Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության տարածած հայտարարության եւ նույն վարչության ատենապետի՝ Հ1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի առիթով վերջերս հանդես էինք եկել հրապարակմամբ, որտեղ քննադատել եւ հերքել էինք իշխանական խոսափողի դեր ստանձնածների հիմնազուրկ թեզերը, հերյուրանքները եւ զրպարտությունները՝ ցույց տալով այդ մտածողության տեր անձանց քաղաքական մտքի սնանկությունը։ Բարեբախտաբար, ասելիքը գտավ հասցեատիրոջը. այսօր Արեւմտյան Ամերիկայի ՍԴՀԿ «Մասիս» պաշտոնաթերթի կայքում «ազգային փրկիչները» պատասխանել են մեր հրապարակմանը։
«Պատասխան» բառն, անշուշտ, օգտագործում ենք վերապահումով, քանի որ պատասխանի արդյունքը, Հորացիոսի ձեւակերպմամբ, նման է նրան, ըստ որի՝ «Լեռները երկնում են, բայց ծնվում է ծիծաղելի մուկ»։
Այդ «լեռից ծնված մկանը» կարելի էր անտեսել, եթե այն զարմանալիորեն չկապկեր ՀՀ ներկա վարչապետի ոչ միայն թեզերը, այլեւ բառապաշարը։ Նման կապկմանը տրվող ցանկացած պատասխան ինքնաբերաբար դառնալու է արդեն ասվածի կրկնություն։ Հետեւաբար՝ մեզ չենք կրկնի, միայն հստակեցնենք, որ մեր խոսքն ասվել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության եւ ատենապետի, ո՛չ կուսակցության առնչությամբ։ Ընդսմին, մեր տեղեկությամբ, բազմաթիվ ազնիվ շարքային կուսակցականներ այնպես են վրդովված ՍԴՀԿ Կենտրոնական վարչության՝ ՀՀ իշխանություններին հաճոյանալու եւ կուսակցական արժեքներին դավաճանելու պահվածքից, որ տարակուսում են, թե արդյո՞ք Վարչության այսօրվա կազմը արժանի է մասնակցելու 1914-ին կախաղան բարձրացված 20 հնչակյանների հիշատակի ոգեկոչման արարողություններին, որ տեղի են ունենալու այսօր Բեյրութում։
Ամենքն են տարակուսած ՍԴՀԿ ղեկավարության ինքնաբացահայտումից, երբ պարզվում է՝ ինքնակոչ եկեղեցասեր-էջմիածնասերները տարիներ շարունակ կեղծ ժպիտները դեմքներին հարաբերություններ են պահպանել եկեղեցու հետ՝ նեղ շահերից ելնելով։ Միեւնույն ժամանակ իրենց հոգում կեղծ ժպիտների, շողոքորթ ձեռքսեղմումների եւ ողջագուրումների ներքո կուտակել են թույն ու մաղձ՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականության նկատմամբ ընդհանրապես եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նկատմամբ՝ մասնավորապես։ Եվ այս ամենը դուրս ժայթքելու համար անհրաժեշտ էր պարզապես ասեղի ծայրով դիպչել այդ թույնի եւ մաղձի խառնարանին, որպեսզի այն դուրս ժայթքեր՝ պատռելով գառան մորթով գայլերի դիմակները։
Սուր ճոճելու առիթով էլ նշենք, որ, այո՛, սուրբ Ղեւոնդյաց նման «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» պատրաստ ենք սուր մերկացնել, բայց, ինչպես դուք եք բնորոշել, առայժմ փայտե, եւ եթե փայտե սրից այդքան մահացու խոցվում եք, ապա պատկերացրեք, եթե քահանայի ձեռքին լինի պողպատե սուր, ձեզանից ինչ կմնա։ Ուրեմն՝ շնորհակալ եղեք, որ ձեր՝ թույնով ու մաղձով լի սրտերը խոցոտվում են փայտե սրով. դա բուժիչ է, սթափեցնող։ Այլապես, Աստված մի՛ արասցե, ականջով չլսողներին թիկունքով լսեցնելու սուրբգրային պատգամի ժամանակը գա, ուղղակի իմաստով գալիք ազգային կառավարությունը ձեր զինանշանի ձեռնաշղթաներն կօգտագործի ձեր եւ բոլոր նրանց դեմ, ովքեր դավաճանում են ազգային շահերին։
Դժվար է պատկերացնել, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ բարձրաստիճան հոգեւորականության նկատմամբ այդքան թունոտ, զրպարտչական խոսքերից հետո, առանց մեղայականի եւ ապաշխարության՝ ինչպես եք շարունակելու համագործակցությունը որեւէ եկեղեցականի հետ։
Հ.Գ. Ի դեպ, ես լանջախաչ կրելու իրավունքի արժանացել եմ եւ կրում եմ մեկ տասնամյակից ավել, իսկ ծաղկյալ փիլոն կստանամ, երբ ընդունված կարգի համաձայն ժամանակը գա։ Ի տարբերություն ձեզ՝ իմ գործունեության ընթացքում երբեք իմ սկզբունքներին եւ ազգային շահին չեմ դավաճանել, առավել եւս որեւէ իշխանության հաճոյանալն անպատվաբեր եմ համարել։
Տեր Արարատ քահանա Պողոսյան