Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանը` Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի փակման կապակցությամբ Հայաստանում է անվանի հայագետ Ժան Պիեռ Մահեն: Այսօր տեղի ունեցավ Մահեի «Հայաստանի պատմությունը` ակունքներից մինչև մեր օրերը» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերի շնորհանդեսը:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, որ Նարեկացու ստեղծագործության ֆրանսերեն թարգմանությունը կնպաստի Նարեկացու ժառագության քարոզչությանը Ֆրանսիայում: «Մահեն փորձել է Նարեկացու ստեղծագործությունը դիտարկել պատմամշակութային մեծ առանցքում, իսկ Նարեկացու աստվածաբանական հայացքները մեկնաբանել քրիստոնեության տիրույթում»,-ասաց Թամրազյանը` հավելելով, որ Մահեն նաեւ թարգմանել է Նարեկացու «Տաղեր»-ը, եւ այն շուտով լույս կտեսնի թե՛ ՀՀ-ում, թե՛ Ֆրանսիայում:
Ինչ վերաբերում է Մահեի «Հայաստանի պատմությունը` ակունքներից մինչև մեր օրերը» աշխատությանը, ապա այն, ըստ Թամրազյանի, զուտ հայոց պատմությունը չի ներկայացնում, այլ նաեւ հեղինակը վերապրել է մեր պատմությունը` որպես կենդանի իրադարձությունների հղացք. «Սա օտարի հայացք չէ մեր պատմությանը, այլ` մեր պատմությունը կրողի: Ի դեպ, հայոց պատմությունը թարգմանելիս` Մահեին օգնել է նրա կատարած` Նարեկացու թարգմանությունը»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ նշեց, որ Մահեի «Հայաստանի պատմությունը` ակունքներից մինչև մեր օրերը» գիրքը բաղկացած է 15 գլխից:
«Այս ստվարածավալ գիրքը գիտնականի կողմից տարիների ընթացքում բազմաթիվ հայագիտական եւ բազմաթիվ սկզբնաղբյուրների ուսումնասիրության լավագույն դեպքն է: Գրքում շատ հարուստ է նյութը, ինչի մասին են վկայում արված հղումները` հայ մատենագիրներից, պատմաբաններից, աղյուսակները»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ ուրախալի է այն փաստը, որ Մահեն գիրքն ավարտում է` նշելով, թե, չնայած դժվարություններին, հայերին սպասվում է լավ ապագա, որին հավատում է յուրաքանչյուր հայ:
Ակադեմիկոս Սեն Արեւշատյանն էլ, իր հերթին, նշեց, որ Մահեն այնքան շատ գործ է արել, այնքան որակով գրքեր տպել, որ նրան նույնիսկ դասական կարելի է կոչել. «Ժամանակակից գրական ֆրանսերենով ներկայացնել Նարեկացու «Մատյան ողբերգությանը»` սխրանք է: Վստահ եմ, որ այն մնայուն արժեք է լինելու թե՛ եվրոպական գրականության եւ թե՛, առհասարակ, գիտության մեջ»:
Ի դեպ, տարիների ընթացքում Մահեի արված աշխատանքի համար նրան շնորհվեց «Մեսրոպ Մաշտոց» հուլամեդալ: