Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանն իր գրառմամբ անդարադրձել է Վահան Խորենուն․
«Վահան Խորէնու բովանդակալից մտքերը սոցիալիզմի մասին
Վահան Խորէնին (Վահան Տէր-Գէորգեան) ծնուել է 1884թ․ Սիսիանի Բռնակոթ գիւղում մի քահանայի համեստ ընտանիքի մէջ։ Նախնական ուսումը ստանալով հայրենի գիւղում, ապա Հին Նախիջեւանի պետական դպրոցում, մտում է էջմիածնի Գէորգեան ճեմարան։ Ճեմարանը աւարտելուց յետոյ, 1907թ․ մեկնում է Գերմանիա, բարձրագոյն կրթութիւն ստանալու համար եւ 1913-ին աւարտում է Լայպցիգի համալսարանի պատմափիլիսոփայական բաժինը։ Նոյն թուականին վերադառնալով Կովկաս՝ նուիրւում է մանկավարժութեան, իբրեւ ուսուցիչ Թիֆլիսի Գայեանեան ղպրոցում։ Ռուսական յեղափոխութիւնից յետոյ, 1917թ․ թողնում է ուսուցչական ասպարէզը եւ ամբողջապէս նուիրւում լրագրութեան եւ հանրային գործունէութեան։
1919թ․ ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Խորէնին տեղափոխուեց Երեւան, ուր ստանձնեց ՀՅԴ Երեւանի Կենտրոնական Կոմիտէի օրգան՝ «Հայաստանի Աշխատաւոր» օրաթերթի խմբագրութիւնը եւ ընտրուեց Հայաստանի խորհրդարանի անդամ։ Վահանը, որ անմիջական մասնակցութիւն ունէր Արցախ-Սիւնիքի Կոմիտէի աշխատանքներին, 1920թ․ ամռանն իր երիտասարդ ընկերոջ՝ Արշակ Շիրինեանի հետ մեկնեց Սիւնիք վարելու համար իր ծննդավայրի ինքնապաշտպանութեան գործը Ադրբեջանի յարձակումների դէմ։ Ձերբակալուեց հայանուն բոլշեւիկների կողմից եւ ընկերոջ հետ զոհուեց օգոստոսի 2-ին։
Ահաւոր չարչարանքներից յետոյ, ղահիճները ջախջախել են նրա գանգը, ասելով, որ․ «Սա մեռած տեղն էլ է մտածում»։
Խորէնին իր կարճատեւ կեանքի ընթացքում հեղինակել է մի շարք փիլիսոփայական եւ գաղափարախօսական նշանակալի յօդուածներ եւ մենագրութիւններ։ Ստորեւ ընթերցողին ենք ներկայացնում Վահան Խորէնու մի քանի մտքեր սոցիալիզմի մասին․
«Սոցիալիզմը կռւում է բոլոր ճնշուածների ու շահագործուողների, ուրեմն ամբողջ մարդկութեան ազատագրութեան համար՝ բոլոր տեսակի շահագործումներից ու ճնշումներից:
«Սոցիալիստական շարժման, նրա ընդհանուր ազատարար հոսանքի մէջ են միանում նաեւ ճնշուած ազգերի եւ թէ կնոջ ազատագրութիւնը․․․
«Սոցիալիզմ - դա նոր, բարոյական, վերածնուած մարդկութիւն ու մարդկայնութիւն (հումանիզմ) է․․․
«Երջանիկ է նա, ում վիճակուած է ապրելու եւ պայքարելու այս գեղեցիկ իդէալի իրականացման համար»:
(Խորէնի Վահան, Ի՞նչ է սոցիալիզմը, Հրատարակութիւն ՀՅ Դաշնակցութեան, «Աշխատաւոր գրադարան»-ի թիւ 3, Թիֆլիս, 1917, էջ 43-44)
«Սոցիալիզմի գաղափարի կուլտուրական արժէքն ու բարոյական մեծութիւնը նրա մէջ է, որ դա որեւէ դասակարգի տիրապետութեան, ուրեմն նաեւ նեղ դասակարգային բարոյականութեան ու իդէալների չէ ձգտում: Դա սոսկ դասակարգային կոիւ չէ որեւէ դասակարգի դէմ։ Աշխատաւոր դասակարգերի ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՌԻՒԸ առհասարակ ԴԱՍԱԿԱՐԳԱՅՆՈՒԹԵԱՆ դէմ է: Դրանք ձգտում են վերացնել դասակարգային տնտեսական տիրապետութեան հետ նաեւ դասակարգային մօրալն ու հոգեբանութիւնը եւ հաստատել ընդհանուր մարդկային բարոյականութիւն, կատարեալ արդարութիւն եւ իրաւունք»:
(Խորէնի Վահան, Ե՞րբ եւ ի՞նչպէս պէտք է լինի սոցիալիստական յեղափոխութիւնը, Հրատարակութիւն ՀՅ Դաշնակցութեան, «Աշխատաւոր գրադարան»-ի թիւ 9, Թիֆլիս, 1918, էջ 111)»։