Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մեկնաբանությունն երեկվա դատական նիստից հետո։ Նա նշել է․
Երևանի Դատարանը Հայաստանի Անվտանգության Ծառայություններին (ԱԱԾ) երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու այն պատճառները, որոնց հիման վրա արգելվել է իմ մուտքը Հայրենիք:
Օգոստոսի 21-ի նիստին մեծ հույզերով էի սպասում։ Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստան մուտքի իմ արգելքը ահավոր տխրությունով ապրեցի։ Գիտեմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով չի կարող տանել, որ սփյուռքահայ անձնավորությունը կարող է վիճարկել իր վարած քաղաքականությունն այսօր։ Ես մի քանի անգամ արտահայտվել եմ՝ ընդգծելով մեր տարաձայնությունները՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու և Թուրքիային բացվելու վերաբերյալ։ Ես խիստ դատապարտեցի Նիկոլ Փաշինյանի կողմից իր բարձր հանձնակատարի միջոցով սփյուռքը թուլացնելու նպատակով իրականացվող խառնակիչ աշխատանքը: Այն սփյուռքը, որը ղեկավարել և ղեկավարում է պայքարը հանուն ցեղասպանության միջազգային ճանաչման, հանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անկախության։ Ո՞ւմ է ձեռնտու այս քաղաքականությունը:
Ես նաև եղել և մնում եմ մեր ազգային պայքարի նվիրված հանձնառու գործիչ:
Փաշինյանն եկավ իշխանության՝ ծածանելով ազատության և ժողովրդավարության դրոշները, բայց փաստորեն ոտնահարեց նրանց արժեքները և դրսևորեց ավտորիտարիզմ՝ պարտադրելով այս որոշումը։
Նիստում դատավորը հաստատեց, որ Անվտանգության Ծառայությունները (ԱԱԾ) չեն ներկայացրել իրենց եզրակացությունները, որ իմ հեռացման պատճառը չի փոխանցվել դատարան: Վերջինս Անվտանգության Ծառայություններին երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու և պատճառաբանելու համար իմ արգելքը:
Մենք մեկ տարի է բացատրություն ենք պահանջում, բայց նրանք ընկան անհասկանալի հակասությունների մեջ։ Իհարկե պատճառ չկա: Ոչ մի պատճառ: Ոչինչ, բացի քաղաքական տարաձայնություններից, ինչ որ անընդունելի է ժողովրդավարական երկրում:
Իմ փափաքն էր անձամբ ներկայանալ դատարան՝ պաշտպանվելու համար։ Փաստաբաններս միջնորդություն ներկայացրին այս իմաստով, սակայն դատավորը մերժեց՝ համարելով, որ իմ անվտանգությունը երաշխավորված չէ։
Իմ ապահովությո՞ւնը: Այո, ճիշտ է, իմ անվտանգությունը Թուրքիայում և Ադրբեջանում երաշխավորված չէ։ Բայց Հայաստանում ո՞վ է խաթարելու Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարդու անվտանգությունը։ Մարդ, որը պաշտպանում է Հայաստանը, բայց քննադատում է ռեժիմը. Ուրեմն ես Հայաստանում այնքան վտանգի մե՞ջ եմ, որ դատավորը համարի, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել իմ անվտանգությունը... Ուստի դատավորը որոշեց, որ ես կարող եմ մասնակցել դատական նիստին տեսազրույցի միջոցով։
Երկու շաբաթից մենք կունենանք դատավարության թվականը։ Հանուն Հայաստանի արժանապատվության ես ուզում եմ շահել այս դատավարությունը և վերականգնել վերադառնալու իմ իրավունքը։ Բայց եթե ականատես լինենք արդարադատության պարոդիայի, ապա չեմ վարանի իշխանություններին տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կհանդիպենք երկու շաբաթից:
Հիշեցնենք, որ դատարանը համաձայնել է տեսակապով ապահովել Մուրադ Փափազյանի ներկայությունը հաջորդ դատական նիստերին։
Մուրադ Փափազյանի շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը նշել է, որ այս արգելքը իրենք կապում են անձի գաղափարախոսության և գործունեության հետ, իրականում անձը ՀՀ անվտանգության շահերին սպառնացող գործողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, որն ուղղված է եղել ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ հանրային իշխանություն կրող որոշ պաշոնյաների դեմ և այստեղ Հայաստանի շահը նույնացվել է պետական քաղաքական գործիչների մասնավոր շահերին։ Ինչպես նաև ընդգծել է, որ հայրենասիրական գաղափարախոսությունն է հիմք ծառայել, որպեսզի Մուրադ Փափազյանի մուտքն արգելվի Հայաստան։