Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարն առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը, որում անդրադարձել է նաև Հայաստանին: Մեր երկիրը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Այն, նախորդ տարվա համեմատ, բարելավել է դիրքերը՝ հավաքելով 74 միավոր:
Զեկույցի հեղինակները նշել են, որ դիտարկված ժամանակահատվածում (2023 հունիսի 1-ից մինչ 2024-ի մարտի 31-ը) Հայաստանում առցանց միջավայրը եղել է բաց և ընդհանուր առմամբ բարելավվել է, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքերը կամ սոցիալական մեդիա հարթակները։ Այնուամենայնիվ, կառավարությունը կալանավորել է մարդկանց իշխանություններին քննադատող առցանց ելույթների պատճառով: Բացի այդ, անհատները հաճախ թիրախավորվել են լրտեսող ծրագրերի միջոցով:
Հաշվետու ժամանակահատվածում կայքերի կամ սոցիալական մեդիայի հարթակների արգելափակումներ չեն գրանցվել՝ ի տարբերություն լուսաբանման նախորդ ժամանակաշրջանների։
«Առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որոնք որոշ դեպքերում կապված են քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ: Վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հակասությունների տեղիք է տվել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր լինելու առնչությամբ», - նշվում է հոդվածում:
Դրանում նաև ասվում է, որ անհատները երբեմն ձերբակալվում կամ կալանվում են իրենց առցանց գործունեության համար:
«Քրեական օրենսդրությունն արգելում է ռասայական, կրոնական կամ ազգային ատելություն հրահրող խոսքի տարածումը, ինչպես նաև պետական իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը ուժով փոխելու կոչերը։ Այս օրենքները կիրառվում են ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց տիրույթներում, և որոշ իրավապաշտպաններ նախազգուշացնում են, որ դրանք կարող են օգտագործվել կառավարության ոչ բռնի քննադատներին ձերբակալելու և հետապնդելու համար», - նշում են զեկույցի հեղինակները:
Պետական իշխանությունների կողմից էլեկտրոնային հսկողությունը շարունակում է սպառնալիք մնալ ՀՀ քաղաքացիների առցանց գաղտնիության իրավունքների համար, շարունակում է Freedom House-ը։ Կազմակերպությունը մանրամասնում է, որ վերջին մի քանի տարիներին երկրում մարդկանց դեմ լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ մի քանի հաղորդումներ են եղել: Համարվում է, որ կառավարությունը տիրապետում է ՌԴ-ի մշակված հսկողության տեխնոլոգիայի, որը հայտնի է որպես Օպերատիվ հետախուզական գործունեության համակարգ:
«Առցանց տիրույթում աշխատող լրագրողները երբեմն ենթարկվում են անօրինական ահաբեկման կամ ֆիզիկական բռնության՝ իրենց աշխատանքի հետ կապված, թեև նման հարձակումները որոշակիորեն նվազել են «թավշյա հեղափոխությունից» հետո: 2023 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպք՝ ինչպես ոչ առցանց, այնպես էլ առցանց տիրույթներում, և 60 դեպք, երբ նրանց նկատմամբ որևէ այլ կերպ է ճնշում գործադրվել», - նշել են զեկույցի հեղինակները: