կարևոր
3448 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-03 12:21
Հասարակություն

Կառավարությունը պատրաստվում է չեղարկել արտոնությունները

Կառավարությունը պատրաստվում է չեղարկել արտոնությունները

168.am-ը գրում է.

Տնտեսության ու հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներ շուտով կանգնելու են փաստի առաջ։ Կառավարությունը պատրաստվում է չեղարկել արտոնությունները, չնայած երբեք չի վերլուծել և պատկերացում չունի, թե ինչ են տալիս դրանք տնտեսությանը։ Խոսքը հարկային այն արտոնությունների մասին է, որոնք կիրառվում են տարբեր ոլորտներում խթաններ ստեղծելու համար, երբեմն էլ՝ այլ նպատակներով։

Կառավարությունը մինչև հիմա չգիտի, թե ինչ են տվել այդ արտոնությունները, բայց ամբողջ զավեշտն այն է, որ չի էլ ուզում իմանալ։

Առանց իմանալու էլ պատրաստվում են դրանք վերացնել։

Արտոնությունների վերացմամբ շահագրգռված են միջազգային ֆինանսական կառույցները, որոնք ունեն իրենց շահերը։ Նրանք հետաքրքրված են տրամադրած վարկերի վերադարձելիության ռիսկերի նվազմամբ։

Ուստի՝ խրախուսում, երբեմն էլ՝ պարտադրում են հրաժարվել արտոնություններից։

Այնինչ՝ արտոնությունները բոլորովին էլ ինքնանպատակ չեն։ Եթե տրվել են, տրվել են որոշակի նպատակով։ Կառավարության խնդիրն է՝ հասկանալ, թե դրանք ինչքանով են ծառայել կամ ծառայում իրենց նպատակին։

Եթե չեն ծառայում, գուցե պետք է փոխել մոտեցումները, գուցե և պետք է վերացնել։ Բայց դա պետք է անել միայն մանրակրկիտ վերլուծություններից հետո։ Այլապես հետևանքները կարող են չափազանց տխուր լինել։

Նման իրավիճակի շատ շուտով ականատես կլինենք, երբ գործողության մեջ կմտնի շրջանառության հարկի արտոնության նույնիսկ մասնակի վերացումը։

Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնությամբ շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսավարողների համար հարկային բեռը հաջորդ տարվանից կկրկնապատկվի՝ արտոնության մասնակի վերացման պատճառով։ Դրա հետևանքները հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար շատ ավելի ծանր կլինեն, քան այն արդյունքը, որն իշխանություններն ակնկալում են ստանալ ֆինանսական միջոցների տեսքով։

Բոլորովին այնպես չէ, որ արտոնության վերացումից հետո բյուջեն միանշանակ շահելու է։

Տնտեսական վնասները դրանից կարող են շատ ավելի մեծ լինել, քան բյուջեի օգուտները, որոնք ակնկալվում է ստանալ արտոնության վերացման ճանապարհով։ Չոր հաշվարկներով այստեղ առաջնորդվելը հղի է վատ հետևանքներով։

Ֆինանսների նախարարության ամենաթարմ գնահատումներով, հարկային արտոնությունների տարեկան վճարը հասնում է 680 մլրդ դրամի։

Սա, անշուշտ, մեծ գումար է բյուջեի համար։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ վաղն արտոնություններն ընդհանրապես հանելու պարագայում բյուջեի եկամուտներն այդքանով կավելանան։ Միամտություն է այդպես կարծելը, թեև իշխանությունները փորձում են նման տպավորություն ստեղծել։

Անկախ նրանից, թե արտոնություններն ինչպիսի ծավալ են կազմում՝ առանց բավարար հիմնավորումների, դրանք չի կարելի կտրել-թափել՝ զուտ ֆիսկալ խնդիրներ լուծելու ակնկալիքով։ Մի բան, ինչին գնում ու առաջիկայում պատրաստվում է ավելի արագացված քայլերով գնալ կառավարությունը, հաշվի առնելով զուտ այն հանգամանքը, որ բյուջեն շուտով կարող է կանգնել շատ ավելի լրջագույն խնդիրների առաջ, քան երևում է այս տարվա մուտքերում։

Հայաստանը եզակի երկիր չէ, որտեղ հարկային արտոնություններ են կիրառվում բիզնեսին աջակցելու համար։ Արտոնությունների համակարգը տարբեր ձևերով գործում է տարբեր երկրներում։ Երբեմն դրանք նույնիսկ ոչ այնքան տնտեսական, որքան սոցիալական նշանակություն ունեն։

Հայաստանում գործող արտոնությունների մի զգալի հատվածը հենց այդպիսին է։

Խոսքն ինչպես առողջապահության, այնպես էլ՝ կրթության, ինչ-որ առումով՝ նաև գյուղատնտեսության ոլորտին տրված արտոնությունների մասին է։

Այս ոլորտներն օգտվում են ԱԱՀ արտոնությունից։ Իհարկե, երբեմն՝ մասնակի։

Օրինակ՝ նույն առողջապահության ոլորտում դեղերի ներկրումը հարկվում է ԱԱՀ-ով։ Դա է, թերևս, պատճառը, որ Հայաստանում դեղերն անհամեմատ ավելի թանկ են, քան, ասենք՝ հարևան Վրաստանում, որտեղից շատերը փորձում են դեղեր ձեռք բերել՝ անձնական օգտագործման համար։

Սրա արդյունքն էլ դեռ պարզ չէ՝ ավելի շատ դրակա՞ն է, թե՞ բացասական։

Տնտեսագիտական գնահատական, ինչպես շատ դեպքերում, չկա, չեն էլ ուզում տալ։

Արտոնության կիրառումը թույլ է տալիս մեղմել գնային քաղաքականությունը։ Այլ հարց, թե դրանից օգտվողներն ինչքանո՞վ են պահում խաղի այդ կանոնները։

Կառավարության խնդիրն է՝ հետևել դրան, բայց կառավարությունը չի կատարում ու չի էլ ուզում կատարել իր պարտավորությունները։ Եվ ավելորդ գլխացավանքից իրեն ազատելու համար՝ պատրաստվում է վերացնել արտոնությունները։ Դա ենթադրում է այդ ոլորտներում մատուցվող ծառայությունների կտրուկ թանկացում, որոնք ծանրանալու են սպառողների վրա։

Ովքե՞ր են կրթության և առողջապահության ոլորտի սպառողները, բնականաբար, քաղաքացիները։

Այսինքն՝ այս արտոնությունների վերացումից տուժում են քաղաքացիները։

Նույնը նաև գյուղատնտեսությանն է վերաբերում։

Տարիներ շարունակ գյուղատնտեսությունը Հայաստանում դուրս է եղել ԱԱՀ դաշտից, ունեցել է արտոնություն։ Բայց նույնիսկ նման արտոնության պայմաններում գյուղատնտեսությունը Հայաստանում գտնվում է խիստ անմխիթար վիճակում՝ տեխնոլոգիական զարգացում չկա, ցածր է արտադրողականությունը, թույլ է մրցունակությունը, աճ գրեթե չկա։

Այսպիսի պայմաններում արտոնության վերացումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տնտեսության այդ կարևոր ճյուղի վրա, մեծացնել սոցիալական ճնշումը։ Բայց դա և ընդհանրապես տնտեսական խնդիրներն այնքան էլ չեն մտահոգում կառավարությանը։ Առաջնայինը կառավարության համար փողն է, որ ինչպես ուզենա, այնպես ծախսի, ինչքան ուզենա, այնքան ծախսի՝ սեփական քմահաճույքների համար։

Արտոնությունների վերացումը, որքան էլ առաջին հայացքից գուցե գայթակղիչ է թվում բյուջեի եկամուտներն ավելացնելու տեսակետից, նույնքան վտանգավոր է։ Եթե վաղը բոլոր արտոնությունները միանգամից հանվեն, կասկած չկա, որ դրանց իրական էֆեկտը շատ ավելի փոքր է լինելու բյուջեի եկամուտների վրա, քան արտոնությունների այն տպավորիչ ցուցանիշներն են, որոնք ներկայացվում են։