կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 07:16
Հասարակություն

Ամերիկայում ուսանածները միավորվում են

Ամերիկայում ուսանածները միավորվում են

«Շատերը գնում են Ամերիկա, սովորում են այնտեղ, հետ են գալիս, բայց ոչ նրանց, ոչ էլ այդ ծրագրի մասին ոչ ոք չի իմանում: Բայց նրանք ինքնանպատակ չեն գնացել այնտեղ»,- ասաց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գեւորգյանը: Ասոցիացիան փորձում է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերի շրջանավարտներին միավորել եւ նրանց գործունեությունը հասարակության համար տեսանելի դարձնել:

 

Գործունեության մեկ տարվա ընթացքում ասոցիացիան կազմակերպել է «Կիսում ենք մեր փորձը» դասախոսությունների շարքը` իրավաբանության, տուրիզմի, հասարակայնության հետ կապերի թեմաներով: Դասախոսությունները վարել են ԱՄՆ կրթական տարբեր ծրագրերի շրջանավարտները, ովքեր ոլորտի գիտակներ են:

 

«Կիսում ենք մեր փորձը» դասախոսությունների շարքը շարունակվելու է: Նախատեսվում է, որ առաջիկայում դրանք վերաբերելու են առողջապահության ոլորտի բարեփոխումներին, նորագույն տեխնոլոգիաների ներառմանը այդ ոլորտում:

 

Ստեղծվել է www.usaaa.am կայքը, որը փոքրածավալ սոցիալական ցանց է: Այստեղ գրանցվում են ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտները, բացվում են նրանց անձնական էջերը, որտեղ գրվում է նրանց հակիրճ կենսագրությունը, աշխատավայրը, կոորդինատները:

 

Կայքում տեղադրվում են նաեւ ոլորտին վերաբերող, ինչպեսեւ ասոցիացիայի գործունեության նորությունները:

 

Ասոցիացիան տրամադրում է նաեւ դրամաշնորհներ անհատներին մինչեւ 3000, իսկ կազմակերպություններին` մինչեւ 5000 դոլարի սահմաններում:

 

Հունվարի 21-ին տեղի է ունենալու Ասոցիացիայի պաշտոնական բացումը եւ կայքի շնորհանդեսը: