կարևոր
3277 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-23 14:21
Իրավական

Եթե էսպես եղավ, դատարանը հայցը պիտի թողնի առանց քննության. Հայկ Ալումյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ լրագրող Անժելա Թովմասյանի գործով դատական նիստին հայցվոր կողմն այսօր չէր ներկայացել: Թովմասյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ դատական նիստին հայցվոր կողմը միջնորդել էր հետաձգել նիստը, իրենք չէին առարկել: Այս նիստին հայցվոր կողմը պարզապես չէր ներկայացել: Ըստ փաստաբանի՝ եթե հաջորդ նիստին էլ չներկայանան, ապա դատարանը պետք է առանց քննության թողնի Ալեն Սիմոնյանի հայցը: Փաստաբանը հիշեցրեց, որ Ալեն Սիմոնյանը Անժելա Թովմասյանի դեմ հայց է ներկայացրել համացանցում իր հրապարակման տակ թողած «պոռնիկ» մեկնաբանության համար:

 «Դատարան է դիմել, նախ համարել է, որ այդ բառն իրեն է վերաբերում: Մենք դա չենք վիճարկում, թող հիմնավորեն՝ ում է վերաբերում ու ինչու են այդպես համարում և պահանջել է 3 միլիոն դրամ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում»,- ասաց Ալումյանը:

 Լրագրողները Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին, առավոտից իրիկուն համացանցում վիրավորական արտահայտություններ են հնչում նրա հասցեին, ինչու հենց Անժելա Թովմասյանի այդ բառից է վիրավորվել ու մտել դատարան:

«Ենթադրություններից մեկը կարող է լինել այն, որ ուզում է մեկին պատժել և հենց այդ մեկը Անժելա Թովմասյանին է որպես թիրախ օգտագործում: Առանց հաշվի առնելու՝ լրագրողների խոսքն ավելի պաշտպանված է, քան ուրիշինը: Եթե ցանկացած ուրիշի դեպքում որոշակի արտահայտություն կարող է ճանաչվել վիրավորական ու որոշակի պարտավորություններ դրվեն, ապա պարտադիր չէ, որ լրագրողի դեպքում նույն հետևանքներն առաջացնի: Բացի այն, որ Անժելա Թովմասյանն ավելի պաշտպանված է որպես լրագրող ազատ խոսք արտահայտելու առումով, պաշտոնատար անձինք էլ ավելի հանդուրժող են պարտավոր լինել ցանկացած խոսքի նկատմամբ, եթե նույնիսկ այդ խոսքը իր մեջ վիրավորական բաներ է պարունակում: Դրանք ՄԻԵԴ-ի հայտնի դիրքորոշումներն են: Բազմաթիվ արտահայտություններ են եղել, որ ՄԻԵԴ-ը համարել է ընդունելի՝ հաշվի առնելով, որ այդ խոսքի հասցեատերը պաշտոնատար անձ է: Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան ինքը պետք է հանդուրժող լինի սուր խոսքի նկատմամբ: Ալեն Սիմոնյանը պետք է հաշվի առնի, որ ըստ Սահմանադրության, ինքը պաշտոնյաների հիերարխիայի մեջ երկրորդն է և շատ ավելի հանդուրժող պետք է լինի ցանկացած խոսքի նկատմամբ, քան շատ այլ պաշտոնատար անձինք»,- պատասխանեց Հայկ Ալումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։