կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 17:13
Արցախ

Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ

Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նախատեսվածի համաձայն՝ երեք խումբ մեկնում էր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքների: Առավոտյան կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ է հաստատվել և պարզ է դարձել, որ Շեխեր գյուղի մոտակայքից նրանց չի թույլատրվել առաջանալ: Հիմա նրանք հետ են վերադառնում»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Նշենք, որ ադրբեջական լրատվամիջոցները դեկտեմբերի 27-ին հայտնել են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Տող գյուղը ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո է։ Արցախի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Արցախի ՊՆ-ից նշել են, որ այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։ ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։