Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ նիստի ժամանակ
Սիրելի հաւյրենակիցներ,
Պրն Փաշինյան, Վերջերս կառավարության նիստում հայտարարեցիք, թե դուք և ողջ պետական համակարգը տգետ է, և յոթ տարի մնացել եք նույն դասարանում։ Սա խիզախ խոստովանություն է, բայց ոչ ամբողջը։
Դուք ոչ թե յոթ, այլ 110 տարով եք հետ գնացել․ եթե 1915-ի Ցեղասպանության սև էջն արձանագրվել է Հայոց պետականության բացակայության պայմաններում, ապա Արցախի ցեղասպանությունը տեղի է ունեցել ՀՀ անկախության և հենց ձեր իշխանության օրոք։
Իսկ պետական համակարգն ու ինստիտուտները չեն աշխատում կամ կաթվածահար են ոչ այնքան տգիտության պատճառով, ինչպես պնդում եք, այլ՝ պատասխանատվություն չստանձնելու և պարզապես ձեր կառավարչական քաոսի և հուզական անկայունության զոհը չդառնալու համար։
Վստահ եմ գիտակցում եք, թե սուտ խոստումների և պետական շահերի ուրացման ինչ ժառանգություն եք թողնում, և, ցավոք, շարունակում եք չակերտավոր «ձեռքբերումներ» արձանագրել։
Ըստ Freedom House-ի վերջին զեկույցի Հայաստանը, շարունակում է լինել գործադիրի ձեռքում կենտրոնացած, կիսաազատ երկիր:
Մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ոստիկանական խոշտանգումների, արգելված լուսաձայնային նռնակներ օգտագործելու և անպատիժ մնալու համար Հայաստանը դիրքի նվազում է արձանագրել։
Դուք դա լավ գիտեք, որովհետև անձամբ՝ ըստ ձեր պատկերացումների՝ SMS-ով եք երկիր կառավարում, դատարանները շրջափակելու և դատաիրավական համակարգին ուղիղ հրահանգներ տալիս։
Եվ հիմա կառավարման 7-րդ տարում խոստովանում եք, որ ձեզ չի հաջողվել արդարադատության և արդարության նույնացում ապահովել։
Կարդում եմ ծրագրի կատարողականը և տպավորություն ստանում, թե այլ երկրի մասին է։
Հատուկ երևակայություն և ցինիզմ պետք է ունենալ արտաքին քաղաքականության ռազմավարությունն արդյունավետ գնահատելու կամ՝ 2024 -ը վերջին 20 տարվա ամենախաղաղ տարին համարելու համար։ Այն դեպքում, երբ այդ «խաղաղ» տարում 40 զինծառայողի մահ է արձանագրվել, իսկ թշնամին շարունակում է ՀՀ տարածքների տարածքների սողացող զավթումը։
Միջազգային բազմաթիվ այցերը ներկայացնում եք որպես հաջողված քաղաքականության ցուցիչ։ Իրականում այդ ամենը դիվանագիտական անպտուղ թրաֆիկ է՝ նախաձեռնողականության և բավարար կամքի բացակայությամբ։
Այլապես, միջազգային որևէ կառույցից և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ից համարժեք գնահատական կտրվեր Ադրբեջանի կողմից Արցախի հայկական հետքը ջնջելու, շարունակվող մշակութային վանդալիզմի ու զեղծարարությունների առնչությամբ։
Ո՞ւմ է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-ի /Զինված հակամարտությունների դեպքում/ մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեում ՀՀ լիիրավ անդամի կարգավիճակը կամ /2024 թ․ ստանձնած/ հնագույն քաղաքակրթությունների ֆորումում մեր նախագահությունը, երբ Ադրբեջանն մեզանից գողացած պատմությունն արդեն Վատիկանում է ներկայացնում, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անգամ մշտադիտարկում չի կազմակերպում։
Պրն. Փաշինյան, հումանիզմով ու համագործակցությամբ տոգորված ԱԳՆ-ն ՝ Ադրբեջանին է տրամադրում ականապատ դաշտերի շուրջ հազար տեղեկամատյանն, երբ Բաքվում հայ ռազմագերիներ են խոշտանգվում։
Մինչ Արցախի հարցն այս ամբիոնից փակված եք համարում, ձեր բարեկերթ գործընկերը Արցախում հերթական հայկական գյուղն է ոչնչացնում։
Իբրև դիվանագիտական հաջողություն եք ներկայացնում ակնհայտորեն կապիտուլյացիոն մի նախագիծ, ուր անդրադարձ չկա հայ գերիների ազատման, օկուպացված տարածքներն ազատելու, Արցախահայության վերադարձի իրավունքի մասին:
Սրանք բացթողումներ չեն, այլ Բաքվին միակողմանի զիջումներ, որոնք ամբողջովին ոտնահարում են մեր հավաքական իրավունքներն և հարցականի տակ դնում Հայաստանի անկախությունը: Աքսեոմատիկ ճշմարտություն է. պարտվածի հետ չեն բանակցում, պարտվածին պարտադրում են։
Բանակցային ֆիասկոյին, պատերազմի սպառնալիքին և ձեր վարկանիշի անկմանը զուգահեռ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունն եք քարոզում՝ հայտարարելով, թե ձեր միակ նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունն է։
Կհամաձայնեի այս ձևակերպումին, եթե հենց ձեր իշխանության օրոք ապրած չլինեինք 2-րդ Ցեղասպանությունը:
Ռուբինյան և մյուսներ, խանդավառ մոլուցքով տեղին- անտեղին առաջին հանրապետությունն եք հիշում ու մեղադրում դաշնակցությանը: Հիշեք՜, Դաշնակցությունը 600 ամյա պետականության բացակայությունից, Ցեղասպանության արհավիրքից հետո հայ ժողովրդի մնացորդացից կազմակերպված ազգ է կերտել ու քաոսից պետություն, որի իրավահաջորդը դուք եք: Իսկ անցյալից դասեր են քաղում, ոչ թե՝ ուրանում:
Դուք, նաև հայտարարում եք, թե Հայաստանը երբեք այնքան ինքնիշխան ու անկախ չի եղել, ինչպես հիմա։ Կարծես ձեր կատարյալ երջանկությանը Արցախի կորուստն էր պակասում, հայ ռազմագերիների կեղեքումը, ու Արցախն էլ երբեք հայկական չի եղել։
Հիշեցնեմ, որ միջազգային հանրությունը՝ կոնկրետ Մինսկի խմբի ձևաչափով, Լեռնային Ղարաբաղն ընդունել էր որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Եվ Արցախի ողբերգության առանցքում ձեր սեփական զրո կետն է։
Պրն Փաշինյան, դուք պառակտումի և հակադրելու անուրանալի տաղանդ ունեք։ Հիմա էլ հայ ժողովրդի փոխակերպման, Հայրենիքն ու Պետությունը միմյանց հակադրելու առաքելություն եք ստանձնել։
Պետության ձեր պատկերացումներն ու արժեհամակարգը խարսխում եք նյութի, հարստանալու, լավ ապրելու, խաշլամա ուտելու առաջնային բնազդների վրա։
Գաղափարներ, որոնք ոչ միայն հակագիտական են ու պրիմիտիվորեն՝ սպառողական, այլև ապապետական և հանրային միտքը դեգրադացնող։
Իրական Հայաստանում չի կարող պատմական Հայաստանը չլինել։
Եվ դուք հայ մարդուն պատմական Հայրենիքից զրկելու ո՜չ բարոյական, ոչ էլ՝ քաղաքական իրավունք չունեք։
Իրականում այս ամենը ձեր պարտությունն արդարացնելու պարզունակ նպատակադրում է։
Որպես սեփական ռազմավարական նպատակ եք մատուցում նաև նոր Սահմանադրություն ընդունելու Ադրբեջանի պարտադրանքը։
Հիմա այն երեք միլիոն վարչապետի պիտակավորում եք որպես պետականազուրկ մտածողություն ունեցողի և ձեր զուգընկերուհու հետ հավակնում եք նրանցից պետականակերտ ժողովուրդ կերտել:
Սա ակնհայտորեն նախընտրական քարոզարշավ է՝ վարչական ռեսուրսի՝ ձեր գնահատմամբ՝ տգետների ներգրավվածությամբ։ Ի դեպ, ԵՊՀ-ում նորմալ սովորել-ավարտելու պարագայում կարելի էր ժամանակին ընկալել թե Խորենացու «Ողբը», թե՝ Թումանյանի «Դառնացած ժողովուրդը», թե Վանոյին Մաթևոսյանից զատել։
Եվ, այնուամենայնիվ, ոչ մի հանրային տրանսֆորմացիա չի ջնջի ձեր յոթնամյա իշխանության հետագիծ իրական Հայաստանը՝ Արցախի հայրենազրկումով, 5000 հայ երիտասարդի արյամբ, Արցախահայության ուրացված իրավունքներով, անվտանգային ճգնաժամով, պառակտված հանրությամբ ու նոր պատերազմի սպառնալիքով։
Իսկ դուք երեսունամյա կայացած երկիր ու դե ֆակտո ինքնորոշված Արցախ էիք ժառանգել։
Կառավարության նիստերից մեկում, այդ շենքին անհարիր ենթամշակույթով աղմկում էիք, թե «թող փորձի մեկը թփրտա»։ Իրականում շատերն են թփրտում, որովհետև երկրում ամենաթողություն է, և դրա ցուցիչը հանցագործությունների խայտառակ պատկերն է՝ ընտանեկան և կենցաղային բռնության աճ 168%, ընտանեկան սպանություններ 333%, թմրամիջոցների մաքսանենգություն 111 տոկոս և այլն։
Դուք սիրում եք ավազի վրա տաճարներ կառուցել։ Դրանցից մեկն էլ 5 տարում 300 դպրոցի և 500 մանկապարտեզի միֆն է՝ երեք տարում շահագործման է հանձնված ընդամենը 40 դպրոցով։
Երրորդ տարին անընդմեջ ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը 40%-ի շրջանակում է, իսկ կրթական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում ծրագրերի միջին կատարողականը՝ 33 տոկոս է։ Այս ուսումնական տարին սկսվեց առանց 10 անուն դասագրքերի։
Ակադեմիական քաղաքի արկածախնդրության մասին․
13 մլրդ պետական պարտք կուտակած երկրում ահռելի գումարներ եք ծախսվում քաղաքի կառավարման մոդելի կամ քաղաքաշինական նախագծման աշխատանքների վրա, երբ բուն կրթության կազմակերպման, բուհերի և գիտական հաստատությունների խոշորացման մշակված-հաշվարկված ռազմավարություն գոյություն չունի։
Հայաստանը նահանջ է արձանագրել ձեր համար հաղթաթուղթ դարձրած նաև Կոռուպցիայի ընկալման ցուցանիշում․ Միջազգային կազմակերպությունները բարձրաձայնում են դատական համակարգի կախվածության, կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության, կառավարության ծախսերի անվերահսկելիության, ձեր թիմակիցների կոռուպցիոն սկանդալները կոծկելու, սելեկտիվ արդարադատության, ընդդիմադիրներին նկատմամբ բռնաճնշումերի, և շատ այլնի մասին։
Պրն Փաշինյան, դուք պարտվել եք և՜ դրսում, և՜ ներսում։
Ոստիկանական բռնապետությունը, համատարած ձախողումները, մեղավորներ նշանակելն ու հանրությանը համոզելը, թե՝ պարտությունն ու կապիտուլյացիան են մեր գոյության գրավականը, այլևս չեն աշխատում
Եվ, այնուամենայնիվ, ձեզ չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից․․․