Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 4-ին, երբ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, նույն օրը Նիկոլ Փաշինյանը, Աշտարակում ելույթ ունենալով, սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի վերաբերյալ, ինչը պատահական չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Թեև այդ սպառնալիքները քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղակի ուղղված էին այն դատավորին և այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ կայացնի որոշում: Սպառնալիքի ընդհանուր բովանդակությունը հետևյալն էր՝ մենք նախկին իշխանություններին կբերենք դատարաններ: Ճիշտ է, այնտեղ մի քիչ ուրիշ տերմինոլոգիա էր՝ մկներ, սերմացու և այլն, բայց ասելիքը սա էր՝ նախորդ իշխանություններին կբերենք դատարան, կդատենք, իսկ եթե պարզվի, որ դատական համակարգում կան նրանց դրածոները, ապա նաև նրանց կդատենք: Եղավ նաև արտահայտություն, որ ԱԺ-ն բավարար լծակներ ունի` դատական մարմնի վրա ազդեցություն ունենալու»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ եթե դատարանները գործեն սպառնալիքների տակ, ապա ցանկացած դատական ակտ, որքան էլ օբյեկտիվ լինի, չի համարվելու օրինական, կասկածների տեղիք է տալու և վիճարկվելու է:
Ըստ փաստաբանի՝ դատաիրավական ոլորտում այսօր իրավիճակը նույնն է, ինչ նախորդ իշխանությունների օրոք, նույնիսկ՝ ավելի վատ: «Եթե այս իշխանությունները պետք է տարբերվեն նախորդներից, ինձ թվում է` առաջին հերթին պետք է տարբերվեն նրանով, որ պետք է բացառվի ճնշումը դատական համակարգի նկատմամբ` նույնիսկ ամենալավ նպատակներից ելնելով: Չեն կարող այսպիսի հայտարարություններ արվել, և չպետք է մարդկանց մոտ թշնամանք գեներացվի դատավորների նկատմամբ: Դատավորները որոշումներ կայացնելիս չպետք է իրենց զգան այն վիճակում, որ եթե իրենք, ելնելով ներքին համոզմունքից, օրինակ, գտնեն, որ պարոն Քոչարյանին պետք է ազատել, իրենք հայտնվելու են թիրախի կարգավիճակում, համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նրանց պատվերը կատարող: Չի կարելի այդպես վարվել դատական համակարգի նկատմամբ»,-հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ, իհարկե, կա հանրային պահանջմունք, որ իշխանությունները ճնշեն դատարաններին, ինչին չպետք է տրվել:
«Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե կարելի է, իրենց կարծիքով, լավ նպատակների համար դատարաններին 1-2 անգամ ճնշել, նրանք հաշվի չեն առնում, որ վաղը նույն տրամաբանությամբ իրենք են հայտնվելու այդ նույն դատարանի առջև, և այդ մեխանիզմները գործելու են նաև իրենց նկատմամբ: Ես կոչ եմ անում այս ոճից հրաժարվել և դատական համակարգի նկատմամբ նման ճնշումներ չգործադրել: Սա ամենամեծ ճնշումն է, որ հնարավոր է գործել դատարանների նկատմամբ: Կրկնում եմ՝ մեր համոզմամբ, օրը պատահական չէր ընտրված: Դեկտեմբերի 4-ին, երբ պարոն Քոչարյանի վերաբերյալ դատական նիստերն ավարտվեցին, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, նույն օրը հնչեցին այդ սպառնալիքները դատական համակարգի նկատմամբ: Մեր հիշողության մեջ դեռ թարմ են նախորդ սպառնալիքները և լուտանքներն այն դատավորի հասցեին, որը օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանից պարոն Քոչարյանին ազատ էր արձակել»,- ընդգծեց Ալումյանը:
Քոչարյանի փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այն դատավորները, որոնք ենթարկվում են իշխանական ճնշումների, հենց այն դատավորներն են, որոնք հետագայում կոռումպացվում են, և հակառակը՝ հենց կոռումպացված դատավորներն են հեշտ ենթարկվում իշխանական ճնշումներին: «Նրանք հասկանում են՝ քանի որ կոռումպացված են, ապա պետք է շատ լավ հարաբերությունների մեջ գտնվեն և' ԱԱԾ-ի, և' ՀՔԾ-ի, և' երկրի իշխանության հետ: Կոռումպացված դատավորին շատ հեշտ է ճնշել: Նման դատավորը և' ԱԱԾ-ի պատվերն է կատարում, և' ՀՔԾ-ի, ուրեմն ինքը պրոբլեմ չունի ու հանգիստ կարող է զբաղվել կոռուպցիայով: Պատվեր կատարող և կոռումպացված դատավորները միևնույն մարդիկ են: Չի կարելի այս ձևով կոռուպցիա բուծել, սրանով կոռուպցիա են բուծում, երբ դատավորին պատվեր կատարող են դարձնում»,- խոսքն ամփոփեց Ալումյանը: