կարևոր
3208 դիտում, 5 ամիս առաջ - 2024-02-22 13:13
Հասարակություն

Երեք Ռեմզիե

Երեք Ռեմզիե

Հեղինակ Հուլուսի Ուսթյունը մի ընտանիքի պատմությունն է ներկայացնում: 1915 թ սկսված, մինչև Էրզրում (Կարին-Ակունքի խմբ․) հասած մի պատմություն: Հայ որբ աղջկա՝ Ռեմզիեի ապշեցուցիչ, սրտաճմլիկ պատմությունն է դա։ Շատ բան ասելու կարիք չկա, թողնում ենք ձեզ Հուլուսի Ուսթյունի տողերի հետ մենակ։

Ինչպե՞ս է մարդ հայ լինում, Սևա՛ն։ Ի՞նչ է նշանակում պատկանել մի ժողովրդի, որը մեկ դար պարտվել է, ու հավանաբար մի քանի սերունդ հետո հետքն իսկ հայտնի չի լինի…

-Համառությունն է,-ասաց նա:

Այն, ինչ նա ասաց հետո, ոչ միայն այս հարցի պատասխանն էր, այլ նաև օրատորիա՝ նվիրված պարտվածներին, կործանվածներին և մարդկության պատմության ընթացքում գոյատևելու հուսահատ ճիգեր թափած համայնքներին: Այնքան, որ վախենում եմ, թե սիրտս կրկին չկարողանա լսել այն։

***

«Ինչո՞ւ ես չերքեզ»․ սա է ամենաճիշտ պատասխանն է, որ պետք է տրվի հարցնողին։ Ինչու՞ առաջ չէի մտածում այս մասին: Սա ավելի հակիրճ, ավելի ցայտուն և ճշգրիտ հիմնավորում է, քան պատմական տեղեկությունների շարան փոխանցելը։

«Համառությունից…»

Էնպես է, որ ես չերքեզ չեմ, որ ցավը հատուցեմ։ Չերքեզ չեմ, որ քուրքս գցեմ մեջքիս, գլխարկս դնեմ գլխիս ու նորից ձի հեծնեմ։ Այլևս հնարավոր չէ ստեղծել անկախ քաղաքական կառույց, հզոր գրականություն, ամուր տնտեսություն կամ հարյուր հիսուն տարի առաջ ցրված մարդկանց հավաքել հայրենիքում։ Այսպիսով, սա միակ ռացիոնալ պատասխանն է այն հարցին, թե ինչու եք չերքեզ:

«Համառությունից…»

Սա հայ լինելու պատճառ չէ։ Սա չափազանց հիմնավոր, չափազանց մարդասիրական, բարձր բարոյական արդարացում է, որի վրա կարող է գոյատևել պարտվածների դատը շարունակողը, գուցե նույնիսկ՝ ողջ մարդկությունը:

Ճիշտ է… Հինգդարյա թուրքոկրատիայի ժամանակաշրջանը երեք-հինգ պարբերություններով լուսաբանված է հունական պատմության հատորներում։ Սակայն Հունական թերակղզու քարքարոտ գագաթներին արդեն հինգ դար է, ինչ հնչում է ազանը։ Բուլղարիայի պատմության, Ռումինիայի և Սերբիայի պատմության մեջ օսմանյան դարաշրջանը նկարագրվում է որպես հիվանդության համաճարակ, որը վերացվել է: Սակայն, կան թուրքերեն թյուրքյուներ, որ երգվում են առ Դանուբ, թուրքյուներ՝ Յըլդըզ լեռան և Վարդար գետի մասին։

Իսպանիայի պատմության մեջ մավրերը ութ դար շարունակ տիրել են այդ հողերին.. Սիցիլիային, Մալթային արաբներն են տիրել… Ղրիմը՝ մեղր ու շարբաթ պտուղների այգին… Սոչիի Կրասնայա Պոլյաննա լեռնադահուկային մարգագետնի տակ տասնհինգ հազար չերքեզ խաղաղ բնակիչների արյուն կա։

Մարդու էթնիկական, կրոնական, լեզվական պատկանելությունը նման է այն կեղտոտ շապիկներին, որ ծերունին հանում ու դեն է նետում։ Մեկը հանվում է, մեկը՝ դեն նետվում։

Համառությունը այդ կեղտոտ վերնաշապիկը մի ծայրում թաքցնելուն է նման։

***

Մեկ էլ ցավն ենք թաքցնում: Թաքցնում և չենք փոխանցում ուրիշի։ Վերջերս շատ եմ կարդում այն մասին, որ մենք մեր գեների միջոցով մեզանից հետո փոխանցում ենք մեր թաքցրած ցավերը, ինչպես մեր արյունը, դեմքը, ձեռքերը և հիվանդությունները: Իրականում բոլորս մեր անհատականությունը ձևավորում ենք մեզանից առաջ ապրածների վշտով, վախերով և մտահոգություններով: Իհարկե, միևնույն ժամանակ՝ նրանց ուրախություններով, հույսերով ու խանդավառությամբ…

Ընտանիքս պետք է որ հարյուր տարի առաջ տեղի ունեցած նման ցավը փոխանցած լինի չորրորդ սերնդին, որովհետև որդիս այս ամառ այգում նախաճաշի ժամանակ պատմեց իր երազի մասին:

Մի փոքրիկ աղջնակ լաց էր լինում աղոտ լուսավորված հին տան ներսում։ «Ինձ լքեցի՞ր»։

― Ո՛չ, ես քեզ չեմ լքել, ― ասում եմ նրան։

― Դու ինձ թողեցիր այստեղ, ― ասում է փոքրիկ աղջիկը։

***

― Նրան ես չեմ լքել, ― ասում էր պապս։ Նա միշտ խոսում էր այդ մասին, երբ հարբում էր։ ― Ես նրան չեմ լքել։ Երկու ձի էր, չորս հոգի… ― Նրան ես չեմ լքել։

Նա իսկապես չէր լքել: Ակնհայտորեն ստիպված էին, և հասկանալի պատճառներ ունեին։ Բայց առավոտ եկավ, ոսնիրը հանգեց, սենյակը ցրտեց, փոքրիկ աղջիկն ու նրա ոտքերի մոտ քնած շան ձագն արթնացան։ Փոքրիկ աղջիկը ձայն տվեց, բայց ոչ ոք չպատասխանեց։ Փոքրիկ աղջիկը տոտիկ-տոտիկ շրջեց դատարկ տան շուրջը։ Փոքրիկ աղջիկը ոչ ոքի չգտավ։

***

Համաձայն պետական ​​արխիվի քաղաքացիական ծառայության արձանագրության, հիջրայի 1275 թ. Ասիթանում ծնված մեծ պապս՝ Հալիս էֆենդին, եղել է Օսմանյան հեռագրական դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը: Ռուսեում, Վառնայում և Սալոնիկում որպես հեռագրատան պաշտոնյա աշխատելուց հետո, առողջական խնդիրների պատճառով վերադարձել է Ստամբուլ։ Առաջին կնոջ մահից հետո երկրորդ անգամ ամուսնացել է Ջևրիե խանումի հետ։ Այս ամուսնությունից երկու որդի է ծնվել։ Երկրորդ որդին պապս էր։

Առաջին ամուսնությունից ծնված դստերը՝ Ռեմզիեին, ամուսնացրել է ստամբուլցի մի զինվորականի հետ, ապա նշանակվել Էրզրումում՝ որպես այնտեղի կապի կենտրոնական բաժանմունքի պաշտոնյա։ Պապս տասնհինգ տարեկան էր, երբ 1915 թ․ աշխատում էր Էրզրումի կենտրոնական փոստային բաժանմունքի տնօրինությունում։ Պապիս խոսքով՝ մի քանի օրում իրականացված տեղահանության ժամանակ մի օր հայրը տուն է բերել չորս-հինգ տարեկան մի աղջկա։ Աղջիկը մի հայ ազնվական ընտանիքի դուստրն էր, որին Հալիս էֆենդին ճանաչել և բարեկամություն էր արել։ Պապս պատմում էր, որ աքսորված ընտանիքի երեխան, ով կալանավորվել էր, լացելով կառչել էր Հալիս էֆենդիի ոտքերից և սա չդիմանալով՝ նրան տուն էր բերել։

«Թող Ստամբուլում թողածս աղջկա տեղը զբաղեցնի։ Նրա անունը Ռեմզիե դնենք։ Եթե օրը գա՝ ընտանիքը նրան փնտրի, թող մեզ մոտ գտնի»,- ասել է նա։ Ջևրիե խանումն ակնհայտորեն չէր ցանկանում այդ փոքրիկ երեխային, ով հիշեցնում էր ամուսնու առաջին ամուսնությունից ծնված աղջկան։ «Կա՛մ նա պիտի գնա, կա՛մ՝ ես»,- պնդում էր նա։ Երբ պապս ու եղբայրս խնդրում են, որ երեխան մնա՝ նա ճարահատ համաձայնում է։ Պապս, ով այդ ժամանակ տասնհինգ տարեկան էր, շատ էր սիրում փոքրիկ Ռեմզիեին։

Ձմեռ, պատերազմ․․․

Մինչ էրզրումցիները փախչում են մոտեցող ռուսական բանակից և դատարկում քաղաքը, կապի պաշտոնյա Հալիս էֆենդիին հայտնում են, որ նա պետք է իր պարտականությունները կատարի մինչև քաղաքը լքելու հրամանը։ Նրանց անվտանգությունն ապահովելու համար նշանակվում է երկու զինվոր և հատկացվում է երկու ձի։ Մինչ քաղաքում գիշերները լսվում է ռուսական թնդանոթների ձայնը, պապս, երկու երիտասարդ զինվորներ և փոքրիկ Ռեմզիեն, ոտքերը սենյակի մեջտեղի թոնրի մեջ կախած, զրուցում էին։

1916 թ․ փետրվարյան մի գիշեր Հալիս էֆենդին հեռագիր է ստանում, որով հրամայվում էր հեռանալ իր պարտականությունների կատարման վայրից։ Ջևրիե խանումն արթնացնում է իր որդիներին և պահանջում նստել նախապես բեռնված և պատրաստ ձիերին: Երբ պապս ուզում է գիրկն առնել փոքրիկ Ռեմզիեին, ով քնած էր թոնրի կողքին փռված մի քանի ոչխարի մորթիներից բաղկացած իր անկողնում, մայրը բռնում է նրա թեւը։

-Երկու ձի է, չորս հոգի ենք: Չենք կարող տանել, – ասում է նա։

Պապս պնդում է, Հալիս էֆենդին խնդրում է, սակայն Ջևրիյե խանումը մերժում է։

-Երբ ռուսը գա, ընտանիքը վերադառնալու է այստեղ, եթե մնա այստեղ, կգտնեն: Ուր որ գնում եմ՝ չեմ կարող նրան տանել,- ասում է։

Թողնում են Ռեմզիեին, ով քնած էր՝ ոտքերի մոտ մի շան ձագ, և փակում են դուռը։

                                                                           ***

Ձյան, ձմռան ու ձնաբքի տակ մի քանի օր քայլելուց հետո, երբ մոտենում են Երզնկային, զինվորները ձիերը վերցնելով՝ նրանց թողնում են մի գյուղում։ Հալիս էֆենդին հեռագիր է ուղարկում Ստամբուլ՝ տեղեկացնելով, որ ինքը հասել է Երզնկա, որ ուղեկցող զինվորները վերցրել են ձիերն ու իրերը և փախել, և խնդրում է, որ իր աշխատավարձը ուղարկեն Երզնկայի նահանգապետարան։ Պատերազմի ավարտին որպես շրջանային տնօրեն ժամանակավոր քաղաքացիական ծառայության ուղարկվելով Սուլուսարայ՝ այնտեղ էլ վախճանվում է։ Ջևրիյե խանումը չի լքում այն ​​գյուղը, որտեղ ամուսնու գերեզմանն էր և այնտեղ սպասում իր վախճանին։ Անցնում են տարիներ։ Պատերազմն ավարտվում է, հանրապետություն է հայտարարվում։ Պապս առաջինը փնտրում է իր ավագ քրոջը՝ Ռեմզիեին։ Ասում են՝ երբ սուլթանությունը վերացվում է, ամուսինը նրան վերցնում ու գաղթում է Դամասկոս։ Էն գնալն է որ գնում է․ պապս էլ քրոջ հետք չի գտնում։ Տարիներ անց ճամփա ընկնելով Էրզրում, նա փոքրիկ Ռեմզիեին է փնտրում, սակայն Սուլթանիե թաղամասում գտնվող նրանց տունն անգամ հնարավոր չի լինում ճանաչել։

Ամուսնանում է, առաջնեկը՝ աղջիկ։ Անունը Ռեմզիե  դնում։ Ռեմզիեն մեծանում է և սեղան է պատրաստում հոր համար։ Հայրը երեկոները մի գավաթ ռաքի է խմում, և թեև չի հարբում, բայց անհանգիստ է լինում։

«Թոնիրը հանգեց, սենյակը ցրտեց, փոքրիկ աղջիկն արթնացավ ու փնտրեց մեզ: Ա՜խ մայրս, ինչ կլիներ, որ ձիու ետևում տեղ գտնեինք նրա համար։ Ապուրի մեջ մի թաս ջուր էլ նրա համար կավելացնեինք։ Ախ, մայրս, ինչ կլիներ, թե Ռեմզիեին չլքեինք»-ասում էր հայրը։

                                                                          ***

Թոնիրը հանգեց, սենյակը ցրտեց, և փոքրիկ աղջիկն արթնացավ։ Շրջեց տնով և փնտրեց՝ Հալիս էֆենդիին, ով նրան պատմել էր Ստամբուլի մասին, ում ոտքերը գրկած լացել էր, և Ջևրիյե խանումին, ով չէր ժպտում նրան, քանի որ անհանգստանում էր, որ նա կմեծանա ու կխառնվի իմ ընտանիքին։ Հետո ի՞նչ եղավ։ Ինչ-որ մեկը եկա՞վ ու տարավ փոքրիկ աղջկան։ Արդյո՞ք նա խնամեց, մեծացրեց ու հարս տվեց նրան։ Արդյո՞ք ապրեց որպես չադրայով էզրումցի կին, և հայի անունը որպես վիրավորանք օգտագործող որդիներ ծնե՞ց։ Թե՞ ցրտից սառեց ու կեր դարձավ գել ու գազանի համար։ Ռուս զինվորները՞ տարան, հարազատնե՞րը գտան։ Միգուցե նա պատերազմի հաղթողների կողմից որպես հայության հայրենիք հռչակված Երեվանի հավաքակայանում է տանիք գտել։ Ապրեց այնքան, մինչև մազերը սպիտակեցին, թոռներին երգեց «Հայաստան բոստան, սիրուն Երևան» երգը։ Գուցե մոռացել է Էրզրումը, պապիս, մոռացել է այդ տանն իրեն տրված Ռեմզիե անունը։

***

Բայց մենք չմոռացանք։ Այդ ձմեռային գիշերվանից հարյուր ութ տարի անց մենք հիշեցինք Ռեմզիեին՝ ամառային մի օր այգում դրված նախաճաշի սեղանի շուրջ։ Այս ցավը, որ հիշեցնում է տասնհինգ տարեկան տղայիս երազը՝ նման է թաքստոցից հին հագուստը հանել, արևին տալուն… Դա  մեր հագուստն է, Սևա’ն։ Հայի, թուրքի, չերքեզի, քրդի։ Այս երկրում եղած ու ապրած բոլորի հագուստը։ Շնորհակալություն, որ սա հասկանալի դարձրեցիր:

https://www.agos.com.tr/tr/yazi/29831/uc-remziye

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net