Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իլհամ Ալիևը հայ ժողովրդի նկատմամբ կկրկնի՞ Նեթանյահուի հնարքը։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
««3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումից անմիջապես հետո պաշտոնական Բաքուն հերթական հարվածը հասցրեց ոչ միայն Հայաստանի հետ բանակցային գործընթացին, այլև Նիկոլ Փաշինյանին։
Գերմանական «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ Բաքուն ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ։ «Եթե Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։
Ամիրբեկովի հայտարարությունը մի քանի քաղաքական շերտ ունի․ նախ՝ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին այս կերպ ասում է, որ պաշտոնական Բաքուն նրան ընկալում է որպես «մարված օբլիգացիա», իսկ այսօր Ադրբեջանի պահանջներն ուղղված են Հայաստանի նոր, ապագա ղեկավարությանը։ Նրան, ով Բաքվի ընկալմամբ պետք է ավարտի Փաշինյանի սկսածը:
«ՔՊ» անդամները, որոնք այսօր ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի հետ «տուր ու դմփոցի» մեջ են՝ փորձելով պաշտպանել «անպատիժ կերպով սեփական քաղաքական դիրքի առավելություններից օգտվելու իրավունքը», ձեզ չեն ասի, որ Ամիրբեկովի հայտարարությունները Հայաստանի պետականության արագ փլուզման հերթական վկայությունն է։
Փաստորեն, Բաքվում կարծում են, որ իրենք իրավունք ունեն և կարող են միջամտել ոչ միայն Հայաստանում Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելուն, այլ նաև կարծում են, որ կարող են նշանակել «օպերատոր»՝ այս գործընթացի համար, որը կարող է չլինել Նիկոլ Փաշինյանը:
Եթե պատկերավոր խոսենք, ապա այս տեմպերով Հայաստանի ինքնիշխանությունը կարող է սահմանափակվել այն հարցերի մակարդակով, որոնք կարող են լուծել «ԺԵԿ»-ի պետը կամ «զավխոզը»։ Պայմանականորեն Փաշինյանը կարող է որոշել, թե որ տեսակի եղջերուն բուծի Երևանի կենդանաբանական այգում, բայց արդյոք Երևանի կենդանաբանական այգում եղջերուներ կլինեն, և արդյոք Երևանը կենդանաբանական այգի կունենա թե ոչ, ինքը չի կարող որոշել։
Ամիրբեկովի «խաղաղությունը ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ» ձևակերպումն ինքնին ապացուցում է, որ ամիսներ առաջ մեր առաջ քաշած թեզը ճիշտ էր։ Բաքվում, ի տարբերություն իշխանությունների, Փաշինյանի ու իր թիմի գիտեն, որ հայերը պայքարել են Արցախի համար ոչ թե այն պատճառով, որ դա ամրագրված է եղել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, այլ այստեղ գործել է հակառակ տրամաբանությունը՝ հայերը կռվել են Արցախի համար, ուստի դա ամրագրվել է հայկական պետության հիմնարար փաստաթղթերում: Ըստ այդմ, Բաքուն ձգտում է «իջեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և պետականության նշաձողն» այնքան ուժեղ և անդառնալիորեն, որպեսզի ապագայում պետական ինստիտուտների բնականոն գործունեության հնարավորություն չմնա։ Էլ չեմ խոսում ՀՀ-ն ամբողջությամբ կլանելու ցանկության մասին։
Քաղաքականության մեջ միշտ էլ կարևոր դեր է խաղացել, խաղում և խաղալու է մարդկային գործոնը։ Հաճախ դա կարող են որոշել նաև միջպետական հարաբերությունները։ Այսպես, «ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու» և, համապատասխանաբար, երկրի բնակչության, քաղաքացիների հետ իր այս ձևակերպմամբ Ալիևն արձագանքում է Փաշինյանի 2019-2020 թվականների հայտարարություններին, երբ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտնել էր իր պատրաստակամության մասին՝ «երկխոսության մեջ մտնել ադրբեջանական հասարակության հետ, եթե Ալիևի հետ երկխոսությունը ձախողվի»: Այսօր Ալիևը փորձում է անել այն, ինչի մասին տարիներ առաջ խոսում էր ինքը՝ Փաշինյանը, բայց այդպես էլ չկարողացավ անել (ինչպես և շատ այլ բաներ….)։
Զարմանալի չի լինի, եթե Իլհամ Ալիևը շուտով կրկնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնարքը, ով վերջերս դիմել էր Իրանի ժողովրդին՝ ասելով, որ «իրանցիներն ավելի լավին են արժանի»։
Մտածե՛ք այդ մասին…»։