կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 17:23
Հասարակություն

SRK Consulting-ը հանքերի փակման և տնտեսական վերականգնման հետազոտություն է իրականացնում Հայաստանում

SRK Consulting-ը հանքերի փակման և տնտեսական վերականգնման հետազոտություն է իրականացնում Հայաստանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 25-ին ընդունել է SRK Consulting  ընկերության հանքերի փակման, շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի գծով փորձագետներին՝ ծրագրի տնօրեն և համակարգող Ջեֆ Փարշլիի  ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

SRK  Consulting  ընկերությունը հանքերի փակման և տնտեսական վերականգնման հետազոտություն  է իրականացնում Հայաստանում, Վրաստանում և Ղրղզստանում՝ նպատակ ունենալով գնահատել դրանց սոցիալական, բնապահպանական, տնտեսական ազդեցությունները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ փոխնախարար Լիլիա Շուշանյանը  ողջունելով հյուրերին՝  կարևորել է նման փորձառու թիմի կողմից այս ուսումնասիրության իրականացումը մի հարցում, որտեղ Հայաստանը ևս համակարգի կատարելագործման կարիք ունի:  

Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում փակման ծրագրերին վերաբերող օրենսդրական դաշտը և անդրադարձել  նորմատիվ-իրավական դաշտի այն կարգավորումներին, որոնց ուսումնասիրությունը խմբի կողմից կարող է օգտակար լինել: Մասնավորապես, շեշտադրվել են հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների փակման ծրագրերի կառուցվածքին, բովանդակության նկատմամբ պահանջների որոշակիացման անհրաժեշտությանը, հանքերի փակումից հետո վերահսկողության գործընթացին և մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Միևնույն ժամանակ Շուշանյանը ընդգծել է փակման պլանի՝ որպես նոր ներդրումային ծրագրի ներկայացման հնարավորությունը ուսումնասիրելու հարցը:

Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են իրենց առաջիկա անելիքները: Նշել են, որ նաև նախատեսվում է Երևանում  անցկացնել աշխատաժողով՝ Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի շահառուների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի հարցի վերաբերյալ խմբի ուսումնասիրությունը:

Փոխնախարար Լիլիա  Շուշանյանը հաջողություն է մաղթել փորձագիտական խմբին իրենց աշխատանքներում և  պատրաստակամություն հայտնել  իր իրավասությունների շրջանակում աջակցել գործընթացին: