կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 19:13
Քաղաքական

Ո՞ւր են Գեղարքունիքի «փրկիչները»

Ո՞ւր են Գեղարքունիքի «փրկիչները»

Սևան- Երևան ավտոմայրուղու Գագարին գյուղի հատվածն այսօր երկու կողմից փակ էր։ Այս անգամ ճանապարհը փակել էին ձկնորսները։ Պահանջը մեկն էր՝ վերանայել արտոնագրային ձկնորսության նոր կարգը։

Բնականաբար՝ բողոքի ակցիան փաստում է, որ մարզի և երկրի իշխանությունները կրկին փորձում են «արդարություն հաստատել» արհեստականորեն, առանց սոցիալական խնդիրներին հիմնարար լուծումներ տալու։  Տաքուկ կաբինետներում պարգևավճար ստացող նորելուկ պաշտոնյաները, փոխանակ լուրջ ծրագրեր մշակեին ափամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ և, դրանով իսկ, մարդկանց ապրուստի այլընտրանքային աղբյուրներ առաջարկեին, անցած երկու տարիներին զբաղվեցին մեծամասամբ իրենց և մերձավորների կյանքն ու բիզնեսը բարելավելով, զուգահեռ հանդես գալով ամբոխավար հայտարարություններով՝ փորձելով հիմնականում անճարակ, դեմագոգ, ստախոս ու պետական միջոցները վատնող չինովնիկներից կերտել «փրկիչների» կերպարներ:

Արդյունքում՝ չքավորությունը, գումարած՝ համավարակով պայմանավորված ՌԴ մեկնելու անհնարինությունը, Գեղարքունիքի մարզում ստեղծել են սոցիալական մի վիճակ, որը նման է վառոդի տակառի: Գրչի մի հարվածով փորձելով «օրենքի դաշտ բերել» ձկնորսությունը՝ պետական ու մարզային պաշտոնյաները պարզապես քթները խոթել են այդ նույն վառոդի տակառի մեջ՝ առանց գիտակցելու հետևանքների մասին: 

Եվ եղավ այն, ինչ եղավ. կրկին միջպետական ճանապարհ փակել, կրկին ապօրինի ձկնորսության պահանջ, կրկին իշխանությունների ընկրկում և ապօրինի որսի առջև աչք փակելու թատրոնի հերթական արարի սկիզբ:

Տեղի ունեցածն ապացուցեց, որ վարդագույն ակնոց կրող իշխանությունների գործողությունների և իրականության միջև առկա է խորը խզում, և, ի դեմս օրվա բողոքի ակցիայի, բախվեցին երկրում առկա ծանրագույն վիճակն ու իշխանությունների կողմից հանրությանը մատուցվող միրաժը:  

Հետաքրքրիր է՝ ու՞ր էին այսօր Գեղարքունիքի մարզից ընտրված այն նորաթուխ պատգամավորները, որոնցից յուրաքանչյուրը 2018 թ. դեկտեմբերին ստացել էր տասնյակ հազարավոր քվեներ, ովքեր առիթը բաց չէին թողնում հայտարարելու, որ լինելու են ժողովրդի կողքը, հավաստիացնելու, որ ժողովրդի, հպարտ քաղաքացու ծոցում են: Կյանքը և այսօրն ապացուցեցին, որ այդ ամենն իրականում պարզագույն դեմագոգիա էր, իսկ պատգամավորները դժվարին պահին անգամ ձևականորեն չայցելեցին իրենց խոսքերին հավատ ընծայած ժողովրդին:

Վ. Սարգսյան