Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ ճիշտ չէ մտածել, որ սփյուռքի բոլոր պատասխանատուները համաձայն են ՀՀ կառավարության գործունեության հետ:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ի տարածած հրապարակմանը, որով լրատվամիջոցը մեջբերում էր «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի հոդվածը և «Նոր հառաջի» առցանց համարում հրատարակված «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բաց նամակը և վերնագրում, որ սփյուռքահայ գործիչները հորդորում են Նիկոլ Փաշինյանին շարունակել բարեփոխումները:
«Սփյուռքը բազմազան է, և այդ տարբերություններն են կազմում մեր հարստությունը: Պետք է հարգել տեսակետների տարբերությունը: Ժողովրդավարության հիմքն են բանավեճն ու կարծիքների բազմազանությունը»,- ասաց նա՝ կրկին շեշտելով, որ ըստ այդմ՝ ճիշտ չէ, որ սփյուռքի բոլոր գործիչները համաձայն են Փաշինյանի քաղաքականության հետ:
Նա հավելեց, որ Ֆրանսիայում իրենց հաջողվեց ոչ այդքան հեշտությամբ միասնականություն ստեղծել: «Ամեն ինչ պետք է անենք և անում ենք, որ համայնքը չտկարանա»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք նաև պատրաստ են իրենց մասնակցությունը բերել Հայաստանում շիկացած մթնոլորտի մեղմացմանը: «Վարչապետի և իշխանության հետ ժողովուրդը մեծ հույսեր կապեց, և հիմա նրանք ունեն մեծ պատասխանատվություն իրականացնելու այդ սպասումները և երկիրը առաջնորդելու դեպի ուժեղ ապագա»,- ասաց նա:
Նրա մատնանշեց՝ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, ուստի այստեղ պարտավոր են ներքին միասնականություն ունենալ:
«Դա վարչապետի ներքին պատասխանատվությունն է- ասաց նա, ապա հավելեց,- գիտենք, որ վարչապետը հաճախ է հիշատակում Նելսոն Մանդելային: Հիշեցնենք, որ Մանդելան պատասխանատվություն ունեցավ համախմբելու բոլոր ուժերին՝ համախոհ, թե՝ ընդդիմադիր: Նա երբեք «վհուկների որսով» չզբաղվեց: Անգամ իրեն 28 տարի բանտարկածներին համախմբեց, որովհետև լավ գիտեր, որ միայն ներքին միասնականությունը կարող է հասունացնել, զորացնել իր երկիրը և ապահովել իր ժողովրդի արժանավայել ապագան»:
Ֆրանսահայ գործիչը նշեց, որ իրենք տեսնում են, որ Հայաստանում իրավիճակը հանգիստ չէ, ժողովուրդը բաժանված է: Այս համատեքստում մատնանշեց օրերս խորհրդարանում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի հետ կապված միջադեպը: «Դա օրինակ է, որ այս լարված մթնոլորտը Հայաստանն ու հայ ժողովրդին ճիշտ տեղ չի տանում»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: