Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունան Թադևոսյանը ծխի մեջ կորած Ստեփանակերտում փրկարարական ջոկատների հետ տուժածներին փրկելով և նրանց հարազատներին հանգստացնելով էր զբաղված, երբ հանկարծակի Երևանից զանգ ստացավ։ Զանգի նպատակը ոչ թե աղետի գոտում հայտնվածի որպիսությանը կամ այդ պահին ծխացող Արցախում տիրող իրավիճակին ծանոթանալն էր, այլ աշխատանքային պարտականությունը․ «Ձեր անունով դրված ավանդը «վերցնում» ենք, քանի որ Ձեր պետությունը Ձեր փոխարեն չի կատարել վարկային պարտավորությունը»։ Ameriabank-ի աշխատակցին որևէ պատճառ կամ հանգամանք չէր հետաքրքրում։
Հունան Թադևոսյանը Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետն էր։ 2020թ․ պատերազմից ամիսներ առաջ «Ամերիաբանկ ՓԲԸ»-ից վարկ էր վերցրել 2 մլն․ 200 հազար դրամի չափով։ 2020թ․ պատերազմից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրով մինչև 3 մլն․ վարկ վերցրած անձանց ունեցած վարկային պարտավորությունները կատարելու էր պետությունը։
-Ես ևս այդ խնդրանքով դիմում եմ գրել Արցախի ներդրումային հիմնադրամ․ պատասխանը դրական էր։ Դրանից հետո 3 տարվա ընթացքում ո՛չ բանկն է ինձ անհանգստացրել, ո՛չ հիմնադրամը,-ասում է Հ․ Թադևոսյանը։
Պետությունից միակ անգամը աջակցություն ստացած մեր զրուցակիցը համոզված էր, որ որևէ մեկը իրեն այլեւս վարկի հարցով չի անհանգստացնի։ Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ մինչև 2023թ․-ի չարաբաստիկ սեպտեմբերի 25-ը։
Հունանը հորդորում էր հեռախոսակապի հակառակ կողմում գտնվող մարդուն մի քիչ սպասել, քանի որ կանխորոշված էր, որ շուտով բոլորը գնալու են ՀՀ, հասնելուն պես կմոտենա բանկ և հարցերը տեղում կլուծեն, սակայն աշխատակիցը միայն բանկի որոշման մասին է իրազեկում․ «Չենք սպասում, քանի որ չգիտենք ինչ է լինելու Արցախի Հանրապետության ճակատագիրը՝ լուծարվելո՞ւ է, թե՞ չէ, արդյո՞ք կատարելու է պարտավորությունները»։ Նույն օրը երեկոյան Հունանը հեռախոսին հաղորդագրություն ստացավ՝ հաշվեհամարից ելքագրվել է 2․600․000 դրամ։
Տեղի ունեցածից հետո Հունանը Արցախում դիմել է պետնախարար Արթուր Հարությունյանին, ով խոստացել է Հայաստան հասնելուն պես բոլոր հարցերը լուծել, նաև հորդորել է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամին։ Այնտեղ դիմելուց հետո Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Սևակ Հարությունյանը վստահեցրել է, որ տվյալների բազան արխիվացվել է և պահպանվում է, ՀՀ տեղափոխվելուց հետո կդիտարկեն խնդրի կարգավորումը։
Բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետությունում հայտնվելով՝ Հունանը գնաց Արցախի ներկայացուցչություն, որտեղ ժամանակավոր տեղավորվել էին Արցախի պետական ինստիտուտները։ Այնտեղ Պետնախարարն ասաց, որ առայժմ որևէ հարցով չեն կարող օգնել, որովհետև բյուջե չունեն։
Գումարը, որ եղել է բանկի իմ հաշվեհամարին՝ չկա, ու ոչ ոք դրա համար պատասխանատու չէ՝ ո՛չ բանկը, ո՛չ պետությունը․ Հունան Թադեւոսյան
-Փաստացի, ես եկել եմ Հայաստան առանց գումարի, իսկ այն գումարը, որը եղել է բանկի իմ հաշվեհամարին, չկա, ու ոչ ոք դրա համար պատասխանատու չէ՝ ո՛չ բանկը, ո՛չ պետությունը՝ ոչ մեկը,- հուսահատվում է Հ․ Թադևոսյանը և հավելում,-եթե ինձ այդ երեք տարվա ընթացքում ասեին, որ պետությունը չի վճարելու այդ գումարը, և դուք պարտավոր եք տալ, ես միանշական կարող էի տալ, քանի որ վճարունակ էի։
Վարկի չմարված գումարը կազմել է երկու մլն․ վեց հարյուր հազար դրամ։ Գումարն ամբողջությամբ Ameriabank-ը վերցրել է Հունանի ունեցած ավանդից։ Ընդ որում, որևէ մեկը նրան չի զգուշացրել նման պայմանի մասին, որ չվարված վարկի դիմաց հնարավոր է իր ավանդից պահումներ անեն։ Թե՛ բարոյական և թե՛ իրավական տեսանկյուններից այդ գումարը պետք է փոխանցվեր անձին, որպեսզի վերջինս ինքնուրույն տնօրիներ դրա հետագա ընթացքը։
Տեղի ունեցած անախորժ դեպքից հետո Երևանում Հունանին Արցախի ներդրումային հիմնադրամից տեղեկացրել են, որ ԱՀ նախագահի ստորագրած որոշումը չի տարավծում ավանդ ունեցող քաղաքացիների վրա, մինչդեռ նույն անձի՝ ծրագրից օգտվելու դիմումը ընդունել, հաստատել և ընթացք է տվել նույն կառույցը՝ Արցախի ներդրումային հիմնադրամը։
-Բանկն ինձ 3 տարի չի անհանգստացրել։ Ես միշտ քաղվածքները ստանում էի, և միշտ գրված էր «ժամկետանց պարտավորությունը՝ 0 դրամ»,- փաստում է Հունան Թադեւոսյանը։
Ամերիաբանկը լուռ է, ԿԲ-ն հորդորում է դիմել իրենց եւ իրավապահներին
Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար զանգեցինք Ամերիաբանկ։ Խնդրեցին նամակով պաշտոնապես դիմել, որպեսզի պատասխանեն։
Նամակը, որն ուղարկեցինք, հետեւյալն է․ «2020 թ-ի պատերազմից հետո որոշում է կայացվել, որ արցախցիների վարկերը պետք է մարի պետությունը։ Նրանցից մեկը, ով դիմում է գրել, հաստատվել է եւ 3 տարի ոչ մի մուծում չի արել, քանի որ մտածել է, որ իր 2 մլն դրամից ավելի վարկը մարել է պետությունը, 2023 թ․-ին Ամերիաբանկից հաղորդագրություն է ստանում, որ իր հաշվին եղած ավելի քան 2 մլն դրամ ավանդը յուրացվել է որպես նախկին վարկի եւ դրան ավելացած տոկոսների գումար։ Այդ քաղաքացու անունը Հունան Թադեւոսյան է։ Խնդրում ենք պարզապանել այս կոնկրետ դեպքի հետ կապված խնդիրը եւ արդյո՞ք այլ արցախցիներ եւս եղել են, որոնց գումարը բանկը յուրացրել է՝ նախկին վարկի դիմաց, որը պետք է վճարեր պետությունը»։
Ամերիաբանկի ավտոպատասխանիչը պատասխան նամակ ուղարկեց․ «Շնորհակալություն նամակի համար: Մենք անչափ կարևորում ենք մեր գործընկերների և հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովումը: Ձեր նամակը կփոխանցվի համապատասխան ստորաբաժանմանը»:
Օրենքով նախատեսված 5 օրն անցել է, բայց Ամերիաբանկն այլ պատասխան առայսօր չի ուղարկել, անգամ չի խնդրել լրացուցիչ 30 օր՝ հարցն ուսումնասիրելու համար։ Սա մեզ իրավունք է տալիս հրապարակելու նյութը առանց այդ պատասխանի։ Այնուամենայնիվ, եթե, թեկուզ ուշացմամբ, լինի պատասխան՝ մենք պատրաստակամ ենք այն եւս հրապարակելու՝ բանկի տեսակետը եւս հանրությանը ներկայացնելու համար։
Մենք նույն հարցումն ուղարկեցինք նաեւ ՀՀ Կենտրոնական բանկ՝ որպես բոլոր բանկերի գործունեության վերահսկողության գործառույթ ունեցող մարմին։
Կենտրոնական բանկի պատասխանը սա է․ «2020 թվականին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ որոշակի չափանիշներին համապատասխանող վարկերի մասով տարբեր աջակցության ծրագրեր են իրականացվել ինչպես Արցախի Հանրապետության կառավարության կողմից, այնպես էլ տարբեր բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից: 2023 թվականի տարեվերջին Արցախից բռնի տեղահանված անձանց վարկային պարտավորությունների մասով ՀՀ կառավարությունն իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք աջակցության ծրագրեր: Համապատասխանաբար, եթե որևէ վարկառու գտնում է, որ համապատասխանել է վերը նշված աջակցության ծրագրերից որևէ մեկին, սակայն չի ստացել այդ աջակցությունը, պետք է դիմի իրեն վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը և ստանա համապատասխան պարզաբանումներ, իսկ այդ պարզաբանումներով բավարարված չլինելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Կենտրոնական բանկին:
Ինչ վերաբերում է բանկերի կողմից քաղաքացիների միջոցները «յուրացնելու» Ձեր գնահատականին, ապա խնդրում ենք այդ մասով կոնկրետ օրինակներով և դեպքերով համապատասխան հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին, ինչպես նաև այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին»:
Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանին ուղղված մեր բազմաթիվ հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Ի՞նչ ճակատագիր են ունեցել այդ գումարները 3 տարի շարունակ՝ այն տարիներին, երբ արցախցիները բանկից զրոյական պարտավորության մասին ծանուցումներ են ստացել, այդպես էլ մնում է անհայտ։
Արցախից բռնի տեղահանված բոլոր այն քաղաքացիները, որոնց հետ վարվել են Հունան Թադեւոսյանի հետ կատարվածի օրինակով, կամ այլ խնդիրների են հանդիպել վարկերի հետ կապված՝ կարող են նկատի առնել Կենտրոնական բանկի պատասխանը եւ դիմել իրենց հետ աշխատած բանկին, իրավապահներին եւ Կենտրոնական բանկին՝ խնդիրն ուսումնասիրելու համար։
Հ. Գ. Օգոստոսի 28-ին ստացանք Ամերիաբանկի պատասխանը, որն էլ հրապարակում ենք. «Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է բանկային գաղտնիք։ Միաժամանակ հաշվի առնելով Օրենքի 16-րդ հոդվածը, այն է` Բանկը պարտավոր է մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում Օրենքի դրույթներին՝ հայտնում ենք, որ պահանջված տեղեկատվությունը Ձեզ չի կարող տրամադրվել։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Բանկի հաճախորդին վերաբերելի և օրենքով նախատեսված տեղեկատվությունը կարող է քննարկվել և տրամադրվել հենց հաճախորդին»:
Իրինա Հայրապետյան
Աննա Բալյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ։