կարևոր
856 դիտում, 2 օր առաջ - 2025-01-03 21:38
Հասարակություն

Ուժի մեջ են մտել հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումները

Ուժի մեջ են մտել հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումները

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2025 թվականի հունվարի 1–ից այլևս չի գործում Երևանում, սակայն այն շարունակվում է մարզերում: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել: 

«2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսագումարների մասով վերադարձվող եկամտային հարկի վերադարձն այլևս չի գործելու Երևանում, սակայն այն շարունակելու է գործել Հայաստանի մարզերում: 2027 թվականից այլևս չի գործի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում: 2029 թվականից եկամտային հարկի վերադարձի համակարգը կդադարի գործեր ՀՀ բոլոր մարզերում»,-ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ բացառություն կկազմեն միայն սահմանամերձ բնակավայրերը, որի ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Մեկտեղ նշվում է, որ  այն քաղաքացիները, որոնք 2025 թվականի հունվարից հետո Երևանում ձեռք կբերեն բնակարան, որի շինթույլտվությունը կառուցապատողը ստացել է մինչև 2022 թ հունվարի 1-ը, կարող են օգտվել հիփոթեքային վարկի տոկոսագումարների մասով եկամտային հարկի վերադարձից: 

2025 թվականից եռամսյակային կտրվածքով եկամտային հարկը վերադարձվելու է ոչ ավելի, քան 750 հազար դրամի չափով, նախկինում այդ գումարը կազմում էր 1 մլն 500 հազար դրամ: Այս կարգավորումը կիրառելի է բացառապես 2025 թվականից ստացված վարկերի մասով: