Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1915 թվական… Դժվար թե գտնվի մեկ հայ, հայ՝ գիտակցությամբ, այլ ոչ միայն ազգային պատկանելությամբ, որ հեշտությամբ կարողանա արտասանել այս չարաբաստիկ թվականը:
1915 թվական… Եղեռն… Ցեղասպանություն… Ծերեր, երեխաներ, հղի կանայք… Մեկ ու կես միլիոն անմեղ մարդիկ...
Ասկյարները Օսմանյան Կայսրությունից մինչև Թուրքիա էվոլուցիայի ճանապարհին որդեգրել էին ու են ժխտելու քաղաքականությունը՝ եղած փաստերն ու ապացույցները վերացնելով:
Սակայն, այս մերժողական քաղաքականությունը կոտրելու համար գտնվեցին փաստեր, որոնց մասին քչերը գիտեն:
Հալեպի տեղահանության տնօրինության քարտուղար Նայիմ էֆենդին 1918 թ. նոյեմբերի 6-ին, 10-ին ու 14-ին Հալեպի Բայրոն Հոթելում հանդիպել է ստամբուլահայ գրող, լրագրող Արամ Անտոնյանին (1875-1952, բարեբախտաբար փրկվել է) ու նրան վաճառել օսմանական 52 փաստաթղթերի ձեռագիր պատճեններ, որոնք հիմնականում երիտթուրք ղեկավարների ու Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի նամակներն են՝ մի քանիսում հայերին ոչնչացնելու հրամաններով:
Անտոնյանը այս փաստաթղթերի հիման վրա հրատարկում է գիրք՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով (Aram Andonian, Documents officiels concernant les massacres Armenians, Paris, 1920):
Հեռագրերում գտնում ենք Թալեաթի 1915 թ. սեպտեմբերի 22-ի հրամանը.
«Թուրքական հողում հայերի բոլոր իրավունքները, օրինակ՝ կյանքի և աշխատանքի իրավունքները, վերացված են: Ոչ ոք, օրորոցի բարուրից սկսած, չպետք է ողջ մնա: Կառավարությունը պատասխանատվություն է ստանձնում այս իրավիճակի համար»:
(Naim Efendi, Hatirat, էջ 15 (բնօրինակում)):
1915 թ. Հալեպի նահանգապետին ուղարկված մեկ այլ հեռագիր.
«Արդեն հաղորդվել է, որ կառավարությունը Ջեմիերթի Երիտթուրքերի կոմիտե հրամանով որոշել է լիովին բնաջնել Թուրքիայում բնակվող հայերին: Այս հրամանին ու որոշմանն ընդդիմացողները չեն կարող մնալ պետական համակարգում: Կանայք, երեխաները, հաշմանդամները պետք է ոչնչացվեն անխտիր՝ առանց խճմտանքի, անկախ նրանից՝ ինչքան ողբերգական են սպանության ջըերը»: (Ա. Անտոնյան, «Մեծ ոճիր», էջ 208, 210):
Հեռագրերից պարզ է դառնում, որ Օսմանյան ղեկավարությունը երկար ժամանակ է ինչ մտադիր էր ոչնչացնել հայերին:
Այդ ժամանակ Ներքին գործերի հովանու ներքո ստեղծվել էր Հատուկ կազմակերպություն (համակարգում էր հայերին ոչնչացնելու աշխատանքները), որի ղեկավարն էր Բեհաեդդին Շաքիրը:
Գրիգոր Գերգերյանի ընտանիքը ևս տեղահանության զոհերից էր: Նա փրկվում է, հասնում Բեյրութ, դառնում հոգևորական: Սկսում է հետազոտություններ կատարել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, որի ընթացքում 1952 թ. Կահիրեում հանդիպում է Նեմրութ Մուստաֆա փաշային, ով 1919-1922 թթ. Երիտթուրք պաշտոնյանների գործերը քննող ռազմական առաջին ատյանի դատավորներից էր, Ստաբուլից փախել էր Կահիրե: Մուստաֆա փաշան տեղեկություններ է հայտնում Գերհերյանին, ըստ որի Ստամբուլի Հայոց Պատրիարքարանը դատավարության կողմերից մեկն էր ու ունի բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք ապահովության համար ուղարկվել է Մարսել, ապա Մանչեսթր, հետո Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան: Գերգերյանը մեկնում է Երկուսաղեմ՝ փաստաթղթերը ուսումնասիրելու նպատակով, ապա մեկնում Փարիզ, Պողոս-Նուբար փաշայի գրադարան (որի տնօրենն այդ ժամանակ Արամ Անտոնյանն էր), որտեղ նկարահանում է բոլոր փաստաթղթերը: Այս մասին նա հայտնել է իր զարմիկին՝ Էդմոն Գերգերյանին:
Գերգերյանը գտնում է դատական արձանագրություններ, հեռագրեր, որոնք թուրքական կառավարությունը մինչ օրս գաղտնի է պահում: Հեռագրերից մեկը վերաբերում է թուրքական երրորդ բանակին:
Երրորդ բանակի վերահսկողության տակ էին գտնվում պատմական Հայաստանի տարածքները, որի հրամանատար Մահմուդ Քամիլ փաշան 1915թ. հուլիսի 24-ին հրամայում է.
«Ինչպես պարզվում է, որոշ քաղաքներում ու գյուղերում, որտեղից հայերին տեղահանում են, մուսուլմանները թաքցնում են նրանց: Այս մուսուլմաններին, որոնք, դեմ գնալով կառավարության որոշմանը, թաքցրել կամ պաշտպանել են հայերին, անհրաժեշտ է սեփական շեմին մահապատժի ենթարկել և նրանց տները հրդեհել: Ինչպես հարկն է, տեղյակ պահեք գործում ներգրավված կողմերին և հետևեք, որ բոլոր հայերը տեղահանվեն: Իսլամ ընդունած հայերին ևս պետք է գաղթի ենթարկել: Եթե հայերին պաշտպանողները Զինված ուժերի կազմում են, առաջին հերթին տեղեկացրեք համապատասխան գերատեսչություններին: Մեղադրանքն ապացուցվելուց հետո նրանք պետք է անմիջապես հեռացվեն Զինված ուժերից: Վարչական պաշտոն զբաղեցնողները ևս պետք է մեկ առ մեկ հեռացվեն ու հանձնվեն ռազմական դատարաններին դատվելու համար»:
Ինչպես տեսնում ենք, եղել են մուսուլմաններ, ովքեր օգնել են հայերին, ապաստան տվել, փրկել սպանվելուց:
Ահա այս ու մնացած փաստաթղթերի առկայությամբ է թուրքական կառավարությունը ժխտում իր թանգարանում մեկ հայ թողնելու դարավոր իղձը:
Ավելի մանրամասն կարող եք տեսնել Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքում (հայերեն թարգմանությունը՝ Անդր. Իսրայելյան, Երևան, 2019 թ.), որտեղ ներկայացված են Թալեաթ փաշայի բոլոր հեռագրերը:
Լուսանկարում՝ Մահմուդ Քամիլ փաշայի հրամանի բնօրինակը
Իշխան Թովմասյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող