Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ» նախկին խմբագիր Կարեն Խանլարին գրում է․
««ՀՀ-ն, Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե չի ուզում շարունակել: Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագարումից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից՝ կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Առանց սեթևեթանքի ուզում եմ վստահ ու աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- հայտարարեց Փաշինյանը (https://tert.am/am/news/2025/03/26/pashinyan-nikol/4226325):
Փաշինյանը նախ պետք է ապացուցի, թե Ղարաբաղյան շարժումն ինչպիսի է օգտագործվել Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եւ սա այն դեպքում երբ տակավին գործում է ՀՀ սահմանադրությունը, որի հիմքը ժողովուրդի կողմից ընդունվել է՝ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, ուր և շեշտվել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի կենսագործումը, նաև Արցախի համար։
Նա պետք է ապացուցի անապացուցելին․․․ Մի պահ պատկերացրեք, թե Արևելյան Գերմանիային օտար տիրապետությունից ազատագրելու շարժումը որևե գերմանացի պետական պատասխանատու դիտարկեր, որպես Դաշնային Գերմանիայի պետականության չկայացման օգտագործված առարկա․․․
Ահա տեսնենք նմանօրինակ հարցին ի՞նչպես է մոտեցել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (Էս․ Պե․ Դե․, հիմնադրված 1863թ․), որը առնվազն երեք անգամ՝ 1966թ․, 1969թ․ և 1972թ․, մինչև Բերլինի պատի փլուզումը, ստանձնել է Դաշնակային Գերմանիայի օրենսդիր և գործադիր իշխանությունները։
«Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ապրում և գործում է ողջ գերմանական ժողովրդի մեջ,- ասվում է 1959թ․ Էս․ Պե․ Դե․ հիմնական ծրագրում,- ձգտում է ապահովել Գերմանիայի միասնությունը երաշխավորված ազատության մեջ:
«Գերմանիայի բաժանումը սպառնում է խաղաղությանը։ Սրա հաղթահարումը կենսական նշանակություն ունի գերմանացի ժողովրդի համար։ Միայն վերամիավորված Գերմանիայում ողջ ժողովուրդը կկարողանա ազատ ինքնորոշման միջոցով ստեղծել պետության և հասարակության բովանդակությունն ու ձևը» («Գոդեսբերգի Ծրագիր», Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնական ծրագիր, ընդունված կուսակցության արտահերթ համագումարում, Բադ Գոդեսբերգ, 1959թ․ նոյեմբերի 13-ից 15):
Ի՛նչքան ուսանելի ուսմունք ու սկզբունք կա վերը նշված տողերում՝ Հայաստանում բուսնած անողնաշար գործիչների մտայնության դեմ․․․ Եթե գերմանացի սոցիալ-դեմոկրատների սկզբունքային սույն կեցվածքը ընդհանրացնենք մեր իրականության համար, ապա կարելի է եզրակացնել հետևյալը․
ա․ որ, Արցախի հիմնահարցի սառեցման պայմաններում, մշտապես սպառնալիքի տակ կը մնա խաղաղության հարցը,
բ․ որ, Արցախի հիմնահարցի արդար լուծումը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար,
գ․ որ, Առանց հայկական Արցախի, կը խախտվի ազատ ինքնորոշման միջոցով Հայաստանի պետության և հասարակության բովանդակության ու ձևի կատարելագործումը։
Մյուս հարցը․ Փաշինյանը կարող էր ասել․ Քպ-ն կամ նույնիսկ իշխանությունները ՀՐԱԺԱՐՎՈՒՄ են կամ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Արցախյան շարժմանը․․․ Բայց ո՞վ է թույլ տվել նրան ՉՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ մասին ճակատագրական կարծիք հայտնել տվյալ շարժման համար։ Մի շարժում, որի ակունքներում չեն եղել ոչ ինքը, ոչ էլ իր թիմակիցների ստվար մասը։ Իհարկե Փաշինյանական այս անմտությանը լավապես անդրադարձել են պետական ու քաղաքական բազմաթիվ գործիչներ։
Իսկ ամենավերջին անմտությունը․ ի՞նչու է Փաշինյանը հանդես գալիս Հայաստանի ԺՈՂՈՎՈՒՐԴԻ անունից, քանի դեռ գործում է ՀՀ սահմանադրությունը, որի հիմքը, ժողովուրդի կամքով, Հայաստանի անկախության հռչակագիրն է, և որը դա թույլ չի տալիս նրան, հետևյալ դրույթով․ «Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին (Ազգային Ժողովին-ԿԽ)»:
Փաշինյանը քանիցս փորձել է գերազանցել իր սահմանադրական լիազորությունները, այս անգամ էլ կրկին Ազգային Ժողովի կթի տակ․․․»։