կարևոր
2581 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-03-19 16:40
Քաղաքական

Անկարային Հարավային Կովկասում անհրաժեշտ է ստատուտ քվո. նա հիմա ինքնառաջադրվել է որպես Եվրոպայի անվտանգային նոր հայեցակարգի մշակման գլխավոր ճարտարապետներից մեկը. Գանտահարյան

Անկարային Հարավային Կովկասում անհրաժեշտ է ստատուտ քվո. նա հիմա ինքնառաջադրվել է որպես Եվրոպայի անվտանգային նոր հայեցակարգի մշակման գլխավոր ճարտարապետներից մեկը. Գանտահարյան

Իսրայելը ոչ մի կերպ հրադադարի համաձայնությունը չի հարգում` ո՛չ Լիբանանի, ո՛չ Գազայի, ո՛չ էլ որոշակի առումով նաև Սիրիայի ուղղությամբ։ Ավելին, մուտք է գործել սիրիական տարածքներ ու իր վերահսկողության տակ է պահում որոշ բարձունքներ։ Մեծ հաշվով նշանակություն չունեն այդ համաձայնությունները, որովհետև Իսրայելը ցանկացած պահի խախտում է դրանք, ցանկացած պահի գործողություններ է իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լիբանանում հրապակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով Եմենի հութիների ուղղությամբ ԱՄՆ-ի հարձակումները, իրականացվում է «իրանյան պրոքսի ռազմակետերի ընդհանուր ջլատման քաղաքականություն, իրանյան հովանավորության տակ գործող դիմադրության ցանցային կառույցի չեզոքացում»։

«Թուրքիայի մասով ասեմ, որ ոչ մի նշանակություն չունեն հակաիսրայելյան հայտարարությունները, որովհետև դա արվում է արաբական աշխարհում իր հեղինակության համար, իբր, հանդես գալիս որպես պաղեստինցի ժողովրդի, պաղեստինյան դատի պաշտպան, բայց իրականում Իսրայել-Թուրքիա բազմաթիվ բազմաոլորտ ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցության դաշինքները՝ թե տնտեսական, թե ռազմական, շարունակվում են»,- նշել է մեր գործընկերն՝ արձանագրելով, որ ոչ մի համաձայնագիր չի չեղարկվել և այդ դիվանագիտական տագնապներն, ըստ էության, ձևական են։ Ավելին, նրա կարծիքով՝ Ադրբեջանն Իսրայելի հետ խորացնում է իր հատկապես ռազմական ոլորտի համագործակցությունը Թուրքիայի համաձայնությամբ, գուցե նաեւ՝ պատվերով։

Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները, հայկական շահի տեսանկյունից դիտարկելու դեպքում, ըստ նրա, պետք է նկատն ունենալ Թուրքիա – Սաուդյան Արաբիա մրցակցությունը, որը դրսևորվեց ամենաշխարհաքաղաքական հրատապ թեմայի առիթով՝ ռուս – ամերիկյան և առավել ևս հետագայում ռուս-ուկրաինական բանակցությունների համար։

«Թուրքիան հատկապես ուզում է լինել Եվրոպայի անվտանգային նոր հայեցակարգի մշակման գլխավոր ճարտարապետներից մեկը, ինքնառաջադրվում է, փորձում է Միացյալ Նահանգներ - Եվրոպա անվտանգային հարցերի շուրջ ստեղծված այս տարաձայնությունների մթնոլորտի մեջ առիթավորվել, դիրքավորվել։ Դրա համար արծարծվում է տեսությունը, որ Հարավային Կովկասը կարող է ստատուս քվոյի գնալ Թուրքիայի համար։Բայց, համենայն դեպս, չպետք է մոռանալ, որ Թուրքիան Երևան- Անկարա հարաբերությունների հաստատումը մինչև վերջ փոխկապակցում է Երևան-Բաքու Խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Այսինքն Երևան -Անկարա երկխոսության իմիտացիան շարունակվելու է մինչև Հայաստան -Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը, իսկ դա, թերևս, տեսանելի չէ»,- նշեց լիբանանահայ մեր գործընկերը՝ ուշադրություն դարձնելով Ադրբեջանի կողմից անվերջ ներկայացվող նոր նախապայմանների վրա, որին ավելացել է նաեւ ապատեղեկատվության տարածումը, որ սահմանին հայկական կողմը խախտել է հրադադարը։

«Բացի ներառված այդ 17 կետերից անվերջ հնչում են նոր նախապայմաններ, որոնք ժամանակ են ենթադրում։Եթե սահմանադրության փոփոխությունը նախապայման է, պարզ է, որ այն արագորեն չի փոխվելու, նաև շատ տարակուսելի է, որ ժողովուրդը կքվեարկի ընդհանուր փոփոխությանը։ Եթե նկատի ունենանք ադրբեջանական նախապայմանները, ապա այդ պայմանագրի կնքումը տեսանելի չէ ու հեռանում է նաեւ Անկարայի հետ հարաբերությունների հաստատումը»,- արձանագրել է Շ.Գանտահարյանը։