դրա անունը միասին որոշենք և շարունակենք մեր ճանապարհը: Ես շատ լավ գիտեմ՝ ինչ է եկել հայ ազգի, պապերիս գլխին»:
Փայլանի մասին ընդունված ամոթալի որոշումից հետո ԺԴԿ անդամները Փայլանի հետ լքել են նիստերի դահլիճը: