կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 11:44
Հասարակություն

Ե՞րբ և ինչպե՞ս Ապրիլի 24-ը դարձավ Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր

Ե՞րբ և ինչպե՞ս Ապրիլի 24-ը դարձավ Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր

1919-ի մարտին, Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ, Պոլսի մեջ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի առնչությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր։ Հանձնաժողովը, որ հայտնի էր «Ապրիլի 11-ի Սգահանդէսի Մասնախումբ» անունով, իր մեջ ընդգրկում էր 13 անդամներ։ Հանձնախմբի համառ ջանքերի շնորհիվ էր, որ Պոլսի իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման այս առաջին արարողությունը տեղի է ունեցել 1919 թ. ապրիլի 12-ին (հին տոմարով ապրիլի 12, նոր տոմարով ապրիլի 24), Կ. Պոլսի Բերա թաղամասի Սբ. Երրորդություն եկեղեցում։ Հոգեհանգստի պատարագը մատուցել է Մեսրոպ արք. Նարոյանը (հետագայում Պոլսո պատրիարք՝ խմբ.)։ Կ. Պոլսի հայոց պատրիարք Զավեն Եղիայանը քարոզել է. «Բոլոր նահատակները ցորենի հատիկներ են հողի մեջ ծածկված, պիտի ծլեն, բազում արդյունքներ պիտի ստեղծեն»։

Արևմտահայ լրագրող Հակոբ Տեր-Հակոբյանը «Վերջին լուր» թերթում, անդրադառնալով օրվա խորհրդին, նշում է. «Այսօր, երբ մեր սրտերը կճմլվեն անդարձորեն կորած այնքան թանկագին էակների վշտի պատճառով, այսօր, երբ սգո համեստ ցույցով մեր արցունքը թափեցինք այնքան սիրելի հիշատակների համար, նրանցից բաժանման չորս ահավոր տարիների անջրպետը հանկարծ կկրճատվի, և մենք կողջունենք, կհամբուրենք նրանց այն անբացատրելի գրկախառնումով և սրտազեղումով, որ երբեք չի եղել»։

Սակայն Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշումը ընդունվել է միայն երկու տարի հետո։ Նամակ-առաջարկի հեղինակը նշանավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վրթանես Փափազյանն է։ Նամակը ուղղված էր առաջին հանրապետության ղեկավարությանը։ Ստորև նամակը.

«Չեմ կարծում, որ մոռացված լինեն 1915 թ. ապրիլ 11,12 և 13-ի (նոր տոմարով ապրիլի 24, 25, 26) այն օրերը, երբ Կ. Պոլսի և Հայաստանի մյուս գավառներում, նախապես ծրագրված դիվային մտածողությամբ թուրքական կառավարությունը, որպես հայ ազգի բնաջնջման ազատարար, խմբովի ձերբակալեց հարյուրավոր հայ մտավորականների, բանտից բանտ և աքսորի ճանապարհին տանջեց նրանց, հետո գազանորեն մորթոտել տվեց և անհայտության մատնեց անգամ նրանց գերեզմանները։ 760 նահատակներ, որոնք ընկան մեր ազատության արյունալից ուղիների վրա՝ պատվանդան դառնալով մեր այժմյան փոքրիկ, վտիտ անկախության համար, որ պիտի մեծանա անշուշտ և իր լավ օրերի հիացումով պիտի հիշի իր լավագույն 760 մտավոր ուժերին»։

Դիմելով Հայաստանի խորհրդարանի անդամներին՝ շարունակում է. «Այդ ամենը գիտեմ, որ Հայաստանի խորհրդարանի անդամների հոգում ևս հարուցվում է կսկծալի հույզեր և մորմոք...։ Թույլ տվեք ինձ ուրեմն, հայ ազգի ներկայացուցիչներ, խոնարհաբար անել ձեզ հետևյալ առաջարկները՝ քաջ իմանալով, որ դուք պիտի ըստ ամենայնի քաջալերեք դրանք և առաջադրեք՝ գործադրելու.

«Ապրիլի 12-ի կամ 13-ի (25 կամ 26) օրը հռչակել համազգային սգո օր, կանգ առնել տալ ամեն հաստատության՝ իր գործունեությամբ, փակել բոլոր խանութները և կազմակերպել ամեն տեղ, մանավանդ կրթական հաստատություններում՝ սգահանդեսներ, ուր մատաղ սերունդը լսի և իմանա, թե ինչպիսի զոհերի գնով է, որ վայելում է այժմյան իր ազատությունը և ովքեր են այն նահատակները, որոնք իրենց վարդագույն արյունով պսակեցին մեր անկախությունը։

«Օրինագիծ մտցնել Պառլամենտում՝ ամեն տարի որոշ օր տոնել մեր այդ նահատակների հիշատակը և առաջարկել Վեհափառ Կաթողիկոսին, որ այս տարի հայ բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարվեն, իսկ տոնացույցում՝ ապրիլի 12-ի (25) օրը նշանակվի իբր մշտական սգո օր՝ «Հարյուրավոր հայ մտավորականների հիշատակին, որոնք ընկան համաշխարհային պատերազմի օրերին՝ թուրքական վայրագ սրից»։ Խորհրդարանի կողմից որոշվում է ապրիլի 24-ը։

«1921 թ. Ամենայն Հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Պոլսի հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը (24) համազգային սգո օր սահմանելու մասին՝ «Ի յիշատակ բիւրավոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի» և հայտնում է, որ այդ օրն այսուհետ արձանագրված է Էջմիածնի օրացույցում, որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև պատրիարքարանի օրացույցում։

Ապրիլի 23-ին պատրիարքական հատուկ շրջաբերականով պոլսահայ բոլոր խմբագրատներին հաղորդվում է. «Այլևս Պոլսի մտավորականության կամ տարբեր անուններով օրեր սահմանելու փոխարեն մեկ օր է միայն սահմանվում  որպես սգո օր՝ պատերազմի ու տարագրության շրջանի նահատակների համար, և Ս. Կաթողիկոսի կարգադրությամբ այդ օրը բոլոր հայերի կողմից միևնույն օրը կնշվի»։

Մանուկ Մանուկյան

«Հորիզոն», Ապրիլ, 2014, Հայոց ցեղասպանության 99֊ամյակի բացառիկ