Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրում է.
«Հունիսի 19-ին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ գուժելով սպասվելիք նոր պատերազմը․ «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,-ասվում էր հայտարարության մեջ:
Ցանկացած նորմալ երկրում նման հայտարարությունից հետո իշխանությունները կմոբիլիզացնեին պետության բոլոր ռեսուրսները, կփորձեին ամենօրյա ռեժիմով աշխատել միջազգային գործընկերների հետ, հատկապես տարածաշրջանում գործուն ազդեցություն ունեցողների հետ։ Կարճ ասած, մինչև նոյեմբեր իշխանությունները պետք է աչք կպցնելու ժամանակ չունենային։ Այս ամենը տեղի կունենար նորմալ երկրում, իսկ հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատեւ արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ն է արձակուրդում: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։ 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաեւ ֆինանսների նախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչեւ հուլիսի 22-ը:
Փաստորեն, պետական բարձրաստիճան պաշտոնյաները ի պաշտոնե իրենց պարտավորությունն են համարում հավանական աղետի մասին հանրությանը տեղեկացնելը, իսկ ռիսկերի կառավարումը, պետության անվտանգության ապահովումն իրենց գործը չէ։ Իշխանական տրամաբանությունը հասկանալի է՝ եթե պատերազմ եղավ, ապա կհայտարարեն, որ իրենք նախապես տեղեկացրել էին․ ո՞վ է մեղավոր, որ քաղաքացիները չեն հասցրել ապահովել իրենց անվտանգությունը կամ չեն կարողացել փախնել երկրից։ Իսկ եթե ինչ-որ այլ պատճառով Ալիևը որոշի պատերազմ չսկսել, ապա կհայտարարեն, որ դա իսկական հաղթանակ էր, որը կրել են՝ իրենց Բեռլինում հեծանիվ քշող, իսկ Լոնդոնի սրճարաններում տիկ-տոկ տշող Փաշինյանի գլխավորությամբ։
Մյուս կողմից, հաշվի առնելով իշխանական էլիտայի որակները, մտավոր կարողություններն ու Ադրբեջանին ծառայելու անհագուրդ ծարավը, լավ կլինի իրենց արձակուրդը հնարավորինս եկար տևի։ Կարող են շարունակել ձրի ուտել, շատ ուտել պետության հաշվին, միայն թե հեռու մնան պետական կառավարման լծակներից։
Իշխանական դատարկ աթոռներով Հայաստանն առավել դիմակայուն է մարտահրավերներին, քան աթոռներով, որոնց վրա նստած են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը և մյուսները»։