կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-09 11:40
Հասարակություն

Մայիսի 9-ը ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ. Սերժ Սարգսյան

Մայիսի 9-ը ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ. Սերժ Սարգսյան

Ս. Սարգսյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ:

 

Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:

 

Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց: Ճակատագիրը մեզ համար սահմանել էր ևս մի պատմական հնարավորություն, ևս մի մայիսյան հաղթանակ:

 

1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության: Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը: Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:

 

Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է:

 

Փա՛ռք մեր հերոսներին: