Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դրօշակ»-ի հարցազրույցը «Սրբազան շարժման» ղեկավարության ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանի հետ։
«Դրօշակ» – Հարգելի՛ Գառնիկ, «Սրբազան պայքարի» շարժումը ամռան ամիսներին դադարեցրեց զանգվածային միջոցառումները, սակայն այլ ձևաչափերով շարունակեց գործունեությունը: Որպես շարժման առաջնորդներից մեկը, այս ընթացքում դուք գտնվել եք այդ գործունեության առանցքում: Գրեթե ամեն օր լրատվամիջոցները ներկայացրել են Բագրատ սրբազանի գլխավորությամբ շարժման ներկայացուցիչների հանդիպումները հանրապետության բնակավայրերում: Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում նաև կազմակերպվում էին հավաքներ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում: Երբ շարժման այս փուլը ևս մոտենում է իր լրումին, խնդրում եմ ներկայացրեք Ձեր տպավորությունը՝ ի՞նչ տեսաք, ի՞նչ եզրակացություններ կատարեցիք:
Գառնիկ Դ. – Սկսենք նրանից, որ հունիսի 12-ին տեղի ունեցած ոստիկանական վայրագություններից հետո ակնհայտ դարձավ, որ նոր իրականության առջև ենք կանգնած, և Բագրատ սրբազանն անհրաժեշտ համարեց շարժմանը հաղորդել ինստիտուցիոնալ բնույթ: Որոշվեց շարժման կորիզներ ձևավորել քաղաքներում ու գյուղերում, սկիզբ առան քննարկումները ոլորտային խմբերի հետ՝ տնտեսագետներ, բժիշկներ, իրավաբաններ, դասախոսներ և այլն: Ամառվա ընթացքում թվարկված և այլ խմբերի հետ ակտիվ աշխատել ենք, ինչպես նշեցի, ունեցել ենք հանդիպումներ մարզերում, քաղաքներում, գյուղերում, Երևանի բակերում: Ամառային ճամբարներում հանդիպել ենք ավելի քան 3.000 երիտասարդների հետ: Ճամբարների մի մասը կազմակերպվել է շարժման կողմից, մի մասը եղել են Հայ Յեղափոխական Դաշնակցության ճամբարները, իսկ մյուս մասն էլ այլ ճամբարներ են եղել, որոնցից հանդիպման հրավերներ էինք ստացել: Ուսանողներին և առհասարակ երիտասարդներին ներկայացրել ենք շարժման խնդիրներն ու նպատակները, բացատրել վերջինիս կարևորությունը, դրանում երիտասարդության առանցքային դերը, լսել ենք երիտասարդներին, հարցեր ենք քննարկել նրանց հետ: Դեռ շարժման Երևան հասնելու օրերից զգացել էինք, որ վերջինիս նկատմամբ երիտասարդությունը մեծ հետաքրքրություն է դրսևորում: Ճիշտ է, իշխանությունները փորձեցին ճնշում գործադրել, բիրտ ուժ կիրառեցին, սպառնացին հեռացնել համալսարաններից և այլն, բայց մեծ թվով երիտասարդներ դարձան շարժման ակտիվ մասնակիցը, և մենք տեսնում ենք, որ այս բանակն ավելի է մեծանում: Շատ կարևոր են Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպվող պարբերական հանդիպումները, որոնք տեղեկատվության փոխանակման, կատարված գործերի վերաբերյալ յուրատեսակ հաշվետվության հնարավորություն են, ինչպես և անհատ քաղաքացիների հետ անմիջականորեն շփվելու առիթ: Շատերը անդամագրվել են շարժմանը, ներգրավվել են տարբեր ոլորտային խմբերում, շատերն առաջարկել են իրենց մասնագիտական աջակցությունը: Մյուս կողմից, այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մարդիկ իրենց կարծիքը փոխանցեն, առաջարկներ ներկայացնեն շարժման առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ի դեպ, ավելացնեմ, որ մենք դիմել էինք Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը՝ ցանկանալով դահլիճ վարձակալել, որպեսզի սեպտեմբերյան իրադարձություններից առաջ շարժման ակտիվի բազմահազարանոց հավաք տեղի ունենար, սակայն Համալիրի ղեկավարությունը դահլիճ չտրամադրեց: Սա էլ ասում եմ փաստելու համար, որ իշխանությունները լրջորեն վախեցած են շարժումից և փորձում են ամեն տեսակի խոչընդոտներ հարուցել նրա առջև:
«Դրօշակ» – Մեր կարծիքով թեև Սրբազան շարժումը դնում է իշխանափոխության պահանջ, սակայն նրա նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ այն աղետի կասեցումը, որը երկիրը գլորում է դեպի անդունդ: Լինելով սահմանային գոտու բնակիչ, ինչպես նաև այս ընթացքում մշտապես լինելով վտանգված գոտիներում, ունենալով տվյալ տարածքների հետ ամենօրյա կապ, ի՞նչ է ձեր պատկերացումը, ազգային շարժման շարունակումը որքանո՞վ է արդարացված և պահանջված:
Գառնիկ Դ. – Գաղտնիք չէ, որ այս շարժումը սկսվել է ապօրինի սահմանազատման-սահմանագծման դեմ: Իշխանությունները հերթական անգամ խաբեցին ժողովրդին ասելով, թե սահմանագծման գործընթաց է, և հենց որ սահման ունենանք Ադրբեջանի հետ, բոլոր խնդիրները վերանալու են, և ապրելու ենք խաղաղ ու հանգիստ: Իրականում սա միակողմանի զիջում է՝ Ադրբեջանի պահանջների ամբողջական կատարման պայմանով: Հայաստանն այս գործընթացի հետևանքով չստացավ ոչինչ, իսկ Ադրբեջանն ամբողջությամբ լուծեց այն խնդիրները, որոնք այդ ժամանակահատվածում դրել էր իր առջև: Իրականում տեղի ունեցածը սահմանագծում-սահմանազատում չէր: Հայաստանի ներկայացրած պահանջը, որպեսզի չորս գյուղերի հանձնման դիմաց մեր 31 բնակավայրերը անցնեին Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ, մերժվեց: Ջեյհուն Բայրամովի գրասենյակը հայկական կողմի նամակին պատասխանեց, թե ոչ մի պահանջ չի կարող լինել, այնպես որ մոռացեք այդ գյուղերի մասին: Ասվածի ապացույցներից մեկն էլ այն է, որ Կիրանցը հանձնելուց հետո ջրամբարի մյուս կողմում գտնվող Բերքաբեր գյուղի 900 հեկտար հայկական հողից Հայաստանը ոչ մի միլիմետր ետ չստացավ:
Ավելացնեմ, որ սահմանազատման ողջ գործընթացն ապօրինի է, որովհետև ցայսօր այդ գործընթացի իրականացման կարգը Ազգային ժողովը չի հաստատել: Ասում էին, թե հունիսի 1-ին այդ կարգը պետք է հաստատվի, բայց ոչ կարգն է հաստատվել, ոչ սահմանազատում ու սահմանագծում է իրականացվել: Այնպես որ, տեղի ունեցած ողջ գործընթացն ապօրինի է: Կրկնում եմ, տեղի է ունենում միակողմանի զիջում, որի հետևանքով Ադրբեջանը ստանում է ռազմավարական նշանակության դիրքեր, ստանում ջրային ակունքների նկատմամբ վերահսկողություն, Տավուշի պաշտպանված առաջնագիծը հանձնվել է Ադրբեջանին, և թշնամին հայտնվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ:
«Դրօշակ» – Այսինքն՝ ոչ մի նշան չկա, թե թշնամին պատրաստ է հրաժարվելու բուն Հայաստանից գրաված տարածքից:
Գառնիկ Դ. –Այս ամենը զուգորդվում է նրա հետ, որ Հայաստանից 300 քառակուսի կիլոմետր օկուպացված է թշնամու կողմից, և ոչ մի խոսք չկա այդ օկուպացիայի մասին: Ես հարց եմ տվել Արարատ Միրզոյանին՝ ո՞ր քարտեզներով են առաջնորդվում, և պատասխան եմ ստացել, թե այն քարտեզներով, որոնց հետ Ադրբեջանը կհամաձայնվի: Այսինքն՝ մենք ընդամենը Ադրբեջանի կամքը կատարողներն ենք, և այս ամենի կուլմինացիան եղավ այն, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն բացահայտորեն ասում են, թե ոնց որ գնացիք ձեր ժողովրդին համոզեցիք, որ, եթե այդ տարածքները չտաք, պատերազմ է լինելու, գնացեք նույն կերպ համոզեք, որ եթե Սահմանադրության ու Հռչակագրի հետ կապված պահանջները չբավարարեք, դարձյալ պատերազմ է լինելու: Այսինքն՝ իրենք գտել են ձևը, ինչպես պետք է հայկական կողմին թելադրեն իրենց պահանջները: Հայկական կողմն էլ, ի դեմս վարչապետի և արտգործնախարարի, հայտարարում են, որ, եթե չզիջենք, պատերազմ է լինելու:
Ադրբեջանը ոգևորվում է դրանից և ամեն անգամ առաջ է քաշում նոր պահանջներ՝ ադրբեջանցիների վերադարձի հարց, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո փոխհատուցման հարց, քանի որ այս դեպքում Հայաստանը դառնում է ագրեսոր: Եվ էլի նմանատիպ հարցեր, որոնք կհանգեցնեն Հայաստանի չգոյությանը: Սրանով ուզում եմ ասել, որ այս խնդիրը մեզ համար գոյաբանական նշանակություն ունի, այդ պատճառով էլ «Սրբազան պայքարի» վերափոխված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը և նրա առաջ քաշած պահանջներն ինքնանպատակ չեն, այս երկիրը կանգնած է մեծ աղետի եզրին, և այս ընթացքը իշխանությունները ի վիճակի չեն կասեցնել:
Պատահական չէ, որ ադրբեջանական և թուրքական կողմերն իշխանություններին աջակցող հայտարարություններ են հնչեցնում՝ ամեն անգամ երբ Հայաստանում ազգային շարժում է սկսվում: Սա այս իշխանություններին աջակցելու ադրբեջանաթուրքական իշխանությունների հստակ որոշման հետևանք է: Ուրեմն և շատ կարևոր է, հայ ժողովուրդը հասկանա, որ գործ ունի կոլաբորացիոնիստական իշխանության օկուպացիոն ռեժիմի հետ: Մի ռեժիմ, որն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը կորցնի ինքնիշխանությունը, դառնա կառավարվող, օտարի առջև սպասարկող՝ աշխատող ժողովրդով:
Այդ նպատակով գրոհ է սկսվել բոլոր ուղղություններով՝ կրթություն, գիտություն, ազգային մշակույթ: Իրականացվում է տոտալ քարոզչություն ազգային գաղափարախոսության, ազգային ինքնության և արժեքների դեմ: Գիտենք՝ ինչ է ասվել Արարատ լեռան հետ կապված, արշավը եկեղեցու դեմ, Լեմկինի ինստիտուտը քննադատեց Հայաստանի իշխանության կողմից հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը: Եթե լիներ այսպիսի մեկ դրվագ, կարող էինք մտածել, թե անփութության կամ տգիտության հետևանք է, սակայն այս ամենը վկայում է այն մասին, որ իրականացվում է հստակորեն ուղղորդված և ծրագրված քաղաքականություն: Ինչպես վերը հիշեցինք, հայության հարցերը ցանկանում են լուծել արմատապես՝ ներառելով Հռչակագրի ու Սահմանադրության փոփոխության նպատակը: Հետևաբար, շատ կարևոր է հայ ժողովրդի ողջ ներուժի համախմբումն այս իշխանությանը վռնդելու համար: Մեկ ուժը կամ մեկ անձն ի վիճակի չի այս մեծ խնդիրը լուծելու, և ուրեմն համախմբմանը, ուժերի մեկտեղմանը այլընտրանք չկա: Շարժումը Տավուշից սկսելով, մեր խնդիրն է եղել վերջինիս օրակարգը դարձնել համահայաստանյան և ապա՝ համահայկական:
Իշխանության նպատակն է անել ամեն ինչ աթոռները պահելու համար՝ այս պահին իրենք միայն այս խնդիրն են լուծում՝ գոհացնել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որոնք սպառնում են իրենց իշխանությանը և ամուր կառչած մնալ աթոռներին: Իրենք լավ հասկանում են, որ աթոռները կորցնելուց հետո կանգնելու են պատասխանատվության առջև՝ Արցախը հանձնելու, բազմաթիվ ապօրինություններ կատարելու համար: Այնպես որ, շատ կարևոր է այս շարժման շարունակումը, նրա սահմանների ընդլայնումը՝ ի հաշիվ ժողովրդի նորանոր զանգվածների: Համոզված եմ, որ առաջիկա ամիսներին մեր երկրում և նրա շուրջ շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ ամենին պատրաստ լինել, որպեսզի կարողանանք մեր ծրագրերն ու նպատակներն իրականացնել:
«Դրօշակ» – Ցանկանում էինք հարցազրույցի վերջում անդրադառնալ սփյուռքի թեմային, սակայն ազգային համախմբման և միասնականության մասին խոսելիս դուք արդեն ակնարկեցիք այս մասին: Ո՞րն է Ձեր կարծիքը, Սփյուռքն ասելիք և անելիք ունի՞ հայրենիքում ծավալվող գործընթացների վերաբերյալ:
Գառնիկ Դ. – Շատ կարևոր է, որ արտերկրի մեր հայրենակիցները ոչ միայն ուշի-ուշով հետևեն հայրենիքում տեղի ունեցողին, այլև մասնակցեն դրան:
Ի դեպ, թուրքադրբեջանական տանդեմի ռազմավարության մեջ է մտնում Սփյուռքը Հայաստանից կտրելը: Այս թեմայով բազմաթիվ հայտարարություններ են եղել, սկսած ցեղասպանության ճանաչման հարցից: Այս հարցը նրանք փորձել են այնպես ներկայացնել, թե իբր ցեղասպանության խնդիրը սփյուռքի մի փոքր հատվածի, այսպես ասած, քմահաճույքն է, և այս ձևով նույնպես փորձ է արվել սեպ խրել հայրենիք-սփյուռք հարաբերությունների մեջ: Այս իշխանության գործունեության խայտառակ երեսներից մեկն էլ այն է, որ Զարեհ Սինանյան թյուրիմացության միջոցով փորձ է արվում պառակտել Սփյուռքը: Սրան հակառակ, անհրաժեշտ է, որ Սփյուռքը և նրա կառույցները մասնակցեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, աշխատանքներ իրականացնեն զուգահեռաբար, փոխանցեն մեզ իրենց պատկերացումներն ու տեսակետները: Մեր կապը պետք է ամուր լինի, սփյուռքի ներուժը պետք է ծառայի հայրենիքի խնդիրների հաղթահարման, մեր պետականության հզորացման գործին:
Ազգի և պետության շահերով առաջնորդվող ուժը չի կարող մեր կենսական հիմնահարցերի լուծման համար շահագրգռված չլինի ներգրավելու Սփյուռքի հզոր ներուժը: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը նպատակ ունի պառակտելու հայությանը և ոչ միայն նրա հայրենիք-սփյուռք հատվածներին: Այսօր նույնը նա անում է անգամ Հայաստանի ներսում: Ապիկար իշխանությունն այսօր ուղղորդված քարոզչություն է տանում արցախցի մեր քույր-եղբայրների դեմ՝ փորձելով թույլ չտալ արցախցիների ինտեգրումը: Հարուցվում են նրանց դեմ իրավական, սոցիալական դժվարություններ ու խոչընդոտներ: Բացահայտ ու բիրտ մեթոդներով փորձ է արվում կանխարգելել բռնագաղթեցված մեր հայրենակիցների պայքարը կորցրած բնօրրան վերադառնալու իրավունքի համար: Որպես պատգամավոր, շփվելով այլ երկրների դիվանագետների, միջազգային կառույցների նրկայացուցիչների հետ, ես լսում եմ նրանցից, թե այդ հարցերով, նախևառաջ, պետք է զբաղվեն Ձեր երկրի պաշտոնական ներկայացուցիչները: Որքան էլ որ արտառոց է, օտարները զբաղվում են մեր հիմնհարցերով, երբ հայրենի անկախ պետության ղեկավարներն ամեն ինչ անում են հրաժարվելու վիժեցնելու համար հանուն մեր իրավունքների իրականացվող օրինական պայքարը: Այս պայմաններում զարգանում է այն միտումը, որ արցախցի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ լքում են Հայաստանը՝ փորձելով բնակություն հաստատել օտար երկրներում: Սա մեզ համար աղետ է, մենք ամեն ինչ պետք է անենք արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում պահելու համար, զուգահեռաբար աշխատանքներ տանենք ապահովելու անվտանգության երաշխիքներով նրանց ետվերադարձի իրավունքը:
«Դրօշակ»- Աշնան շեմին ենք, ի՞նչ է սպասվում, Սրբազան շարժումը նախապես էլ հայտարարել է, որ պայքարը պետք է թևակոխի մի նոր փուլ:
Գառնիկ Դ. – Իհարկե այդ ուղղությամբ բավականին նախապատրաստական աշխատանք է կատարվել, կարող եմ նշել, որ քաղաքական ուժերի և կուսակցությունների միջև գոյացել է համագործակցության, համատեղ քննարկելու, որոշելու և գործելու հնարավորություն: Կան իրական նախադրյալներ այս աշնանը հաջողությունների հասնելու համար, այդ նախադրյալներից ձևավորվել են հենց կատարված աշխատանքի շնորհիվ: Ի՞նչ կլինի առաջիկայում, ցույց կտա ժամանակը, համենայնդեպս, մենք վճռական ենք տրամադրված: Օր առաջ այս իշխանություններին վռնդելը պետք է լինի մեր ամենօրյա հետևողական աշխատանքի նպատակը: Հենց այնպես սրանք չեն հեռանա, որովհետև մտածելու շատ բան ունեն: Միաժամանակ իշխանության մաս կազմող այն անձիք, ովքեր քրեորեն պատժելի արարքներ չեն կատարել, «Սրբազան պայքարի» հռչակած հաշտության նպատակից կարող են օգտվել: Ի վերջո, նրանք պետք է հասկանան, որ մենք բոլորս մեկ նավի մեջ ենք, իսկ իշխանափոխությունը վաղ թե ուշ անխուսափելիորեն տեղի է ունենալու: Իհարկե, իշխանության մեջ կան նման սթափ մտածող, ինչու չէ, նաև հայրենիքի հեռանկարով մտահոգ մարդիկ: Այս մասին հասկանում է նաև իշխանական վերնախավը և սև ու սպիտակի, մենքի ու նրանքի բաժանարարներ գծելով փորձում է այլընտրանքներ չթողնել նման մարդկանց համար, կանգնեցնել նրանց Նիկոլի անդունդ տանող փակուղու առջև: Նիկոլ Փաշինյանը դրդում է այս մարդկանց կիսել իր հանցավոր գործունեության համար պատասխանատվությունը, փորձում է ներշնչել, թե իշխանափոխությունից հետո ինչ պատասխանատվություն կրելու է ինքը՝ նույնին արժանանալու են թիմակիցները: Այնուամենայնիվ, մենք պետք է նկատի ունենանք, որ մարդիկ տարբեր են, և սև ու սպիտակի բաժանարարներ գծելը խոհեմ չէ լուրջ մարտահրավերների առջև կանգնած մեզ նման փոքրաքանակ ժողովրդի համար:
«Դրօշակ»– Ձեր խոսքի մեջ նշեցիք, որ վաղ թե ուշ իշխանափոխությունը տեղի է ունենալու և սա քմահաճույք չէ, այլ բխում է երկիրը, հայ ժողովրդին, մեր պետականությունը փրկելու անհրաժեշտությունից: Գուցե վաղ է այս մասին խոսելը, մյուս կողմից, որպեսզի ժողովրդի մեծամասնությունը հավատա ու գործնականորեն միանա շարժմանը, նաև պետք է իմանա, թե ինչ է լինելու իշխանափոխությունից հետո:
Գառնիկ Դ. – Իհարկե, շատ կարևոր է այն, ինչ դուք ասում եք: Նախ ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունենում, մենք բնութագրել ենք ազգային ազատագրական պայքար: Ազգային ուժերը պայքարի են դուրս եկել ապազգային ուժերի դեմ: Մենք ինչ ենք ասում. ասում ենք, որ երկիրը պետք է ղեկավարեն արհեստավարժ մարդիկ, որոնք ունեն համապատասխան փորձառություն ու հմտություն, մինչ այս իրականացրած գործունեությամբ չեն արատավորել իրենց անունը: Ես այս հարցազրույցի ընթացքում նշեցի, որ մենք ամեն ինչ պետք է անենք ազգային ներուժն առավելագույնս համախմբելու, ճգնաժամի հաղթահարման ու երկրի զարգացման գործին ծառայեցնելու համար: Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն Արցախն ու արցախցիները, ինչպես նաև արտաքին ոլորտը: Պետք է փաստել պարտվողական իշխանության այն թեզի սնանկությունը, թե մենք չունենք բարեկամներ և դաշնակիցներ: Այսօր էլ կան այն ուժերը, որոնք պատրաստ են մեզ հետ դրական երկխոսության: Բնականաբար, նրանք ելնում են առաջին հերթին իրենց շահերից, բայց նրանց հետ մեր շահերը համադրելով պետք է կարողանանք փոխշահավետ լուծումներ գտնել: Ոչ թե լինել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ, այլ դառնալ բազմավեկտոր խաչմերուկ, կանխատեսելի քաղաքականություն վարել, մեր շահի հնարավոր առավելագույնի հաշվարկմամբ համադրել մեր և այլ պետությունների և ուժերի շահերը: Այդ առումով այսօր կան բազմաթիվ հնարավորություններ, որոնցից խելամիտ օգտվելու դեպքում կկարողանանք հասնել մեր նպատակներին:
Շատ կարևոր է նաև սոցիալական արդարության հարցը, երբ հասարակության կյանքում կգերիշխի արդարությունը, հնարավորությունների, պարտականությունների ու իրավունքների հավասարությունը և մարդկանց իրավունքների պաշտպանության սկզբունքը: Այս սկզբունքները, ի դեպ, կարևոր են հենց դաշնակցականներիս համար, որովհետև որպես սոցիալիստական կուսակցության անդամներ դրանք մեր գաղափարական հիմնասյուներն են: Այսօրվա կառավարողները եկան իշխանության՝ բոլոր հայերին կարգելով վարչապետ, սակայն կարճ ժամանակից բացարձակապես հրաժարվեցին հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու պահանջի հետ, զբաղվեցին թալանով ու կոռուպցիայով և ձախողվեցին բացարձակապես բոլոր ոլորտներում: Ձախողումներն այսօր հասել են կատաստրոֆիկ չափերի: Առանձին թեմա է տնտեսության վիճակն ընդհանրապես, կարելի է, սակայն, նշել, որ խայտառակ դրության մեջ է գյուղատնտեսությունը: Իշխանություններն առկա հիմնահարցերին լուծումներ չեն տվել, և ընդունակ էլ չեն տալու: Եղած տնտեսական փոքր աճն էլ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, որից օգտվել է Հայաստանը և բավականին գումարներ է վաստակել: Հայաստանի իշխանությունը, սակայն, այս ընթացքում երկրի տնտեսական վիճակը կարգավորելու, զարգացման համար միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ քայլ չի արել: Ընդհակառակը, տնտեսությունը հետընթացի մեջ է:
Տարբեր ոլորտներ, ինչպես օրինակ ձկնաբուծությունը կամ ավտոներկրողների գործը փակման եզրին են: Երբ անդրադառնում ենք անվտանգության և պաշտպանունակության հարցերին, անշուշտ, առաջնային նշանակություն ունի բանակի վերականգնման ու հզորացման հարցը: Մենք այն իրավիճակում ենք հայտնվել, երբ բազմաթիվ են խնդիրները՝ սկսած առաջնագծից մինչև որակյալ կադրերի պատրաստում: Շատ չեմ ցանկանում փակագծերը բացել, ասեմ պարզապես, որ թշնամու այս ագրեսիվ պահվածքին, պատերազմ սկսելու մշտական սպառնալիքներին հակադարձելու, դրանք կանխելու միակ ձևն այն է, որ նա հասկանա՝ Հայաստանի դեմ ոտնձգություններ թույլ տալու դեպքում իր համար հետևանքները շատ ծանր կլինեն: Թշնամին պետք է իմանա, որ իր առջև ոչ թե ծնկի եկած ու խաղաղություն մուրացող իշխանություն է, այլ այնպիսի ուժ, որը կարող է ապտակ հասցնել, որից ինքը երկար ժամանակ ուշքի չի գա: Տարիներ շարունակ Ադրբեջանը չի հարձակվել, որովհետև իմացել է, որ դա ծանր հետևանքներ կունենա իր համար:
Իհարկե, սրա հետ անմիջականորեն շաղկապվում է նաև արտաքին քաղաքականության ոլորտը: Այս իշխանությունն ասում է, թե մենք բարեկամներ չունենք, գնում է բանակցությունների և իրեն գժի տեղ է դնում, որովհետև ասելիք չունի, ուժ չկա թիկունքին, և իր հետ հաշվի չեն նստում:
Մենք բոլոր այս խնդիրների վերաբերյալ ունենք պատկերացումներ, ծրագրեր, տեսնում ենք դրանց լուծման ուղիները, և մնում է միայն հասնել իշխանափոխության այդ բոլորը քայլ-քայլ իրականացնելու համար:
«Դրօշակ» թիվ 8, 2024թ.