կարևոր
1822 դիտում, 8 ժամ առաջ - 2025-06-16 15:47
Քաղաքական

Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում

Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում
Մայիսի 27-28-ը Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կողմից անցկացված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային խորհրդաժողովից հետո, որտեղ ելույթ ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ձայն վերցրեց Բաքուն:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել ԵՀԽ գլխավոր քարտուղար մեծարգո Ջերի Փիլեյին՝ փոխանցելով ադրբեջանական կողմի «մտահոգությունն» այն մասին, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը «հայկական կողմնակալության եւ քրիստոնեական ֆավորիտիզմի ազդեցության տակ միակողմանի հայտարարություններ է անում»: Ըստ Փաշազադեի՝ «ցավոք, հարկ է ընդգծել՝ ԵՀԽ-ի նման միջազգային եկեղեցական կազմակերպության հայտարարությունները, որոնք հիմնված են հայկական խաբեության եւ զրպարտության վրա, պարունակում են ակնհայտ իսլամաֆոբ ենթատեքստ, որը արատավորում է Ձեր ղեկավարած կազմակերպության անունը»:

«Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային Խորհրդին դադարեցնել աջակցությունը հայ եկեղեցու սադրիչ եւ ռեւանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը եւ չարաշահում քրիստոնեական համերաշխությունը ճշմարտությանը չհամապատասխանող եղանակներով», – ասվում է Կովկասի մահմեդականների վարչության նախագահի նամակում:

Առաջին հայացքից Փաշազադեի արձագանքը տեղավորվում է Ադրբեջանի արդեն ավանդական ագրեսիվ քաղաքականության մեջ, որն ուղղված է Արցախում հայկական քրիստոնեական ներկայության հերքմանը: Սակայն դրան նախորդել էր ՀՀ վարչապետի կողմից Գարեգին Բ կաթողիկոսին պատերազմի բացահայտ հայտարարությունը։ Մայիսի 29-ին` Շվեյցարիայի խորհրդաժողովին հաջորդած օրը, նա հայտարարեց․ «մեր բոլոր եկեղեցիները վերածվել են չուլաների` աղբով լցված»։ Այս խոսքերը սուր արձագանք են առաջացրել ընդդիմության եւ հիերարխիայի կողմից, որից հետո սրումը սկսել է միայն աճել։

Հունիսի 9-ին դա իր բլոգում կաթողիկոսին կոչ է արել հրաժարական տալ՝ հայտնելով, որ որոշել է համակարգող խումբ ստեղծել Գարեգին Բ-ին հեռացնելու համար։ Բացի այդ, վարչապետն առաջարկել է փոխել Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության կարգը եւ դրանում ամրագրել «Հայաստանի Հանրապետության վճռորոշ դերը»: Հայ քաղաքագետ Էդգար Էլբակյանը կարծում է՝ կառավարության ղեկավարը կարող է գնալ «մրցակցող կաթողիկոսարանի» ստեղծմանը, որտեղ կարգալույծ եղած հոգեւորականները կարող են օգտագործվել զուգահեռ հոգեւոր առաջնորդություն ստեղծելու համար, ինչպես նաեւ վանքերից որեւէ մեկում այլընտրանքային նստավայրի բացմանը:

Արեւմտյան պարբերականներից մեկը նշում է՝ Փաշինյանի գործողությունները շատերի կողմից մեկնաբանվում են որպես վերջին տարիների հասարակական-քաղաքական գործընթացներում Եկեղեցու ակտիվ ներգրավվածության պատասխան: Հայ Առաքելական եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգեւորականներ բացահայտորեն արտահայտել են քաղաքական դիրքորոշում` երբեմն աջակցելով ընդդիմադիր շարժումներին եւ նույնիսկ հանդես գալով վարչապետի հրաժարականի պահանջներով: Իշխանությունը «դա գնահատում է որպես ուղղակի միջամտություն պետական գործերին մի ճամբարի կողմից` առավելապես ընդդիմադիր ճամբարի կողմից»։

Բայց Փաշինյանի համար այսօր խնդիր է դառնում այն, որ իր եւ Կաթողիկոսի կոնֆլիկտը ներքին գործից վերաճում է նաեւ Սփյուռքի հետ կոնֆլիկտի։ Հայկական քրիստոնեությունը ապակենտրոնացված է եւ լայնորեն ներկայացված արտերկրում։ Հայ Առաքելական եկեղեցին միավորում է վարչականորեն անկախ երկու կաթողիկոսություններ` Էջմիածինը եւ Կիլիկիան եւ երկու պատրիարքարաններ` Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի: Անմիջապես Հայաստանում է գտնվում միայն Էջմիածնի կաթողիկոսարանը, որը ղեկավարում է Գարեգին Բ-ն։

Մինչ այժմ Ադրբեջանի եւ Արցախի նկատմամբ Փաշինյանի վարած քաղաքականության մերժումը բացահայտորեն կիսում էր հիմնականում Կիլիկիո կաթողիկոսությունը, որը ղեկավարում էր Արամ կաթողիկոսը: Գարեգին Բ-ի դեմ վարչապետի ներկայիս հրապարակային հարձակումները կարող են նաեւ կրոնական երանգ հաղորդել քաղաքական պայքարին, ինչը կառաջացնի սփյուռքի «խաչակրաց արշավանք» վարչապետի դեմ այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Այսպես, հունիսի 11-ին հետեւեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հայտարարությունը, որում Փաշինյանի գործողությունները որակվեցին «ամենալուրջ ոտնձգություններն» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «ստալինյան դարաշրջանից ի վեր»։ CCAF -ն իր լիակատար զորակցությունն է հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին եւ Եկեղեցուն:

Իր հերթին Asbarez պորտալըամերիկահայերի հեղինակավոր պարբերականը, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ կառավարության ղեկավարն ու նրա կողմնակիցները Շվեյցարիայում Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված խորհրդաժողովին աջակցելու փոխարեն «եկեղեցու վրա հրապարակային հարձակումների նոր ալիք են սկսել»: Դա տեղի է ունենում Բաքվի կողմից ճնշման ուժեղացման եւ Կովկասի գերագույն մուֆթիի «հրահրիչ հայտարարությունների» խորապատկերին։ Պարբերականը ընդգծում է՝ «իրադարձությունների հաջորդականությունը` կոնֆերանսը, ներքին հարձակումը եւ հայկական ժառանգության ժխտումը, ենթադրում է ոչ թե զուգադիպություն, այլ կանխամտածված օրինաչափություն»:

Այսպիսով, Սփյուռքի կողմից տրամաբանական շղթա է կառուցվում. Փաշինյանն ու Բաքուն միավորվել են ի շահ «հինավուրց ժողովրդի եւ նրա արժեքների բռնի վերաձեւման», ինչպես նաեւ «թիրախավորել հայկական շարունակականության սյուները»: Արդյո՞ք դա կհանգեցնի այն բանին, որ Սփյուռքն օգտագործի իր լոբբիստական հնարավորությունները եւ կապերը ամերիկացի եւ ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ` Վաշինգտոնում եւ Փարիզում իշխանության միջանցքներում վարչապետին վարկաբեկելու արշավ բացելու համար, առայժմ դժվար է ասել։ Բայց Արեւմուտքում Փաշինյանի գլխավերեւում առաջին ամպրոպային ամպերն արդեն սկսել են խտանալ։

 

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի