կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-11 20:39
Իրավական

Ինչ գույք ու եկամուտ է հայտարարագրել 48-ամյա դատավոր Լուսինե Աբգարյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքի քննությունը

Ինչ գույք ու եկամուտ է հայտարարագրել  48-ամյա դատավոր Լուսինե Աբգարյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքի քննությունը

Ինչ գույք ու եկամուտ է հայտարարագրել 48-ամյա դատավորը` պարզել է Yerkir.am-ը։

Տավուշի մարզի Բերդ քաղաքում 1971 թ.-ին ծնված Լուսինե Լևոնի Աբգարյանը 2014թ.-ին՝ ստանձնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը, հայտարարագրել է հողամաս, 200.000 դրամ և 500 դոլար:

Երկու աղբյուրից ստացած եկամուտը կազմել է 1 մլն 639,000 դրամ:

2014թ.-ի տարեկան հայտարարագրում Լուսինե Աբգարյանը հայտարարագրել է 1 մլն 742,000  դրամ եկամուտ՝ աշխատավարձ 1 մլն 638,000 դրամ և այլ եկամուտներ 103,000 դրամ:

2015-ի հայտարարագրում Լուսինե Աբգարյանը նշել է 1,5 մլն դրամի հանձնված փոխառության մասին: Դրամական միջոցները կազմել են՝ 900,000 դրամ և 500 դոլար:

Աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 6 մլն 627,000 դրամ:

2016 թ.-ին Լուսինե Աբգարյանը հայտարարագրել է 2 մլն դրամ և 500 դոլար: Տվյալ հարկային տարում նրան է վերադարձել 2015թ.-ին տրված փոխառությունը: Դատավոր Աբգարյանը նոր փոխառություն է տվել, որը կազմել է 2 մլն 600,000 դրամ:

Այսպիսով, նրա եկամուտը կազմել է 7 մլն 94,000 դրամ, որից աշխատավարձ 6 մլն 988,000 դրամ և տրված փոխառություն 106,000 դրամ:

2017 թ.-ի տարեկան հայտարարագրում Լուսինե Աբգարյանը նշել է 6,5 մլն դրամ և 2 մլն 799 դրամ փոխառություն:

Դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 1,5 մլն դրամ և 1500 դոլար:

Եկամուտը կազմել է 7 մլն 374,000 դրամ, աշխատավարձ 6 մլն 785,000 դրամ, իսկ փոխառությունները կազմել են 588,880 դրամ:

2018-ին, ստանձնելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը Լուսինե Աբգարյանը հայտարարագրել է 2 հանձնված փոխառություն՝ 500,000 դրամ և 3000 դոլար: Փոխառության գումարը հարկային տարվա վերջում կազմել է առաջինի դեպքում 7 մլն դրամ, երկրորդի՝ 5000 դոլար:

Դատավորը հայտարարագրել է նաև 1 մլն դրամ դրամական միջոց և 7 մլն 744,000 դրամ եկամուտ, որից աշխատավարձ 7 մլն 132,000 դրամ, փոխառություններ՝ 620,000 դրամ և 55 դոլար:

Կենսագրություն. 1996 թ.-ին Լուսինե Լևոնի Աբգարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մեկ տարի անց աշխատել է ՀՀ գերագույն դատարանում` որպես կարգադրիչ: 1999-2007 թթ.-ին եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավորի օգնական:

2007-2008 թթ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանում զբաղեցրել է դատավորի խորհրդականի պաշտոնը: 2008-2009 թթ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանում եղել է աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:

2009-2014 թթ.-ին զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

2014 թ.-ին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:

2014 թ.-ի դեկտեմբերի 24-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2018 թ.-ից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:

Լուսինեի հայրը` Լևոն Աբգարյանը, Տավուշից է, մասնագիտությամբ՝ դատավոր: Մայրը՝ Արցախից, գրադարանավարի երկարամյա ստաժով: Լուսինեն է՛լ, եղբայրն է՛լ, թեև տարեկիցներ չեն, բայց նույն տարին ընդունվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ու սովորել նույն կուրսում:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Բողոքը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Մեղադրող դատախազները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը բավարարվել էր: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը դեկտեմբերի 10-ին  մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին: