կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-25 18:47
Աշխարհ

Հունաստանում ճանապարհներին մնացած մեքենաների վարորդները կստանան 2 հազարական եվրո

Հունաստանում ճանապարհներին մնացած մեքենաների վարորդները կստանան 2 հազարական եվրո

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պահանջել է «Ատտիկի օդոս» ավտոմայրուղու կոնցեսիոներ ընկերությունից 2 հազարական եվրո փոխհատուցում վճարել այդ ճանապարհին ձյան մեջ մնացած մեքենաների վարորդներին։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է Աթենքի Նորությունների մակեդոնական գործակալությունը (АМНА), ընկերությունը համաձայնել է կատարել պահանջը։

Առավոտյան վարչապետի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ձյան պատճառով առաջացած խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են շրջակա միջավայրի պաշտպանության եւ էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը, կլիմայական ճգնաժամի եւ քաղպաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը, մի քանի այլ պաշտոնյաներ եւ ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Ատտիկի օդոսի» կոնցեսիոները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Երեքշաբթի ավելի վաղ Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն տեղեկացրել էր, որ փրկարարներն Աթենքում տարհանել են 3 500 վարորդ եւ ուղեւոր այն մեքենաներից, որոնք մնացել էին ձյան տակ Աթենքի գլխավոր վճարովի «Ատտիկի օդոս» ավտոմայրուղում, որն անցնում է մայրաքաղաքի հյուսիսով եւ տանում դեպի Աթենքի միջազգային օդանավակայան։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը, բանակը, հրշեջ ծառայությունը, քաղաքացիական պաշտպանությունը գործել են ամբողջ գիշեր եւ կարողացել տարհանել մոտ 1 800 մեքենա։ Եվս 1 200 մեքենա դեռեւս այդ ճանապարհին է։ Փրկարարները բաժանել են ծածկոցներ, ջուր եւ ուտելիք։ Գործել են քաղաքամերձ էլեկտրագնացքները, որոնք մարդկանց վերցնում էին ավտոմայրուղուց՝ օդանավակայան հասցնելու համար։