Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Աղթամարի լեգենդը» խորագրով երաժշտական պարային շոուն, որի կոնցեպտի և երաժշտության հեղինակը հայտնի կոմպոզիտոր Մաժաք Թոշիկյանն է (Թուրքիայում հայտնի է Ջենք Թաշքան անվամբ), և որը ոգեշնչվել է Հովհաննես Թումանյանի 1891 թ․ «Աղթամար» պոեմից, ներկայացվեց հանդիսատեսին։
Մյուզիքլը ներկայացվել է կիրակի՝ հունվարի 26-ին, Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնի Türk Telekom օպերայի բեմում։ Համերգին պարային կատարումներով հանդես է եկել «Մարալ» համույթը, որն իր գեղարվեստական գործունեությունը շարունակում է Եսայան դպրոցի շրջանավարտների միության հարկի ներքո և այս տարի կնշի իր 45-ամյակը, ինչպես նաև երգեր են կատարել Աղթամար կամերային երգչախումբը, Մարալ Այվազը, Արի Բարութօղլուն և Մարիա Հազարը՝ Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ։ Երգի խոսքերը պատկանում են Հովհաննես Թումանյանինն ու Պերճուհի Բերբերյանին։
Ռոյ Մերքեզօղլուն և Կատյա Քայան ներկայացրել են մենապարային կատարումներ, իսկ մյուզիքլին ընդհանուր մասնակցել է 70 պարուհի։ Շաբաթ օրը՝ հունվարի 18-ին, «Եսայան» ասոցիացիայի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին աջակցում էին Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։ «Լույս Մեդիա»-ի գլխավոր տնօրեն Հարություն Քուրանը, ով ներդրում է ունեցել շոուի պատրաստման գործում, նշել է, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը երկար տարիներ անց աջակցել է այս նախագծին։ Քուրանը շնորհակալություն է հայտնել մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին, ինչպես նաև ԱԶԿ Ստամբուլի պատգամավորներ Սերքան Բայրամին և Սևան Սիվաջըօղլուն՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար։
Բեյօղլուի Երեք Խորան եկեղեցու հոգեւոր սպասավոր Հարություն քահանա Դամադյանը շեշտել է, որ այ ներկայացումը ինքնատիպ և պատմական նախագիծ է Ստամբուլի հայ համայնքի համար և ասաց. «Նախագիծը գլխավորում է հայ նշանավոր և հաջողակ երաժիշտ Մաժաք Թոշիկյանը։ Մյուզիքլում միավորված են գրականությունը, երաժշտությունն ու պարը։ Շնորհակալ եմ Թոշիկյանին այս կարևոր մյուզիքլը Թուրքիայում բեմականացնելու համար։ Հայոց պատրիարքարանը, մեր համայնքը և պետական պաշտոնյաները երախտագիտություն են հայտնել նրա ձեռքբերումների համար՝ աջակցություն առաջարկելով ծրագրին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Պերճուհի Բերբերյանին և «Աղթամար» կամերային երգչախմբի խմբավար Հակոբ Մամիկոնյանին՝ Հովհաննես Թումանյանի հեղինակած Աղթամար լեգենդին նոր շունչ հաղորդելու համար»:
Թոշիկյանը հայտնել է, որ «Աղթամարի լեգենդը» հազարավոր տարիների սիրո պատմություն է, ինչպես՝ Ռոմեոն ու Ջուլիետը, և որ իրենք փորձել են դասական ստեղծագործություն բեմադրել ժամանակակից մեկնաբանությամբ, ապա՝ հավելել. «Հովհաննես Թումանյանի պոեմը շատ կարճ ստեղծագործություն է։ Այս լեգենդի սկզբում ես էլ եմ մի հատված ավելացրել: Ահա թե ինչու Պերճուհի Բերբերյանի հետ մի նոր սիրո պատմություն գրեցինք, և այն վերածեցի մյուզիքլի։ Հսկայական աշխատանք ենք արել։ Մյուզիքլի ամենամեծ նշանակությունն այն է, որ սա առաջին նախագիծն է, որը պատրաստել են Թուրքիայում բնակվող հայերը։ Մեր երգչախումբն ու պարային համույթը մեզ մենակ չեն թողել այս գործում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել, հատկապես մեր մշակույթի և զբոսաշրջության նախարարին»։
«Աղթամար» կամերային երգչախմբի խմբավար Հակոբ Մամիկոնյանն իր հերթին հայտնել է, որ մյուզիքլին մասնակցել են «Լուսավորիչ» երգչախմբի 15 անդամները։ Մամիկոյանն ընդգծել է, որ Մաժակ Թոշիկյանի անունը կարևոր գործոն է եղել նախագծին իրենց մասնակցության համար. «Ես մեծ պատիվ եմ համարում մեր սերտ հարաբերությունները և երաժշտական համագործակցությունը: Մյուզիքլը մի նախագիծ է, որը պատրաստել են ստամբուլահայերը՝ համատեղ աշխատելով։ 3 ամիս ինտենսիվ աշխատել ենք նախագծի համար։ Մեր մյուզիքլը նախագիծ է, որը ներառում է գրականություն, երաժշտություն և թատրոն: Արվեստը վեհ հասկացություն է, և եթե մենք կարողանանք կիսվել դրանով, ապա այդ վեհությունը կլինի անսահման»:
Կարպիս Չափքանը, ով 1992 թ․ «Մարալ» համույթի գլխավոր գեղարվեստական ղեկավարն է, նույնպես նշել է, որ իրենք ինտենսիվ աշխատել են այդ մյուզիքլն իրականություն դարձնելու համար. «Շաբաթական երեք անգամ փորձեր էինք անում, և բեմում կլինենք 80 հոգանոց թիմով: Կազմել ենք գեղարվեստական թիմ՝ նկատի առնելով այն պատկերացումները, որը մյուզիքլի վերաբերյա ուներ մեր ուսուցիչ Մաժաքը։ Մյուզիքլի համար պատրաստել ենք 20 տեսարանից բաղկացած վիզուալ ներկայացում և փորձել ենք յուրաքանչյուր տեսարանում տարբեր էմոցիաներ փոխանցել: Ծրագրի իրականացման համար հավաքել էինք տարբեր խմբեր և առարկաներ: Սա կլինի մեր առաջին ելույթը AKM-ում, և մենք շատ ոգևորված ենք դրանով»:
Մենակատար Մարալ Այվազը նույնպես հայտնել է, որ իրենք փորձում են վառ պահել հայկական երաժշտությունը, և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախագծի իրականացման գործում։ Մամլո ասուլիսին ելույթ են ունեցել նաև պարուհի Կատյա Քայան եւ Ռոյ Մերքեզօղլուն։ Նշելով, որ Անատոլիայի աշխարհագրության մեջ կան բազմաթիվ անհայտ լեգենդներ, Քայան հավելել է. «Շատ ոգևորված եմ Թամարայի կերպարը ներկայացնելով՝ իմ արվեստը մարմնավորելով անհնարին սիրո պատմության մեջ»: Մերքեզօղլուն իր հերթին ասել է. «Մենք նախագծին պատրաստվել ենք մոտավորապես 1,5 տարի։ Մյուզիքլի համար օգտագործել ենք տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են՝ բալետը և ժողովրդական պարը և ներդաշնակություն ենք ստեղծել»: Նախագծի արվեստի թիմը բաղկացած է Կարպիս Չափքանից, Իրիս Չափքանից և Սարեմ Կ. Շեշեթյանից։ Ասուլիսին մասնակցած Շեշեթյանը նշել է, որ մյուզիքլը գեղեցիկ հուշեր է թողնելու մասնակիցների մեջ։
Իշխան Էրդինչ
Աղբյուրը՝ Agos.com
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը