Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
(Ի՞նչ են ցույց տալիս սոցիոլոգիական հետազոտության տվյալները)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Անգամ Բագրատ Սրբազանի դեպի Երևան երթի ֆոնին հանրության աչքից չվրիպեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը չի գնալու Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը։ Իհարկե, իշխանությունները դա ներկայացնում են որպես «Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու Փաշինյանի ցանկության դրսևորում», սակայն այս իրավիճակում կա մի կարևոր նրբերանգ։ Ինչպես ավելի վաղ գրել էին հայկական թերթերը, երդմնակալությանը մասնակցությունը տեղի է ունենում Կրեմլի հրավերի համաձայն։ Եթե Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցել է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը, ապա դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ ՀՀ վարչապետին պարզապես չեն հրավիրել։
Սակայն այս իրավիճակը ևս մեկ անգամ ստիպում է մեզ հարց տալ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը։ Որոշակի չափով այս հարցի պատասխանը մեզ կարող է տալ Gallup-ի կողմից վերջերս անցկացված հարցումը։
Քաղաքացիների պատասխանները Ռուսաստանի հետ մեր ընդհանուր անցյալի և մայիսի 9-ի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ հարցերին ցույց են տալիս մեր հասարակության մեջ հայ-ռուսական հարաբերությունների ընկալման շատ հետաքրքիր շերտեր։
Անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնությանը պետական մակարդակով հասցնել այն թեզը, որ նույնիսկ տոտալ հակառուսական քարոզչության պայմաններում (երբ Ազգային ժողովի ամբիոնից քահանային անվանում են ԿԳԲ-ի գործակալն), երբ Ջորջ Օրուելի «լավագույն ավանդույթներով» իրականությունը տակնուվրա է արված, թշնամին ներկայացվում է որպես դաշնակից, անվտանգության պոտենցիալ երաշխավոր, հայ հասարակության մի շատ ստվար հատված բավականին ադեկվատ է վերլուծում իրականությունը։ Ինչի՞ մասին ենք խոսում։
Նույն Gallup-ի հարցման համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 71%-ը մայիսի 9-ը (ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրը) համարում է իրենց համար կարևոր, նշանակալից օր։ Բացի այդ, երկրի բնակչության ավելի քան 55%-ը դրական գործոն է համարում Հայաստանի և Ռուսաստանի միջև խորհրդային ընդհանուր պատմության առկայությունը։
Պատկերացրեք, թե ինչ թվեր կլինեին, եթե հայ հասարակության հետ աշխատանքի իմիտացիայի փոխարեն Ռուսաստանը «նորմալ շփում» ունենար հայ հասարակության հետ, որպեսզի կարողանար ցույց տալ հայ հանրությանը Մոսկվայի համար Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը, քանի որ Հայաստանը հսկայական գործոն է ողջ Հարավային Կովկասի կայունության ապահովման գործում։ Դա իր հերթին թույլ է տալիս Մոսկվային օգտվել այնպիսի շքեղությունից, ինչպիսին կայուն Հարավային Կովկասն է։
Վերոնշյալ հարցումը ցույց է տալիս, որ ժողովրդի մի մասը, մի զգալի մասը չի ատում ՌԴ-ին, առավել ևս չի արհամարհում ընդհանուր անցյալը, մեկ այլ բան, որ երկար ժամանակ ոչ ոք չի աշխատել անցյալի վրա հիմնված լուսավոր ապագա ստեղծելու վրա։
Հայ-ռուսական հարաբերությունների նոր օրակարգի կամ նույնիսկ, եթե կուզեք, նոր փիլիսոփայության ձևավորման ելակետ պետք է լինի այն գիտակցումը, որ երկու պետությունների շահերը ոչ թե հակասում են, այլ լրացնում են միմյանց։
Ժամանակակից հայկական պետությունը՝ զարգացած ենթակառուցվածքներով, հզոր բանակով և զարգացող տնտեսությամբ, հանդիսանում է տարածաշրջանում Ռուսաստանի միանգամայն ակնհայտ և օրինական շահերի պահպանման երաշխավորը։
Ի դեպ, Ռուսաստանի հետ ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները չպետք է շփոթել վասալային բնույթի հարաբերությունների հետ։ Ռուսներին էլ վասալ պետք չէ, քանի որ 21-րդ դարում վասալ պահելը չափազանց թանկ է։
Մտածե՛ք այդ մասին…»։