կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-29 16:57
Քաղաքական

Պատեհապաշտներ միշտ էլ կլինեն, որ կանդամակցեն իշխող ուժին. ՀՀԿ-ական

Պատեհապաշտներ միշտ էլ կլինեն, որ կանդամակցեն իշխող ուժին. ՀՀԿ-ական

Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՀԿ համագումարը կուսակցության վարած քաղաքական ծրագրի տրամաբանական շարունակությունն էր, և որ արտառոց որևէ բան համագումարում տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է կուսակցության շարքերը մեկ գիշերում համալրած 7000 մարդկանց որոշմանը, պատգամավորը դա կապեց վարչապետի անձի հետ: «Այդ 7000 հոգին վարչապետի համակիրներն են, նրա թիմի անդամները, ուստի հետևել են նրա օրինակին, դա նորմալ է»,- ասաց նա:

Ըստ Ալեքսանյանի՝ իշխանությունը միշտ էլ ձգողություն ունի: «Պատեհապաշտներ միշտ էլ կլինեն, որ կանդամակցեն իշխող ուժին, և դա զարմանալի չէ»,- ասաց նա: 

Դիտարկմանը՝ նախագահը խոսում էր միայն դրականի մասին, իսկ կոռուպցիայի ու մնացած ամեն ինչի մասին լռեց, Ալեքսանյանն արձագանքեց. «Ես համաձայն չեմ, որ նախագահը կոռուպցիայի ու այլ խնդիրների մասին չի խոսում: Համագումարի շեշտադրումն այն էր, որ ինքնամաքրման պրոցես պետք է սկսվի կուսակցությունում: Նախագահը երբեք չի ասել, որ այսօր կոռուպցիա չկա. բարեփոխումների հիմքը կոռուպցիայի դեմ պայքարն է, դա միշտ էլ ասել է նախագահը»:

Իսկ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով` այդ համագումարով ամրապնդվեց անձի պաշտամունքը: Հանրապետական կուսակցությանը 7000 հոգու անդամակցելն էլ նա բացատրեց նրանով, որ ստիպել են նրանց: «Տարբեր հիմնարկների, մասնավորապես` «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին են ստիպել, որ անդամակցեն: Այդտեղ ոչ մի արտառոց բան չկա: Երբ ՀՀԿ-ն այլևս չի լինի իշխանություն, 7000 հոգի միանգամից դուրս կգա կուսակցությունից»,- ասաց Սիմոնյանը:

Նա անդրադարձավ նաև նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի միավորմանը և միասնաբար հանդես գալու հարցերին:
Ըստ Սիմոնյանի՝ պրոցես կլինի, և կտեսնենք դաշինքներ` իշխանական դաշինք, ընդդիմադիր դաշինք կամ արևմտամետ դաշինք: «Հայաստանում կլինի այնպիսի համակարգ, որը գործում է ԱՄՆ-ում՝ ընդդիմություն, իշխանություն ու ընտրող»,- ասաց նա:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն էլ նշեց, որ ՀՀԿ համագումարից բոլորը մեծ սպասումներ ունեին, բայց դրանք չարդարացան: «Այնպիսի տպավորություն էին ստեղծել, որ մեծ փոփոխություններ կլինեն, սակայն եղավ հերթական համագումարը, և դարակազմիկ փոփոխություններ տեղի չունեցան: Իսկ 7000 նոր անդամների պատմությունն ուղղակի նախընտրական շրջանի հետ է կապված»,- ասաց նա: