կարևոր
2812 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-26 13:44
Հասարակություն

Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել

Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել

«Հետք»-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Բաշկորտոստանի Հանրապետության արբիտրաժային դատարանը 2023թ. մայիսի 12-ին սնանկ է ճանաչել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս չի կատարել մի շարք հարկային պարտավորություններ, ինչն էլ սնանկության հիմք է հանդիսացել։ Սնանկ, այլ կերպ ասած՝ անվճարունակ ճանաչվելու համար դատարան դիմել է հենց Դ. Ղումաշյանը: Վերջինս դատական նիստերին չի մասնակցել, դիմում է ուղարկել, որ նիստերն անցկացվեն իր բացակայությամբ՝ գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Ըստ դատարանի որոշման՝ Դավիթ Ղումաշյանն ունեցել է այգեգործության համար նախատեսված երկու հողամաս՝ 416քմ և 406քմ՝ Իգլինսկի շրջանում, 38քմ բնակարան, ինչպես նաև 141,4 քմ տարածք, 264,6քմ և 298,5 քմ ոչ բնակելի տարածքներ և 2486 քմ հողամաս։ Բացի երկու հողատարածքից, մյուս անշարժ գույքը գտնվում է Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆա քաղաքում: Ոչ բնակելի տարածքներից մեկն ու մեծ հողատարածքը ձեռք է բերվել հիպոթեքով: Ունեցել է նաև տրանսպորտային միջոցներ՝ 2015թ. արտադրության «Harley Davidson ON XL1200X» մակնիշի մոտոցիկլետ և  1998թ. արտադրության «GAZ 3302» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Ուշագրավ է, որ Դավիթ Ղումաշյանը Ռուսաստանի Դաշնությունում ունեցել է 9 միավոր գույք՝ երկու ավտոմեքենա և յոթ անշարժ գույք։ Դրանք ձեռք են բերվել 2007-2012թթ․ ընթացքում։ Անշարժ գույքից չորսն օտարվել է։ 2014թ․ օտարվել է 141․4 քմ մակերեսով տարածք, իսկ մյուս երեքն օտարվել են 2023թ․ մայիսի 18-ին՝ սնանկ ճանաչվելուց 6 օր հետո։ Մասնավորապես՝ օտարվել է 264․6քմ տարածք և 2324 քմ և 298,50 քմ մակերեսներով կառույցներ։ 

Հարկ է նշել, որ բոլոր փաստաթղթերում նշված է, որ Դավիթ Ղումաշյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, այսինքն փաստացի՝ երկքաղաքացի։

Ո՞վ է Դավիթ Ղումաշյանը

Դավիթ Ղումաշյանը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ։ 2016թ․ հոկտեմբերի 2-ին ընտրվել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար, հետո վերընտրվել այդ պաշտոնում։ 

2022թ․ սեպտեմբերի 22-ին ավագանու ընտրություններ են կայացել Ալավերդի համայնքում, որտեղ Դավիթ Ղումաշյանն արդեն «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարն էր՝ պատգամավոր Արեն Մկրտչյանից հետո։ Ընտրությանը մասնակցել է 4 քաղաքական ուժ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը առաջ է անցել իշխող ՔՊ կուսակցությունից, և ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանն ընտրվել է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար։

2023թ․ դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան՝ 6։30-ից, ոստիկանությունը շրջապատել էր Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքը՝ Ալավերդի համայնքի գործող ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացն ապահովելու համար։ Շենքի առջև հավաքված համայնքի ղեկավարին, ավագանու «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցության անդամներին, նաև՝ համայնքապետարանի աշխատակազմին ու դրսում հավաքված բնակչությանը թույլ չէին տվել մտնել վարչական շենք։

Կարմիր բերետավորների ուղեկցությամբ ավագանու նիստերի դահլիճ են մտել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը գլխավորել էր ՔՊ ցուցակը ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ապա մեծամասնություն չդառնալուց հետո ինքնաբացարկի դիմում ներկայացրել, և ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամները։ 

Նույն օրը՝ ժամը 10։53 րոպեին, հայտարարվել էր, որ ընտրությունն ավարտվել է, ավագանու 14 անդամ մասնակցել է քվեարկությանը։ Ամփոփելով՝ հայտարարվել էր, որ ավագանին անվստահություն է հայտնել Արկադի Թամազյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրել է համայնքի ղեկավար։

Դավիթ Ղումաշյանը, գույք ունենալուց բացի, Ռուսաստանում նաև գործարարությամբ է զբաղվել։

Դավիթ Ղումաշյանը 2020թ․-ից հայտարարագրեր է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Իր հայտարարագրերում որևէ անգամ չի նշել, որ Ռուսաստանի Դաշնությունում գույք ունի, ընկերության սեփականատեր է, շահաբաժին է ստացել կամ գույքի օտարումից՝ եկամուտներ:

Դավիթ Ղումաշյանը Ռուսաստանի Դաշնության արբիտրաժային դատարան տեղեկություններ է ներկայացրել, որ գրանցված ամուսնության մեջ չէ, չունի անչափահաս երեխաներ: Բացի այդ, դատարանին տեղեկություն է ներկայացվել, որ տվյալ ժամանակ չի աշխատել: Սա այն դեպքում, երբ իրականում Դ. Ղումաշյանն ամուսնացած է և խնամքին ունի երկու անչափահաս երեխա: Փաստացի, պաշտոնյան դատարանին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել։

Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա 2023թ․ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի համաձայն՝ ունեցել է 9 անշարժ գույք՝ 2 առանձնատուն Լոռու մարզի  Ալավերդի և Շնող բնակավայրերում, 4 միավոր հողատարածք՝ Շնող գյուղում, արտադրական և հասարակական նշանակության 2 շենք-շինություն՝ Շնող և Նեղոց գյուղերում: Ղումաշյանը հայտարարագրել է նաև 1 բնակարան Շնող գյուղում։ Համայնքի ղեկավարը հայտարարագրել է նաև 2016թ․ արտադրության «CHEVROLET» մակնիշի ավտոմեքենա։ 

Դ․ Ղումաշյանը արտերկրում գտնվող անշարժ գույքը և տրանսպորտային միջոցները  չի հայտարարագրել։ Ընդ որում՝ նա այդ գույքը չի նշել նաև նախորդ՝ 2020-2022 թթ․ հայտարարագրերում։ Միայն 2020թ․ հայտարարագրում Դ․ Ղումաշյանը, որպես եկամուտ, նշել է վարձակալությունից ստացված 47 հազ․ ռուսական ռուբլի։ Սակայն, այս փաստը պատշաճ ուշադրության չի արժանացել, թե ինչ գույք է վարձակալության հանձնվել, եթե եկամուտը ստացվել է արտարժույթով, իսկ արտերկրում գտնվող գույքի մասին հայտարարագրերում տեղեկություններ չկան։

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2023թ․ տարեվերջի դրությամբ Ղումաշյանն ունեցել է 12 մլն դրամ կանխիկ գումար և 261 հազ․ դրամ բանկային հաշիվներում առկա մնացորդ։ Տարվա եկամուտը կազմել է մոտ 6 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձերից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։