կարևոր
4459 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-10 18:10
Հասարակություն

Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության թեմայով ներկայացում է բեմադրվել

Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության թեմայով ներկայացում է բեմադրվել

Այնթափում բեմադրվել է 1915 թ․ 7 տարեկան եղած մի հայ երեխայի հարկադիր տեղահանությանը և կենաց-մահու պայքարին նվիրված «Մանուկի աքսորի օրագիրը» ներկայացումը։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Արթը Գերչեք» լրատվակայքը։

Աղբյուրի համաձայն՝ Այնթափի պատմության մասին ուսումնասիրություններ կատարած Մուրադ Ուչաների հեղինակությամբ և Ֆերդալ Քուրթի սցենարով ներկայացված «Մանուկի աքսորի օրագիրը» ներկայացումը առաջին անգամ բեմ է բարձրացել Այնթափի «Նար» գիտության, արվեստի և մշակույթի միությունում։

7 տարեկան հասակում իր ընտանիքի հետ աքսորված Մանուկ Ջըզդըրըքյան անվամբ հայ երեխայի ինքնակենսագրական պատմությունը ներկայացնում է Այնթափից Հալեպ, այնտեղից էլ Դեր Զոր և Մոսուլ ձգված ուղևորության ընթացքում տեղի ունեցած դեպքերը և հարազատների կորուստը։ Պատմությունը մանկան վկայությամբ և ականատեսի աչքերով լույս է սփռում Հայոց ցեղասպանության և այդ շրջանում տեղի ունեցած դեպքերի վրա։

Մեկ ժամ տևած բեմադրությունից հետո «Արթը Գերչեք» լրատվական կայքէջի թղթակից  Սինան Շահինը զրուցել է ներկայացման բեմադրիչ Մուրադ Ուչաների և սցենարի հեղինակ Ֆերդալ Քուրթի հետ։

Ուչաները հայտնել է, որ Մանուկ Ջըզդըրըքյանի աքսորի պատմության ձեռագիրը պատահաբար գտել է ՀՀ մայրաքաղաք Երևանում՝ Հայոց ցեղասպանության թանգարանում։ Նա մասնավորապես նշել է․ «2015 թ․, երբ Այնթափում ապրած հայերի մասին բանավոր պատմության ուսումնասիրության շրջանակներում գտնվում էի Երևանում, տեղեկացա նման մի օրագրի գոյության մասին։ Սակայն այդ տարեթվին այն գտնելու և ուսումնասիրելու հնարավորություն չունեցա։ 2017 թ․, երբ դարձյալ նույն նպատակով Երևանում էի, ուսումնասիրեցի Ցեղասպանության թանգարանում պահվող այդ օրագիրը և հետագայում ձեռք բերեցի դրա կրկնօրինակը։ Այդ 110 էջանոց տետրի հեղինակը Մանուկ Ջըզդըրըքյանն է, ով հայատառ թուրքերենով է գրել այն։ 15-օրյա աշխատանքից հետո այն վերածեցի լատինատառ թուրքերենի։ Օրագրում ներկայացվող պատմությունը հանրահայտ էր և ցավալի։ Այն ինձ վրա խորը տպավորություն թողեց»։

Մուրադ Ուչաները հայտնելով, որ ինքը Այնթափում ապրած հայերի մասին համապարփակ ուսումնասիրությունների հեղինակ է, թուրքական լրատվամիջոցի թղթակցին նաև պատմել է այդ ներկայացումը բեմադրելու ընթացքի մասին․ «Մեր տարեցների պատմածների շնորհիվ տեղյակ էինք 1915 թ․ տեղահանության որոշումից հետո կատարված դեպքերի մասին։ Թեև բազում ողբերգական պատմություններ գիտեինք այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերի մասին, սակայն այս տետրը տարբերվում էր նրանով, որ պատմությունը ներկայացված էր մի երեխայի հոգեվիճակով և ականատեսի աչքերով։ Պատմությունն անշուշտ ծանոթ էր, սակայն երեխայի աքսորի պատմությունը պետք է ավելի հանրայնացվեր։ Պատմությունը լատինատ թուրքերենի վերածելիս ինձ հանգիստ չէր տալիս հետևյալ միտքը․ բոլորը պետք է լսեն և իմանան այս պատմության մասին։ Մանուկի պատմության բեմադրման գաղափարն էլ այդպես ծագեց»։

Ներկայացման սցենարի հեղինակ Ֆերդալ Քուրթը մոտավորապես 3 ամիս տևած փորձերի փուլի մասին պատմելուց հետո նշել է․ «Այդ տեքստն ընկալել եմ ոչ միայն որպես մեկ երեխայի հեղինակած գրություն։ Օրագրին մոտեցել եմ այն գիտակցումով, որ նման պատմություն են ունեցել հարյուրավոր, հազարավոր երեխաներ և կանայք։ Իհարկե, հեշտ չէր այդ ողբերգությունը հասկանալը, վերապրելը և ցուցադրելը։ Սակայն ուրախ եմ, որ այս ներկայացման շնորհիվ հարցեր եմ հարուցել մարդկանց գլխում և նրանց ուշադրությունը սևեռել այդ վերքի վրա»։

https://artigercek.com/kultur-sanat/antepten-musula-uzanan-bir-surgun-hikayesi-310284h

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net