կարևոր
2083 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-01 13:28
Հասարակություն

Վերջերս կրկին մեր Հայրենիքի ոչ հայկական լինելու մասին աղմուկներ են լսվում ՀՀ պատասխանատու դեմքերի կողմից

Վերջերս կրկին մեր Հայրենիքի ոչ հայկական լինելու մասին աղմուկներ են լսվում ՀՀ պատասխանատու դեմքերի կողմից

Երաժիշտ Սերուժ Կրադջյանը գրում է

«Վերջերս կրկին Մեր Հայրենիքի ոչ հայկական ըլլալու մասին աղմուկներ կը լսուին ՀՀ պատասխանատու դէմքերու կողմէ։ Մանաւանդ այս դժուար օրերուն, կորուստներով լի մեր իրականութեան մէջ օրհներգի քննարկումը մեր վերջին հոգսը պէտք է ըլլայ։ Բայց իմ տեսութիւնը կրկին կը տեղադրեմ փաստերով, պարզապէս որպէս ճշմարտութիւն։

Օրհներգը կարելի է սիրել կամ չսիրել։ Բայց սխալ տեղեկութիւններ տալ օրհներգի «օտարածին» ըլլալու մասին, անընդունելի է։

«Մեր Հայրենիք»-ի ծագման մասին:

Բառերը անշուշտ գրած է յեղափոխաշունչ բանաստեղծ Միքայէլ Նալբանդյանը (Կոմս Էմմանուել ծածկանունով):

Իսկ ո՞վ գրած է մեղեդին (եղանակը):

Մեղեդին առաջին անգամ կը յայտնուի Եզնիկ քահանայ Երզնկեանի Մանկական Երգերու Երգարանին մէջ 1880-ին։ Արդեօ՞ք ինքն էր կոմպոզիտորը։ Յայտնի չէ։ Երգը որպէս դաշնամուրի կտոր («Հայկական pot-pourri» անունով) մշակուած է հայ կոմպոզիտոր եւ Կոմիտասի առաջին ուսուցիչ Քրիստափոր Կարա-Մուրզայի կողմէ, եւ տպագրուած է Մոսկուայում 1883-ին։ Իսկ 1885-ին Թիֆլիսի Արծրունու թատրոնում, Կարա Մուրզայի երգչախումբը առաջին անգամ ըլլալով կատարած է իր երգչախմբային մշակումը որպես «Իտալացի աղջկայ երգ»:

Ի՞նչ կը սորվինք այս փաստերէն:

1. Բոլորովին սխալ է այն տեսութիւնը որ Մեր Հայրենիքի մեղեդին բանագողութիւն է, Ռուս կոմպոզիտոր Գլազունովի «Ռայմոնդա» բալետի երրորդ արարի «Հունգարական շքերթ»-էն: Գլազունովը իր բալետ-ը գրած է 1896-ին, եւ փաստը մնում է փաստ, որ հայկական երգը, արդեն տասնըհինգ տարուց աւելի երգվում էր, երբ Գլազունովը նոր սկսել է գրել իր բալետը։ Եւ եթէ բանագողութեան մէջ պէտք է անպայման մէկին մեղադրել , այն նոյնինքն Գլազունովն է:

2. Հայ մեծատաղանդ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչեանը ծնած է 1885-ին, այսինքն նոյն տարին երբ Կարա Մուրզա-ն «Մեր Հայրենիք»-ի պրեմիերան կ’ընէր Թիֆլիսում: Կանաչեան ենթադրաբար մեղեդին վերամշակած է 1920-1930 տարիներին:

3. Այս մեղեդիի Իտալիոյ հետ միակ կապակցութիւնը հաւանաբար Նալբանդեանի բանաստեղծութեան վերնագիրն է «Իտալացի աղջկայ երգ»: Եւ այստեղէն կու գայ այն շփոթութիւնը, թէ երգը իտալական է:

Կը կարծեմ որ Նալբանդեանի այս բանաստեղծութիւնը շատ տարածուած ըլլալով Կովկասի հայերու մէջ, մեղեդին ծնունդ առած է հայ ժողովուրդի ընդմէջէն, որպէս այդ բանաստեղծութեան բառերու հետ յարմարուող ազգային-ժողովրդական երգ, ի վերջոյ մշակուելով եւ առաջին անգամ ներկայացուելով Կարա Մուրզայի կողմէ: Իսկ տարիներ վերջ Կանաչեանը պարզապէս վերամշակած է, եւ ի դէպ, ոչ մէկ ատեն ըսած է որ ինքն է «Մեր Հայրենիք»- ի կոմպոզիտորը:

Իսկ օրհներգների լաւ կամ վատ ըլլալը, ինչպէս նաեւ օրհներգի երաժշտական որակի մասին, կամ մեղեդիի հայկականութեան կամ ոչ-հայկականութեան մասին քննարկումը,ըստ իս քիչ մը անիմաստ է:

Բազմաթիւ օրինակներ կան երբ տուեալ երկրի օրհներգը, նոյնիսկ երբ իսկապէս օտարածին էր , այդ փաստը երբեք չէ փոխած օրհներգի կարեւորութիւնը։ Երկու օրինակ, Իսրայէլի «Հաթիքվա»ն որ պաշտելի տեղ կը գրաւէ հրեաներու համար, մեղեդին զուտ ռումանական է, իսկ կոմպոզիտոր Smetana-ն այն գործածած է իր Moldau հռչակաւոր կտորին մէջ։ ԱՄՆի Star Spangled Banner-ի մեղեդին, Անգլիական գինետան երգ եղած է։ Այս ամէնը բնաւ արգելք չեն հանդիսացած որ այս երգերը պատմութիւն կերտեն եւ խորհրդանիշները դառնան իրենց երկիրներուն

Կասկած չունիմ, որ մենք հայերս ունենք շատ գեղեցիկ երգեր, որոնք կարող են հիանալի հնչել որպէս օրհներգ: Բայց ինձ համար օրհներգն այն մասին է, թէ ինչ խորհրդանշում է այն, մեր պատմութեան մէջ (այն ի վերջոյ խորհրդանիշ է, ինչպէս դրօշը և զինանշանը եւ ոչ թէ երաժշտական ճաշակի մրցոյթ): Եւ կասկած չկայ, որ թէ 19 -րդ դարավերջի ազգային -ազատագրական պայքարի ընթացքին, թէ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերու, և 1918 -ին առաջին անկախության ստեղծման եւ գոյացման, թէ 1988 -ին անկախության շարժման և Արցախի ազատագրման ժամանակ, «Մեր Հայրենիք» այն երգն էր, որը միավորում էր բոլորին ՝ պատերազմ գնացող զինվորներին և ժողովրդին: Պատմութիւն է կերտուած «Մեր Հայրենիք»-ով: Իսկ 1920-ին, անկախությունը կորցնելուց յետոյ, Սփյուռքում ապրող հայերի յաջորդող սերունդների մեծամասնութեան համար (մինչ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր), Եռագոյն դրօշը, զինանշանը և Մեր Հայրենիքը, Սփիւռքում հայը հայ պահեց և ստիպեց հաւատալ, որ մի օր Հայաստանը կրկին ազատ եւ անկախ է լինելու:

Ահա սա է, օրհներգի մասին իմ տեսությունը»: