կարևոր
607 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-16 10:51
Հասարակություն

Կիլիկիայում հայերի կոտորածն ինչպե՞ս դարձավ «թուրքական փոփի» նյութ

Կիլիկիայում հայերի կոտորածն ինչպե՞ս դարձավ «թուրքական փոփի» նյութ

Սաիդ Չեթինօղլու

Թուրք փոփ երգչի ձեռքում ինչի՞ է վերածվել «Ադանայի ողբը»՝ 1909 թ․ Ադանայի հայերի կոտորածից հետո զոհվածների հիշատակի համար հայ ժողովրդի ապրած ցավի ճիչը։

1909 թ․ շրջադարձային էր երիտթուրքերի համար։ Մարտի 31-ի իրադարձություններով երիտթուրքերը եզակի հնարավորություն ունեցան բացահայտելու իրենց իրական օրակարգը։ Այս իրադարձություններով նրանք ոչ միայն հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց բռնապետությունը, այլև Կիլիկիայում կոտորածի փորձեր անելու։ Կիլիկիայի կոտորածի ժամանակ (ինչպես նաև 1894–96 թթ․ կոտորածների ժամանակ) մեծ տերությունները մնացին դիտորդների դերում, և բանակը «կատարելապես» օգտագործվեց այդ նպատակի համար։ Այս կոտորածը 1915 թ․ ողբերգությունից առաջ կատարված արտառոց փորձ է։ Վահագն Ն. Դադրյանը «Հայոց ցեղասպանության պատմությունը. էթնիկ հակամարտություն Բալկաններից մինչև Անատոլիա և Կովկաս» վերնագրով իր կարևոր աշխատության 1-ին հատորի մեջ Կիլիկիայի իրադարձությունները նկարագրում է որպես «ցեղասպանության փորձի համար իրականացված գործողություններ»․ «Երիտթուրքերի սահմանադրական հեղափոխության խաբուսիկ բնույթը հստակորեն բացահայտվեց 1909 թ․ ապրիլի 14-ից մինչև 27-ը երկփուլ կոտորածի սկսվելով, որին զոհ գնացին մոտ 25,000 հայեր»։ Ի տարբերություն Օսմանյան մայրաքաղաքում հակահեղափոխություն փորձող ամբոխի, Ադանայի հայերը հայտնի էին որպես միութենականների սահմանադրական ազատության սկզբունքների բացահայտ և անգամ կրքոտ պաշտպաններ։ Նրանք էքստազի մեջ տոնում էին իրենց նորահայտ ազատությունները, մինչև այն աստիճանի, որ գրգռում էին բազմաթիվ զայրացած թուրքերի, որոնցից մի քանիսը Աբդուլ Համիդի հավատարիմ կողմնակիցներ էին և թշնամանք ունեին երիտթուրքական իշխանության նկատմամբ, և որոնցից մի քանիսը հին ռեժիմի բյուրոկրատներ էին ու անհանգստանում էին իրենց տեղերը կորցնելու համար, իսկ շատերը չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հին «անհավատ» հպատակները հավասար կլինեն իրենց։

Բացի այդ, Ադանան և նրա շրջակայքը այն հազվագյուտ վայրերից էին, որոնք խուսափեցին 1894–96 թթ․ համիդյան կոտորածներից և ավերածություններից։ Այս փաստը, զուգորդված քաղաքի բնիկ հայ բնակչության համեմատաբար հարուստ լինելու իրողության հետ, նրանց դարձնում էր հարմար թիրախ՝ հնարավորության դեպքում ոչնչացվելու համար… 1909 թ․ կոտորածը երկու փուլ ուներ։ Առաջինը, կարծես թե, քիչ թե շատ անհաջող էր ագրեսոր ուժերի համար։ Կանխատեսելով հարձակման հնարավորությունը, մի քանի հարյուր հայ երիտասարդներ զենք էին ճարել և մշակել ինքնապաշտպանության ռազմավարություն։ Ի վերջո, նրանք ոչ միայն հետ մղեցին հարձակումները և պաշտպանեցին Ադանա քաղաքի հայկական թաղամասերում ապրող բազմաթիվ հայերի, այլև այդ ընթացքում մեծ կորուստներ պատճառեցին հարձակվող ուժերին։ Սա ցույց է տվել, որ կազմակերպված ինքնապաշտպանության միջոցով հնարավոր է կանխել կամ մեղմացնել անողոք թշնամիների կողմից ոչնչացումը։

Այնուամենայնիվ, նման նախաձեռնությունների հաջողության հնարավորությունները սահմանափակ են։ Երբ զինված դիմադրության ռեսուրսները սպառվեցին, և նրանք մնացին առանց ուժերի, հայերը ստիպված եղան ընդունել հրադադարը՝ Մերսինի բրիտանական հյուպատոսի միջնորդությամբ, և համաձայնեցին զինաթափվել։ Մինչդեռ տարածաշրջան էին ժամանել թուրքական բանակի նոր ջոկատներ՝ ենթադրաբար «խաղաղություն և անդորր» վերականգնելու համար։ Հետևեց արյունահեղություն, և տեղի ունեցավ մարդկության պատմության ամենասարսափելի և անողոք կոտորածներից մեկը։ Դժոխային աղետի առաջին փուլում կրած կորուստների մեծությունից զայրացած՝ թուրքերը, նոր ժամանած ռազմական ջոկատների անմիջական աջակցությամբ, հարձակվեցին լիովին զինաթափված և անպաշտպան հայերի վրա՝ կոտորելով և կենդանի այրելով նրանցից հազարավորներին։ Այս նպատակների համար հատուկ ընտրված վայրերն էին դպրոցները, հիվանդանոցները և եկեղեցիները։

Ադանայի կոտորածի քսանհինգ հազար հայ զոհերի ճնշող մեծամասնությունը իրականում սպանվել է զանգվածային կոտորածի այս երկրորդ փուլում… Զոհված բնակչության ներքին խոցելիությունը համընկավ արտաքին խոցելիության գործոնի հետ։ Ադանայի հետ կապված Մերսին նավահանգստային քաղաքի ափերին ժամանեցին յոթ երկրների, այդ թվում՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների ռազմանավեր։ Սրանք հածանավեր և ֆրեգատներ էին, որոնք տեղափոխում էին գործողությունների պատրաստ մարտական ​​​​ծովային հետևակային ստորաբաժանումներ։ Սակայն, քանի որ զոհերը օսմանյան քաղաքացիներ էին, միջամտության հրամաններ չտրվեցին, որովհետև այս ռազմանավերը գտնվում էին իրենց պաշտպանական պարտականություններից դուրս։ Ակնկալվող և երբեմն տատանվող միջամտությունը չանելը ոչ միայն թեթևացում պարգևեց մեղավորներին, այլև խրախուսեց նրանց շարունակել կոտորածը ավելի մեծ բռնությամբ»։

Ադանայի իրադարձությունները լայն արձագանք ունեցան հայերի մեջ, հրատարակվեցին իրադարձությունների ներքին մեխանիզմները ներկայացնող հրապարակումներ, և պատրաստվեցին բազմաթիվ ուսումնասիրություններ։ Դրանց թվում են Կարապետ Չալյանի «Ադանայի միջադեպի մասին զեկույցը» (Ստամբուլ, 1911) և Արթին Արսլանյանի «Ինչպես բռնադատվեց արդարությունն Ադանայում» (Ստամբուլ, 1909) աշխատությունները։ Նա Կիլիկիայի կոտորածից բարեբախտությամբ փրկվածներից էր։ 1907 թ․ պարգևատրվել է Արդյունաբերության մեդալով՝ Հաչինում տեղակայված Էլբիստանի Ռեդիֆ գումարտակի պատվավոր դեղագործի պաշտոնում ցուցաբերած ակնառու ծառայությունների համար։ 1915 թ․ ապրիլի 24-ին բազմաթիվ հայ պատգամավորներ, գրողներ, արվեստագետներ և մտավորականներ տեղահանվեցին իրենց տներից, ուղարկվեցին նախ Չանքըրը, ապա՝ Հալեպ, և այնուհետև այլևս ոչ մի լուր չստացվեց նրանցից․ (Դերսաադեթից [մայրաքաղաք] (Կոստանդնուպոլսի անվանումներից մեկը-Ակունքի խմբՉանքըրը աքսորված դեղագործ Հակոբ Թերզիյանի աքսորավայրը Հալեպ տեղափոխելու խնդրանքը թվագրվում է 24/N /1333 (հիջրայի)): Կարևոր է նաև «Կիլիկիայի ողբերգությունը» (Ստամբուլ 1912) գիրքը, որը արժանացել է «Իզմիրյանց» մրցանակի, սակայն բռնագրավվել է «Միություն և առաջադիմություն» կառավարության կողմից։ Հիմնական ուսումնասիրություններից են Մուշեղ եպիսկոպոսի «Հարված հայերին» (Բոստոն, 1916), Սուրեն Պարթևյանի «Կիլիկիայի հեղաշրջումը» (Ստամբուլ, 1910), Արշակուհի Թեոդիկի «Մեկ ամիս Կիլիկիայում» (Ստամբուլ, 1909) և Զաբել Եսայանի «Ավերակների մեջ» (Ստամբուլ, 1911)․ նա 1915 թ․ ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների շարքում միակ կինն էր և հրաշքով փրկվեց կոտորածից։ Ադանայի աղետը լուսաբանվեց նաև գրականությամբ, պոեզիայով և ողբերգերով։ Դրանցից մեկը Սմբատ Բյուրատի «Ադանայի կոտորածի ողբը», որը հայ ժողովրդի մեջ հայտնի է որպես Ադանայի ողբ։

Բնօրինակ հայկական ողբի թուրքերեն թարգմանությունը.

ԱԴԱՆԱՅԻ ՋԱՐԴԸ

Կոտորածն անգութ, հայերը թող լան,

Անապատ դարձավ շքեղ Ատանան:

Կրակը, սուրը ու անխիղճ թալան,

Ռուբենյաց տունը, ա՜խ, ըրավ վերան:


Ալ մի’ տար լույսդ, պայծառ արեգակ,

Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ,

Անցավ մեր երկրեն հարավի խորշակ,

Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ համակ:


Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր,

Ինկան սուրին տակ խուժանին ահեղ:

Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,

Բյուրավոր հայեր անխնա մեռան:


Պարապ է ավա՜ղ, հարուստ Ատանան,

Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,

Միայն ապրեցավ Հաճընը սիրոյն,

Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն:


Երեք օր գիշեր կրակը մեջեն,

Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն,

Ջնջեցին հայը երկրին երեսեն,

Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն:


Ալ բավ է որքան վատերուն լուծը

Կրեցինք, թողունք մեր լացն ու կոծը,

Օտարին տունը ալ չէ ապահով,

Հայ հողի վրա մեռնինք մենք փառքով:

Ադանայում դաժանորեն սպանված մոտ 30 հազար մարդկանց հիշատակին նվիրված այս ողբը, որը հայ ժողովրդի զգացած ցավի ճիչ է, «Իմ բանականությունը սեր է» վերնագրով սիրային երգի է վերածել Սեդեն Գյուրել անունով փոփ երգչուհին, ով այս երգի երաժշտության համար իր սեփական մտքից բխող խոսքեր է գրել։

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net