Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի Եղիպատրուշ գյուղը գտնվում է Ապարանից 15 կմ հարավ` ջրամբարի հարավարևելյան մասում: Գյուղն ունի հին ու վաղեմի պատմություն, ինչը փաստում են գյուղի ձորակի երկու կողմերում հայտնաբերված՝ Ք.ա. 3-2-րդ հազարամյակներով թվագրվող դամբարանները: Միջնադարում գյուղը Գնթունիների իշխանական տան ոստանն է եղել: Նրանք գյուղում 4-5-րդ դարերում կառուցել են բազիլիկ եկեղեցի, որի հետքերը պահպանվել են մինչ այսօր:
1820-30-ական թթ. գյուղը վերաբնակեցվում է արևմտահայերով, որոնց թվում էր նաև տոհմական հոգևորականներ Համբարձումյանների գերդաստանը: Նրանք իրենց հետ գյուղ են տեղափոխում Ավետարան, որը Նարեկ էին կոչում: Այս սուրբ գրքի հետ են կապվում բազմաթիվ հրաշագործություներ. այն բժշկել է վախեցածների, բազմաթիվ հիվանդների, հոգեկան հիվանդների և այլն:
Ընտանիքը գյուղում ապրել է տարբեր վայրերում, բայց գրքից երբեք չի բաժանվել. այն միշտ դրված է եղել տան սուրբ անկյունում, որը ուխտատեղի է դարձել ոչ միայն Եղիպատրուշի բնակիչների, այլ նաև հարևան գյուղերում ապրողների համար: Գրքի համբավը տարածված է նաև արտասահմանում ապրող մեր հայրենակիցների շրջանում:
Համբարձումյան ընտանիքի մեծ տիկինը` Ռիման, հիշում է մի դեպք, երբ գյուղում 6-7 ամսական մի երեխա առողջական խնդիրներ ուներ, բժիշկներն ախտորոշել էին սպազմոֆիլիա: Ծնողները երեխային բերում են գրքի մոտ, և Համբարձումյան ընտանիքի մեծ տղամարդն Ավետարան է կարդում երեխայի վրա, ինչից հետո երեխան ուշագնաց է լինում, բայց բժշկի մոտ չեն տանում: Դրանից հետո երեխայի վրա ևս մի քանի անգամ կարդում են Ավետարան, ինչից հետո նա լիովին ապաքինվում է:
Եվս մեկ դեպք. Վրաստանի Հանրապետությունում ապրող մի հայ ընտանիք ավտովթարի է ենթարկվում, դեպքից հետո ընտանիքի տղայի մոտ հոգեկան խնդիրներ են առաջանում: Տղան տեսիլք է ունենում Ավետարանի մասին, ինչից հետո ընտանիքը մի քանի անգամ այցելում է Եղիպատրուշի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռ, աղոթում Ավետարանի առաջ, և տղան ամբողջովին ապաքինվում է:
Խորհրդային աթեիստական տարիներին պետանվտանգության կոմիտեի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձել են ընտանիքի անդամներին արգելել կարդալ այս Ավետարանը, անգամ՝ հատուկ նպատակով եկել են գիրքը տանելու, բայց ոչ մի դեպքում չեն համարձակվել մտնել մատուռի տարածք և վերցնել գիրքը, քանի որ բազմիցս լսած են եղել գիրքը վնասել փորձողների գլխին եկած փորձանքների մասին:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի` Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ