կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-18 06:08
Արցախ

Լավագույն դեպքում՝ ստատուս քվո

Լավագույն դեպքում՝ ստատուս քվո

Կազանում լավագույն դեպքում կպահպանվի ստատուս քվոն, մնացած տարբերակները հայկական զույգ հանրապետություններում կորակվեն պարտվողական. «Երկիր»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի եվրոպական շարժման նախագահ, միջազգայնագետ Հայկ Խանումյանը:

«Ցավոք, վերջին 17 տարում մենք ամեն անգամ ուրախանում ենք ստատուս քվոյի պահպանման դեպքում ու ոչինչ չենք անում իրավիճակը մեր օգտին արմատապես փոխելու համար»,- նշեց նա` հավելելով, որ իրեն հարգող յուրաքանչյուր պետություն ջանքեր է գործադրում` ավելացնելու ազգային հզորության տարրերը` բոլոր բաղադրիչներով՝ տարածքներով, բնակչությամբ, զինված ուժերով, արդյունավետ կառավարմամբ:

«Իսկ մենք ոչինչ չենք անում այս ուղղությամբ, ընդհակառակը` ստատուս քվոյի կամ չկարգավորման ամեն մի ժամանակահատված օգտագործում ենք էլ ավելի անարդյունավետ լինելու համար»,- ասաց Հ. Խանումյանը:

Ըստ նրա` պետք է ամեն ինչ արվի, որ հետկազանյան զարգացումները որակական փոփոխություններ բերեն:

«Հայաստանի թուլությունը բանակցային գործընթացում, ավելի ճիշտ՝ սխալ պատկերացումները հարցի լուծման վերաբերյալ ենթադրում են Արցախի՝ որպես պահեստային «ոչ» ասողի դեր՝ վերոհիշյալ ցանկալի ստատուս քվոն ունենալու համար: Սակայն Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մոտ կա համոզմունք, որ Ստեփանակերտը Երեւանի կցորդն է եւ ոչ մի ազդեցություն գործընթացների վրա չունի»,- նշեց միջազգայնագետը:

Ըստ նրա` այս իմիջի ձեւավորմանը Ստեփանակերտը եւ Երեւանը միասին են հասել՝ համատեղ ուժերով ոչնչացնելով այլակարծությունը, քաղաքական ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունն Արցախում: «Սա զրոյական մանեւրի դաշտ է թողնում երկու հայկական պետությունների իշխանություններին եւ թուլացնում է Ստեփանակերտի «ոչը»,- համարում է Հ. Խանումյանը: