Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցությունն իր որոշումը կկայացնի ԱԺ նիստում հարցի քննարկումից հետո. լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ: Նա նշեց, որ ընտրությունները չտապալելու մասին ավելի վաղ արված հայտարարությունը վերաբերում էր քվորում ապահովելուն, նիստը չբոյկոտելուն:
«ՀՀ-ն կունենա վարչապետ, եւ մենք չենք խոչընդոտելու: Մենք վարչապետ անպայման կունենանք: Եթե ենթադրենք` այսօր չի լինում, 7-օրյա ժամկետում կլինի, երկիրը չի կարելի պարալիզացված պահել»,- ասաց Բաղդասարյանը:
Նա հաստատեց, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստ է եղել, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Բաղդասարյանը վստահեցրեց, որ Սարգսյանի չի միջամտում որոշումների կայացմանը, իսկ նրա հրաժարականը որակեց խոհեմ եւ իմաստուն:
Հարցին` հնարավո՞ր է հետագայում ՀՀԿ-ն առաջադրի վարչապետի իր թեկնածուին, նա պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, եւ նշեց, որ ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից, իսկ իրավիճակը երկրում փոխվում է 5-10 րոպեն մեկ: Ըստ Բաղդասարյանի` արտահերթ ընտրությունները երկիրը հետ կգցեն: Եթե արտահերթի կարիք լիներ 2017 թվականից հետո, ըստ նրա, գոնե մեկ բողոքի ակցիա կլիներ:
«Բոլորը երջանիկ էին այն ժամանակ, այսինքն` խնդիրը արտահերթ ընտրությունների մեջ չէ»,- նշեց Բաղդասարյանը: