կարևոր
5290 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 18:22
Քաղաքական

Երկրում առկա բոլոր խնդիրների հիմքում երկրի իշխանությունն է․ Մուրադ Փափազյան

Այս իշխանությունները չեն պաշտպանել Հայաստանի շահերը։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Մենք զորավիգ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, իր քայլին, որովհետև սա սրբազան պայքար է, այս պայքարն անկախ է։ Այս պայքարը պետք է փրկի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը։ Այս շարժումը գնում է դեպի իշխանափոխության, որովհետև իշխանությունները չեն պաշտպանել Հայաստանի շահերը։ Այս շարժումը ազգային, մաքուր շարժում է»,- ասել է Փափազյանը։

Նա տեղեկացրեց, որ հանդիպել է շարժման առաջնորդի հետ ու կիսվել է իր տպավորություններով։

«Սրբազանին չէի ճանաչում, երեկ եմ ծանոթացել նրա հետ, բայց մինչ դա հետևում էի իր ճառերին, դիրքորոշումներին։ Սրբազանը կոչ է անում ազգային համերաշխությամբ, միասնականությամբ վերագտնենք ինքներս մեզ, Սփյուռք-Հայաստան միասնականությամբ՝ չմոռանալով Արցախն ու արցախցիներին։ Սա ճիշտ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հակառակն է։ Իսկ ինքը զատում է սևը սպիտակից, դրսի ու ներսի ժողովրդին, արցախցուն ու հայաստանցուն։ Մենք պետք է ազգային համերաշխությամբ, միասնականությամբ անենք ամեն ինչ, որ շարժումը հաջողի»,- ասել է Մուրադ Փափազյանը։
Մուրադ Փափազյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ռազմական հնարավոր բախման դեպքում Ֆրանսիան կօգնի Հայաստանին։

«Ֆրանսիան ռազմական համագործակցություն ունի Հայաստանի հետ ու պատրաստ է հեռու գնալ այս համագործակցությամբ, եթե Հայաստանն ինքն է պատրաստ ընդունել ավելի լայն համագործակցություն։ Բայց հստակ է՝ Կովկասը արևմտյան զոնա չէ, Ֆրանսիայի զոնան չէ։ Մտածել, որ Ֆրանսիան կկարողանա զորք ուղարկել Հայաստան, սխալ է», ընդգծել է Փափազյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ երկրում առկա բոլոր խնդիրների հիմքում երկրի իշխանությունն է։

«Հստակ է, երբ Հայաստանը որոշում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Ֆրանսիան չէր կարող հակառակ դիսկուրս ունենալ՝ դիվանագիտական առումով։ Մակրոնը չէր հասկանում, որ մենք այնքան ուժեղ ենք պաշտպանում Արցախի անկախությունը, իսկ Հայաստանի իշխանություններն էլ հակառակ քաղաքականություն են վարում։ Մակրոնը երկու անգամ հայտարարել է, որ պրոբլեմը Փաշինյանն է։ Եթե Փաշինյանի պահանջները չի համապատասխանում Սփյուռքի պահանջներին, Ֆրանսիան ստիպված է հարգել Հայաստանի պահանջները։ Խնդիրը երկրի իշխանություններն են»,- ասել է Մուրադ Փափազյանը։

Նա հավելել է՝ Ֆրանսիան եվրոպական միակ պետությունն է, որ իսկապես Հայաստանի շահերն ուզում է պաշտպանել, բայց չի կարողանում ավելի հեռու գնալ՝ Հայաստանի կառավարության պատճառով։