կարևոր
8419 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-10 23:28
Քաղաքական

Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե Սարգսյան

Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«4 տարվա մղձավանջների մեջ գտնվելով՝ լիովին հասկանում և ըմբռնումով մոտենում բոլոր նրանց, ովքեր երեկ Սրբազանից ակնկալում էին մի քանի ժամում իշխանափոխություն իրականացնել:

Այդպես ըմբռնումով եմ մոտեցել, երբ հարգարժան շատ մարդիկ նույնը պահանջել են Իշխան Սաղաթելյանից (Ishkhan Saghatelyan), մարդ, ով անցած 4 տարիներին փորձել է քով-քովի բերել պառակտված ընդդիմադիր դաշտը, երկու նախագահներին, համադրել բոլոր ցանկալի ու անցանկալի դեմքերի ու ուժերի, մարդ-կուսակցությունների, իրենց փրկիչ երևակայողների, իրենց նախարարացու ու վարչապետացու կարծող ինքնահավանների ներուժը՝ լավ իմանալով, որ ամեն մի կաթիլը կարող է նպաստել հեղեղի առաջացմանը:

Գիտեմ՝ ինչ աննորմալ աշխատանք է դա, գործ, որն ունի հազար տեր ու շահառու՝ հաղթանակի դեպքում, ինքնասպանության հավասար վտանգ՝ չհաջողելու դեպքում:

Գիտեմ ինչպիսի ծանր բեռի ու պատասխանատվության տակ է մտել Բագրատ Սրբազանը, և Բարձրաշնորհ Սրբազան Հոր լուսավոր հայտնությամբ ու նրա շուրջ անմնացորդ կոնսոլիդացիայով պետք է փաստել հետևյալը.

- անցած 4 տարվա պայքարը եղել է ոչ թե հանուն անձերի, այլ գաղափարի ու մասնատվող հայրենիքի փրկության: Ըստ այդմ՝ անցած 4 տարիներին ով ամենաչնչին հնարավորություն է ունեցել առաջնորդելու պայքարը՝ որևէ խնդիր չի եղել, որպեսզի իր շուրջ լինի համախմբումը, սկսած պատկառելի ճանապարհ անցած Վազգեն Մանուկյանից, մինչև հանրային դրական ընկալում ունեցող երիտասարդ գործիչներ: Ցավոք, շատերը հրաժարվել են մտնել այդ բեռի տակ:

- Բագրատ Սրբազանը մինչ այս պահը հսկայական աշխատանք է տարել, նա նոր զարթոնքի սկիզբ է դրել, ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի հանրային աջակցություն, իսկ հայ ժողովրդի մեջ չեն կարողացել սպանել պատիվն ու հայրենիքը,

- լինելով հմուտ քարոզիչ՝ Բարձրաշնորհ Սրբազան Հայրը անցած օրերին ուղղակիորեն ջարդել է իշխանության գլխավոր հենարանի հիմքերը՝ այն բոլոր կեղծ թեզերն ու արգումենտները («իշխանակռիվ», «եթե չտանք՝ պատերազմ կլինի» և այլն), որոնցով Փաշինյանի խունտան մշտապես կարողացել է մոլորեցնել, սպառնալ ու շարունակել մնալ աթոռին:

Այժմ բոլորիս խնդիրը պետք է լինի ոչ թե վհատվել ու քննադատել, այլ գերլարված ջանքերով, նախորդիվ թույլ տված բացթողումները վերլուծելով՝ ամեն մեկս օրական մի քար պիտի դնենք Սրբազանի կողմից բարձրավող հույսի ու հավատի պատին:

Շատ դժվարին օրեր են սպասվում մեզ, բայց այլ ուղի չկա, եթե չենք ուզում, որ հայոց քաղաքակրթության ընթացքը ավարտվի մեր իսկ աչքի առջև»: