կարևոր
60895 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-21 09:58
Մշակույթ

Տավուշյան վարդավառի մեկնարկ, որի մասին դեռ երկար կխոսեն

Տավուշյան վարդավառի մեկնարկ, որի մասին դեռ երկար կխոսեն

Այս տարվա տավուշյան վարդավառը դեռ երկար ժամանակ կմնա տեղացիների սրտում և հիշողության մեջ։ Սա թվով երկրորդ տարին է, ինչ «Մենք ենք մեր սարերը» փառատոնի շրջանակներում կազմակերպվում է մշակութային և կրթադաստիարակչական մեծ միջոցառում՝ համեմված երգ ու պարով, տիպիկ բարբառների ներկայացմամբ, ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ և, իհարկե, համեղ հյուրասիրությամբ:

Մշակութային զարգացման ռազմավարությունը ներառում էր բազմաթիվ գործընթացներ՝ համատեղ միջոցառումների կազմակերպում, փորձի փոխանակում, ենթադրամաշնորհներ, որի շրջանակում 16 արհեստի և արվեստի ակտիվ երիտասարդներ ստացել են 2 մլն դրամի չափով դրամաշնորհներ։

Սա փառատոնի իրականացման երկրորդ տարին է, որի շրջանակներում ընդգրկվում են տարբեր բնակավայրեր, որոնք ընտրվում են մասնակցային գործընթացով։ Միջոցառման մեկնարկը տրվել է հուլիսի 19-ին՝ մարզկենտրոն Իջևան քաղաքից:Ոչ միայն քաղաքի, այլ նաև հարակից գյուղերի բնակիչները ողջ օրվա ընթացքում ներկա էին մշակութային մեծ իրադարձությանը. հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելու տարբեր երաժշտական և պարային կատարումներ, դե, իսկ երեկոն է՛լ ավելի հագեցած դարձրեց «Նեմրա» երաժշտական բենդը։

Փառատոնն իր վառ և գունեղ հիշողություններ փոխանցող միջոցառումը շարունակեց հուլիսի 20-ին՝ Իջևանից ոչ հեռուգտնվող Սևքար գյուղում. գյուղացիների համար սա իսկապես անմոռանալի օր էր, որի մասին դեռ երկար է հիշվելու և, ինչու՞ ոչ, գուցե այն շարունակական բնույթ կրի։

Փառատոնը կազմակերպվել է EU4Culture ծրագրի շրջանակներում։ Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանի խոսքով՝ փառատոնը համախմբում է բոլորին, սա այն եզակի միջոցառումներից է, որի՝ հասարակության շրջանում իրականացվելու փաստը դառնում է խթան՝ մեր մշակույթին տեր կանգնելու համար։

Կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև ծրագրի ազգային համակարգող Մարինե Կարոյանը և ֆինանսական ղեկավար Հասմիկ Մուրադյանը, ովքեր մեծ ավանդ ունեն երկու տարի տավուշյան տարածաշրջանում այս միջոցառման կազմակերպման գործում։

Տիկին Կարոյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է ի ցույց դնել Իջևանի մշակույթը: Վերջինս նշում է, որ, թեև տարածաշրջանն արդեն իսկ աչքի է ընկնում իր մշակույթով, խոհանոցով ու տիպիկ բարբառներով, սակայն ևս մեկ անգամ դրանց ներկայացումը է՛լ ավելի կարևոր ու արժեքային կդարձնի դրանց՝ տավուշցիների նպատկաները։

Միջոցառման սկիզբը Սևքար գյուղում ազդարարվել է առավոտյան 11-ից։ Օրն է՛լ ավելի հագեցած դարձնելու համար ներառված էին մշակութային տարբեր կատարումներ՝ լարախաղից մինչև ավանդական ջրոցի։ Օրվա կազմակերպիչները կարևոր համարեցին ընդգծելու միջոցառման կազմակերպման գործընթացքում համայնքի ղեկավար Թաթուլ Թելոյանի աջակցությունը: Դե, իսկ ողջ միջոցառման ընթացքում ներկա էր Տավուշի Նորարական հաբի կամավորական խումբը, որը հետևում էր տեղի ունեցող իրադարձություններին և օգնում հանրությանը՝ կողմնորոշվելու անհրաժեշտ տաղավարը փնտրելու գործընթացում։

Ներկաներից շատերը գյուղի կենտրոնից հեռացան այն մտորումներով և համոզմամբ, որ նման հավաքույթները կդառանան իրենց շրջանի այցեքարտը և աշխարհին Տավուշն ու տավուշյանը ներկայացնելու ամենավառ ու տպավորիչ միջոցներից մեկը։

Սյուզի Դավթյան

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, կուլտուրայի ֆակուլտետ, լրագրության բաժին, 4-րդ կուրս