կարևոր
1750 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-13 16:48
Քաղաքական

Հարավային Կովկասում հակամարտությունների էջը փակելու համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը․ Արարատ Միրզոյան

Հարավային Կովկասում հակամարտությունների էջը փակելու համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը․ Արարատ Միրզոյան

Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտությունների էջը փակելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բոլոր հարևան երկրների հստակ հանձնառությունը և միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և իմ վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 18-ին Նյու-Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում՝ չհաշված երկու օր առաջ կարճատև զրույցը Բրյուսելում։ Ընդամենը երեք ամիս է անցել այդ հանդիպումից, սակայն տարածաշրջանում տեղի են ունեցել էական զարգացումներ։ Եթե սեպտեմբերին քննարկում էինք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցերը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հարցերը, ապա մեր հանդիպման հաջորդ իսկ օրը տեղի ունեցած իրադարձությունները՝ Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, էապես փոխեց պատկերը տարածաշրջանում։ Այսօր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով գրեթե հայ չի մնացել, և ավելի քան 100 հազար Լեռնային Ղարաբաղի հայեր փախստական են դարձել ու ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքները հոգալու համար։

«Այստեղ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Էստոնիայի կառավարությանը փախստականների առաջնային անհրաժեշտության կարիքները հոգալու հարցում մեզ ցուցաբերած աջակցության համար։ Շատ խորհրդանշական է Էստոնիայի փախստականների խորհրդի կողմից երևանյան գրասենյակի հիմնումը, որը պաշտոնապես այսօր կբացվի։ Գնահատում ենք նաև տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ մեր ջանքերին աջակցող Էստոնիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները»,- ընդգծեց Միրզոյանը։

Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Միրզոյանը նշեց, որ այժմ Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտությունների էջը փակելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բոլոր հարևան երկրների հստակ հանձնառությունը և միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը:

«Կան, անշուշտ, մարտահրավերներ, կա բարդ պատմություն, բայց խաղաղության գործընթացում առաջ շարժվել հնարավոր է, եթե Ադրբեջանը ևս աներկբայորեն իր հավատարմությունը ցույց տա խաղաղության գործընթացին և հանրահռչակված սկզբունքներին, հստակ սահմանների փոխադարձ ճանաչմանը, տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ առանց երկիմաստությունների, ինչպես նաև հայտնի սկզբունքների հիման վրա տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը: Այս առումով մենք կարևոր ենք համարում նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որով հանդես է եկել Հայաստանը»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ վերը թվարկված սկզբունքները հավանության են արժանացել Գրանադայում քառակողմ հանդիպմանը ողջ միջազգային հանրության կողմից, և դրանք նույն այն սկզբունքներն են, որոնք արտացոլված են նաև ավելի վաղ՝ հուլիսին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ, որը նա արել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և իր եռակողմ հանդիպման արդյունքներով: