կարևոր
529 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-01 11:40
Քաղաքական

Գվարդիական ուղերձներ Ալիևին, կամ՝ անպաշտպան երկրի պաշտպանված իշխանությունը

Գվարդիական ուղերձներ Ալիևին, կամ՝ անպաշտպան երկրի պաշտպանված իշխանությունը

168.am-ը գրում է․ ԱԺ վերջին նիստում ընդունվեց «Ոստիկանության գվարդիայի» մասին օրինագիծը, դրանից մի քանի օր անց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե «մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու», իսկ երկու օր հետո Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասաց, թե Հայաստանը զինված ուժերի միջոցով չի պատրաստվում վերադարձնել ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքները։

Իրար հետ առաջին հայացքից աղերս չունեցող այս իրադարձություններն իրականում կապված են օրգանական կապով և կարող են կանխորոշել առաջիկայում սպասվող աղետալի գործընթացները։

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով, 2025թ նոյեմբերի 1-ից կձևավորվի նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիա, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ: Ոստիկանության գվարդիան այլևս չի ունենալու այլ զորքի կարգավիճակ և թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական դրությունների ժամանակ գտնվելու է ՆԳՆ ընդհանուր համակարգման և ոստիկանապետի համակարգման ներքո: Միայն ներքաղաքական հարթությունում դիտարկելու դեպքում կարելի էր եզրահանգել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի է ամրապնդում ուժային համակարգը՝ սեփական իշխանությունը պաշտպանելու համար։

Այդպիսի նպատակադրում վստահաբար գոյություն ունի, բայց այս նորամուծությունն ունի նաև արտաքին քաղաքական ասպեկտ, որն էլ դա կապում է ԵԿՄ նախագահի ու ԳՇ պետի ողորմելի հայտարարությունների հետ։

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ունի չհամաձայնեցված հոդվածներ, որոնց մասին ՀՀ իշխանությունը չի բարձրաձայնում։ Փոխարենը՝ դրանց վերաբերյալ խիստ որոշակիորեն ակնարկում են ադրբեջանցի պաշտոնյաներն ու փորձագետները։

Ի թիվս այլ ստորացուցիչ կետերի (Արցախյան պատերազմների մասնակիցների դատապարտում, ռազմատուգանքներ, «ադրբեջանցի փախստականների վերադարձ»)՝ Ադրբեջանն առաջ է քաշում նաև Հայաստանի ապառազմականացման պահանջը, որը նշանակելու է, որ Հայաստանը՝ որպես այդպիսին, չպետք է բանակ ունենա, և հայկական զինված ուժերը պետք է իրականացնեն ներքին կարգի պահպանության գործառույթներ (ճիշտ այնպիսիք, որպիսիք սահմանված են Ոստիկանության գվարդիայի մասին օրենքով)։

Այսպիսով․ ՀՀ իշխանություններն ամեն կերպ ու հնարավորինս արագ ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հայտարարում է, որ դա չի անի, քանի դեռ համաձայնեցված չեն բոլոր կետերը, դրանից հետո հայ պաշտոնյաները հույս են հայտնում շատ մոտ ապագայում պայմանագրի ստրագրման մասին, իսկ նրանց ադրբեջանցի գործընկերները շարունակում են թվարկել իրենց պահանջները, այդ թվում՝ բանակի ապառազմականացման մասին։ Այս համապատկերում ԱԺ-ն ընդունում է Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը, իսկ Հայաստանի զինված ուժերի ֆորմալ ու ոչ ֆորմալ բարձրաստիճան դեմքերը փատացի հայտարարում են զենքերը վայր դնելու մասին։ Սրանից ուղղակիորեն չի բխում, թե կարճ ժամանակ հետո ՀՀ զինված ուժերը լուծարվելու են։

Պարզապես այս ուղերձներով Փաշինյանն Ադրբեջանին հավաստիացնում է, որ գործնական քայլեր է կատարում նրա պահանջները բավարարելու ուղղությամբ՝ թերևս ակնկալելով, որ մինչև ՀՀ-ում հաջորդ ընտրություններն Ադրբեջանը կսահմանափակվի իր պահանջների կատարման այդ անուղղակի ապացույցներով, Փաշինյանի իշխանության վերարտադրությունից հետո դրանք, այդ թվում՝ ապառազմականացումը, վերջնականացնելու պայմանով։

Այս վարկածին կարող է հակադրվել Հայաստանի կողմից սպառազինությունների ձեռքբերման իրողությունը։ Բայց եթե այդ նույն Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարում է, որ բանակն անվտանգության ապահովման առաջին գործոնը չէ, որ ՀՀ-ն չի պատրաստվում թշնամու կողմից օկուպացված մեր տարածքները վերադարձնել ռազմական ճանապարհով, և այդպես շարունակ, ապա որքան էլ պարադոքսալ է հնչում, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի սպառազինությունները, այդ թվում՝ այսօր ձեռք բերվող, կարող են անցնել Ադրբեջանին։ Ապառազմականացման կամ ռազմատուգանքների հոդվածներով։