կարևոր
661 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-21 00:19
Հասարակություն

Ադրբեջանի վայրագությունների մասին են փաստում Արցախից տեղահանված լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները

Ադրբեջանի վայրագությունների մասին են փաստում Արցախից տեղահանված լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները

ԱՄՆ Կոնգրեսի Russell Senate Office Building rotunda սրահում սեպտեմբերի 18-ին բացվեց արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը պատմում է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև` Արցախի շրջափակման ու էթնիկ զտման մասին։ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Հայ Դատի կենտրոնական գրասենյակին նման կարևոր նախաձեռնության համար եւ ներկայացրեց ցուցահանդեսի նպատակը․

<Մենք կարող էինք այսօր այստեղ չլինել, բայց մեր հայրենի բնօրրանում տեղի ունեցած մեծ անարդարությունը մեզ բերեց այստեղ։ Մենք մի երկրից ենք, որտեղ Ադրբեջանի ձեռքով և աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն։ Այո՛, այն, ինչ Ադրբեջանը 2020թ սեպտեմբերի 27-ից սկսած իրականացրեց Արցախում, ցեղասպանություն էր։

2020թ Արցախի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառեց մարդկության դեմ արգելված տարբեր զինատեսակներ, որի արդյունքում հազարավոր զոհեր ու տուժածներ եղան, քաղաքացիական անձեր, երեխաներ, հղիներ։ Այդ ոճիրը մնաց անպատիժ, որի հետևանքով եղան նոր ոճիրներ։ 2022 թ դեկտեմբերին Ադրբեջանը միտումնավոր ու անօրինաբար փակեց Արցախը Հայաստանին կապող Լաչինի/Բերձոր/ միջանցքը, որին հաջորդեցին այլ անօրինական գործողություններ:

Արգելափակելով Արցախի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը՝ ստեղծեց այնպիսի ճգնաժամ, որի ընթացքում խախտվեցին մարդկային բազմաթիվ հիմնարար իրավունքներ։ Այդ ընթացքում ունեցանք կորուստներ, թերսնված ու սոված երեխաներ, հղիներ, բժշկական օգնությունից և այլ իրավունքներից զրկված քաղաքացիներ։

Այդ ամենը մեկ նպատակ ուներ՝ էթնիկ զտում և տեղահանություն, որը ինն ամսյա դաժան պայմաններից ու անմարդկային զրկանքներից հետո պարտադրվեց արցախահայությանը։ Արցախահայությունը զրկվեց իր hայրենի հողի վրա ապրելու իրավունքից։ Սա նոր ցեղասպանության տիպիկ օրինակ է, որը պիտի հաշվի առնեն մարդու իրավունքների գերակայությամբ առաջնորդվող և ազատության սկզբունքներ որդեգրած երկրները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Լռությունն այս պարագայում հավասար է մեղսակից լինելուն։

Ադրբեջանի վայրագությունների մասին են փաստում Արցախից տեղահանված լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները, որոնք արվել են Արցախի դեմ սանձազերծված քառասունչորսօրյա պատերազմի, Արցախի շրջափակման, ապա՝ բնակչության բռնի տեղահանության օրերին։ Դրանք անհերքելի փաստեր են, որոնք պիտի խոսեն աշխարհի հետ։

Այս ցուցահանդեսում հստակ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորել խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտի ծննդատունը, հոսփիթալը, դպրոցները, մանկապարտեզները, ինչպես է դիտավորյալ շրջափակել Արցախը ու ստեղծելով կյանքի հետ անհամատեղելի պայմաններ՝ ստիպել, որ Արցախի հայությունը լքի իր բնօրրանը։

Այս ցուցահանդեսը մենք կոչում ենք Իրականության աչքերը, որովհետև աշխարհի աչքերը պիտի բացվեն իրականության առաջ։ Միայն այդ դեպքում արդարությունը պիտի վերականգնվի՝ թույլ տալով, որ հայրենազուրկ ժողովուրդը վերադառնա իր հայրենի տունը՝ ապրելով անվտանգ ու կյանքին չսպառնացող պայմաններում։

Մենք այսօր այստեղ բերել ենք նաև պատկերագրքեր, որոնցում ոչ միայն Ադրբեջանի վայրագություններն են Արցախի նկատմամբ, այլև մեկ այլ՝ մշակութային ցեղասպանության վկայությունները, որն Ադրբեջանն իրականացրել է 44-օրյա պատերազմից հետո և որն իրականացնում է այսօր՝ Արցախի ամբողջ տարածքով մեկ ոչնչացնելով հայկական պատմական հետքը։ Ցավոք, ոճրագործությունները կրկնվելու հակում ունեն, եթե մնում են անպատիժ։ Այսօր էլ Արցախում մնացած մեր հոգևոր ու մշակութային կոթողներն են ենթարկվում ցեղասպանության, քանդվում ու ոչնչացվում են, իսկ որոշների ինքնությունը աղավաղելով՝ փորձ է արվում ներկայացնել, թե դրանք այլ ժողովուրդների են պատկանում ու հայկական ծագում չունեն:

Միայն հավաքական վերադարձը և մայր հողի վրա նոր համախմբումը կարող է կանխել 21-րդ դարում տեղի ունեցող այս նոր ցեղասպանությունը։

Այս ցուցահանդեսը սթափության կոչ է։ Ուզում ենք հավատալ, որ ԱՄՆ կոնգրեսը, հետամուտ լինելով իր կողմից որդեգրած բարձր մարդկային սկզբունքներին ու իրավունքների պաշտպանությանը, չի զլանա սթափվելու և երևույթներն իրենց իսկ անվամբ կոչելու։ Ուզում ենք նաև շեշտել, որ մենք չենք դադարելու պայքարել հանուն արդարության և հանուն մեր իրավունքների վերականգնման ։

Խոսքիս ավարտին ցանկանում եմ ցույց տալ այս կավե փոքրիկ դարպասը։ Այս դարպասներից շատ-շատ ունենք. ես բերել եմ այս օրինակը։ Դրանք սովորական դարպասներ չեն։ Արցախից տեղահանված երեխաները պատրաստել են իրենց տների, իրենց հայրենի քաղաքի ու գյուղի դարպասները։ Այս մեկը պատրաստել է Շուշիից մի աղջնակ։ Նա խնդրել է ցույց տամ այն ու ասեմ, որ այս է արդարության դարպասը և ինքը հավատում է, որ այդ դարպասը պիտի բացվի։

Արդարությունը գալու է, որովհետև մենք անընդհատ գնալու ենք նրա հետևից>։

Ցուցահանդեսը կշարունակվի յոթ օր։