կարևոր
4594 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-26 13:54
Քաղաքական

Վախենում են դրսում, վախեցած գալիս են ու ներսում հարձակվում․ «Հրապարակ»

Վախենում են դրսում, վախեցած գալիս են ու ներսում հարձակվում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

«Մարտի 24-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Թադեւոս Ավետիսյանը եւ Քրիստինե Վարդանյանը հանդիպումներ են ունեցել Մարտունի քաղաքի բնակիչների հետ, մարտի 23-ին «Հայաստան» դաշինքը եղել է Հրազդան քաղաքում: Գրեթե ամեն շաբաթ ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը տարբեր կազմերով այցելում է մարզեր, հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ: Զրուցել ենք պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ:

- Ձեր խմբակցությունը հանգստյան օրերին այցելել էր Հրազդան, Մարտունի: Լուսանկարներում տեսանք, որ դահլիճները լեփ-լեցուն էին, մինչդեռ առաջ շատ ավելի քիչ մարդիկ էին ձեզ հետ հանդիպումներին գալիս։ Ի՞նչ է փոխվել, ընդդիմության վարկանի՞շն է աճել, թե՞ իշխանությունից հիասթափությունն ու դժգոհությունն են մեծացել:

- Ամեն հաջորդ օր այս իշխանությունները ողջ ծավալով, հանրային կյանքի բոլոր ուղղություններով բերում են անորոշություններ, խնդիրներ, որոնք օր-օրի մեր հանրության համար առավել տեսանելի են դառնում: Բնական է, որ նման իրավիճակում մարդկանց մոտ անհանգստությունը մեծանում է, եթե նախորդ շրջաններում մարդիկ կարծում էին, որ սրանք կկարողանան իրենց խոստումները կատարել, հավատում էին, հատկապես անվտանգային միջավայրի մասով, ապա այսօր տեսնում են, որ ամեն ինչ սուտ էր: Մարդիկ օր-օրի հասկանում են իրականությունը, եւ հանրության մեջ ձնագնդի էֆեկտով տարածվում են մտահոգություններն ու իրական սպառնալիքը: Այո, դահլիճը լեփ-լեցուն էր, նույնիսկ կանգնելու տեղ չկար, հիմնական հարցերը վերաբերում էին անվտանգային խնդիրներին, խորացող սպառնալիքներին: Ներկա էին նաեւ բռնի տեղահանված մեր հայրենակիցները, սոցիալական խնդիրներին վերաբերող տարբեր հարցերի մասին էին խոսում: Մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն այսօր, անվտանգային խնդիրներից բացի: Այո, առաջնայինն անվտանգությունն է, բայց կան այլ բազում խնդիրներ եւս: Անգամ կրթական խնդիրների մասին խոսվեց: Մեր ազգային կերպի վրա հարձակում է գործվում, ինչը չի ընդունվում հասարակության լայն շերտերի կողմից: Այսօրվա իշխանությունները ոչ միայն անվտանգության հարցերն են տապալել, այլեւ անցել են մեր պատմությանն ու ինքնությանը, մեր ազգային արժեքներին: Վախենում են դրսում, վախեցած գալիս են ու ներսում հարձակվում են ամեն ինչի վրա:

- Իսկ նպատակը ո՞րն է այդ հանդիպումների, տպավորություն է, թե ինչ-որ բանի եք նախապատրաստվում:

- Մենք մեր պայքարը շարունակում ենք, ու, ըստ էության, այն սպառնալիքները, որոնք կային առաջ, այսօր էլ կան ու դեռ ավելի են խորացել: Հանդիպումները հիմնականում քաղաքացիների առաջարկով, պահանջով են լինում, մենք, բնականաբար, ներկայացնում ենք մարդկանց այն իրականությունը, որի մեջ ապրում ենք: Զրույցների ընթացքում մի բան հստակ է դարձել, որ մեր հայրենակիցները խորքային չեն պատկերացնում այն խնդիրները, որոնք այսօր կան, առկա են: Այս պարագայում շատ կարեւոր է զրուցել մարդկանց հետ, պատասխանել նրանց հարցերին, իրականությունը ներկայացնել օբյեկտիվ եւ այլն: Իսկ թե ինչի ենք պատրաստվում, ասեմ, որ օրվա իշխանությունները չեն գործում ՀՀ-ի ու մեր ժողովրդի շահերից, նրանց շահը միայն իրենց աթոռը պահելու շահն է, որպեսզի մեկ օր ավելի իշխանական վայելքներից օգտվեն: Այս իշխանությունը պարզապես սպառնալիք է մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար: Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունն ունի մեկ առաջնային անելիք` իշխանության հեռացում, ազգային պետության ձեւավորում: Դա է առաջնային խնդիրը:

- Ինչպե՞ս, ի՞նչ եք անելու:

- Պարզ ասեմ` մեր նախորդ հիմնական պայքարը, որ վերջնականապես չստացավ հանգուցալուծում, նպատակին չծառայեց, ու այս իշխանությունը շարունակում է մնալ երկրի ղեկին, պատճառն այն է, որ չկար բավարար հանրային աջակցություն, պատկերավոր ասած` ընդվզումը բավարար ներուժ չունեցավ՝ հասցնել իշխանափոխության:

- Իսկ այսօր կա՞:

- Պետք է կարողանանք հասնել դրան: Մեր ուժը մեր ժողովուրդն է: Մարդիկ օր-օրի շատանում են մեր կողքին: Պետք է մարդկանց բացատրել, վստահություն ներշնչել, ասել, որ անդառնալի ոչինչ չկա: Կան ելքեր, հստակ հնարավորություններ՝ իրավիճակը հաղթահարելու համար: Վստահ եմ, որ մարդկանց աջակցությունը չի ուշանալու»: